Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ

Օգոստոս 28,2015 09:59
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ վաթսուներեքերորդ

ԲԱՐԻ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ

Եվ ես Ռոլանդին հարցրի՝ «Շահամիրյանն ականջիդ ի՞նչ ասեց», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «հեչ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրան խոսք եմ տվել, որ ոչ մեկին չեմ ասելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «համ էլ՝ հիմի դրա ժամանակը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց` «հիմի պիտի մտածենք՝ ոնց անենք, որ Ժենյա Ղուկասովնան էդ խեղճ մարդուն չկրճատի», եւ ես մի քիչ  մտածեցի ու ասացի՝ «հաստատ ա որոշել», եւ Ռոլանդը հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ հաստատ ա որոշել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ինքն ա ինձ ասել», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ո՞նց ա, որ ինձ ոչ մի բան չի ասել», եւ ես ասացի՝ «հաստատ քեզ էլ կասեր, բայց դու տեղում չէիր»,  եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խմբագիրն իմացա՞վ, որ տեղում չեմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռոլանդը մի քիչ  մտածեց ու հարցրեց՝ «ինձ հարցրե՞ց», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա»,  եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա դո՞ւ ինչ ասեցիր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ասեցի, որ չես էկել», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց  ու հարցրեց՝ «ժամը քանի՞սը կըլներ, որ ինձ հարցրեց», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «տասնմեկի կողմերն էր», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ ինձ հարցրեց, ի՞նչ ասեցիր», եւ ես ասացի՝ «ասեցի, որ չես էկել», եւ Ռոլանդը հարցրեց՝ «բա ի՞նքը ինչ ասեց», եւ ես ասացի՝ «ոչ մի բան», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, բաց տեքստով ասել ես, որ աշխատանքից էրկու ժամ ուշացել եմ», եւ ես  զարմացած հարցրի՝ «ի՞նչ բաց տեքստ», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարայիր իրան ասեիր, որ իջել եմ բուֆետ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կամ էլ ասեիր՝ գնացել ա վարսավիրանոց», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բա որ ասեր՝ իջի բուֆետից կանչի», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց, թարս նայեց ինձ ու ասաց՝ «կարող ա՞ վարսավիրանոց էլ ուղարկեր», եւ ես մի քիչ մտածեցի ու արդարանալով ասացի՝ «որ իմանայի գալու ես, մի բան կբստրեի» եւ մի քիչ էլ մտածեցի ու հիշելով ասացի՝ «խմբագրին ասեցի, որ գնացել ես հեղինակներից գործեր վերցնես», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «հաստատ ըտենց ե՞ս ասել, թե՞ խաբում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ պիտի խաբեմ», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտես սուտ ե՞ս ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առավոտից «Սկվազնյակում» նստած՝ Հովհաննես Մելքոնյանին համոզում էի, որ մեր ժուռնալի համար պատմվածք գրի», եւ ես ժպտալով հարցրի՝ «համոզեցի՞ր», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա, խոստացավ, որ մինչեւ ամսվա վերջ էջուկեսանոց պատմվածք կտա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը որ մտքին դնի, սաղից էլ լավ մանկական կգրի», եւ ես ժպտալով ասացի՝ «խմբագիրը որ հարցնի՝ ուր էիր, կասես, որ Հովհաննեսին արդեն համոզել ես», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ինձ թարս նայելով ասաց՝ «քո գործը չի՝ խմբագրին ինչ կասեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դժվար էլ հարցնի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «հիմի խմբագրի ուշքն ու միտքը Շահամիրյանն ա», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեզնից կախված ամեն ինչ պիտի անենք, որ Շահամիրյանին գործից չհանի», եւ ես ասացի՝ «փաստորեն, արդեն հանել ա», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ժենյա Ղուկասովնային լավ չես ճանաչում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ ճանաչելու հարցում լրիվ զրո ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «գրող մարդ ես, բայց մարդաճանաչությունից լրիվ զրո ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չնայած… բանաստեղծներին ներելի ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց արձակագիրը պարտավոր ա մարդկանց ճանաչել», եւ ես ժպտալով ասացի՝ «արձակագիր ես, բայց մարդկանց լավ չես ճանաչում», եւ Ռոլանդը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «այսինքն», եւ ես ասացի՝ «խմբագիրը մեզ ա սպասում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ինքը կարող ա մտածի, որ տեղում չենք», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բանաստեղծ ես, բայց մարդկանց ահագին ճանաչում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Շահամիրյանի հարցը պիտի որեւէ ձեւով լուծենք» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «թե չէ՝ կարող ա իսկականից Աֆղանստան սարքի», ու հենց էդ պահին խմբագրի սենյակից դուրս եկավ Տաթեւիկը եւ ինձ ու Ռոլանդին զարմացած նայելով ասաց՝ «էս մի ժամ ա՝ Ժենյա Ղուկասովնան ձեզ ա սպասում», եւ Ռոլանդն ու ես անմիջապես մտանք խմբագրի սենյակ, եւ առաջ ընկնելով ասեմ, որ Շահամիրյանի հարցը շատ արագ եւ հօգուտ Շահամիրյանի լուծվեց, բայց նաեւ՝ հօգուտ «Ծիծեռնակի», եւ Ժենյա Ղուկասովնան բարի ու խղճով անձնավորություն լինելով ու ավելորդ աղմուկից էլ խուսափելով՝ Շահամիրյանին աշխատանքից չազատեց, ընդ որում՝ աշխատավարձն անփոփոխ թողնելով, բայց էդ ամենի մեջ առաջին հերթին Ռոլանդի հնարամտությունը մեծ դեր ու նշանակություն ունեցավ, եւ որպեսզի ձեզ համար էլ ամեն ինչ պարզ լինի, ավելացնեմ, որ դրանից հետո մեր «Ծիծեռնակի» տեքստերը բացարձակ անթերի էին փոխադրվում դասական ուղղագրության, որովհետեւ հետայդու էդ տեքստերը, Շահամիրյանից հետո եւ Շահամիրյանից գաղտնի, դասական ուղղագրության էր վերածում Մատենադարանում աշխատող մի տիկին, որին Ռոլանդի շնորհիվ գտանք, եւ որը Ժոզեֆի քույրն էր. էն Ժոզեֆի, որը հետագայում՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք նախագահի աշխատակազմում գործերի կառավարիչ էր աշխատում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31