Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյանը ստուգումների մասին. «Մանր-մունր թերություններ են արձանագրվել» (Տեսանյութ)

Օգոստոս 28,2015 11:35

Օգոստոսի 28-ին Մոսկվայի տանը կայացավ դպրոցների տնօրենների ավանդական օգոստոսյան խորհրդակցությունը: Հնչեց ՀՀ օրհներգից մի փոքր կտոր: Ապա հետեւեցին ելույթները: Սցենարը նունն էր, ինչպես նախորդ տարիներին՝ ոչ մի փոփոխություն:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հույս հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում կծավալվի առողջ բանավեճի մակարդակում քննարկում: Չթաքցրեց, որ ոլորտում առկա են ինչ-ինչ «բացեր», որոնց շուրջ առանձին ինչ-ինչ քննարկումներ լինում են, եւ այսօր առիթ է այդ խնդիրները համատեղ ու արդյունավետ քննարկելու:

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը շնորհավորելով մանկավարժներին, փաստեց, որ յուրաքանչյուր օգոստոս կատարած աշխատանքների հաշվետվություն է: Նա թվարկեց ձեռքբերումները, բերեց դրանք վկայող թվային փաստեր:

Տիկին Սողոմոնյանն ասաց, որ այս տարի կշնորհվի «Երեւան քաղաքի տարվա լավագույն ուսուցիչ» խրախուսական մրցանակը, մեկնարկել է համընդհանուր ներառական կրթության գործընթացը, նպատակային աջակցություն կտրվի կրթության առանձնահատուկ կարիք ունեցողներին եւ այլն:

Նա դպրոցների տնօրեններին կոչ արեց որոշ խնայումների հաշվին՝ ցուցաբերելով մենեջերի խելամտություն, ձեռք բերել էլեկտրոնային գրատախտակներ:

Անդրադարձ եղավ ազգային երգ-պար առարկայի ներմուծմանը, որոշվել է՝ արդեն 60 դպրոցներում առարկան կդասավանդվի: Նա փաստեց, որ եղել են դպրոցներ, որտեղ անգամ զինղեկներն են ազգային երգ-պար առարկան դասավանդել, եւ հարկ է, որ վերապատրաստումներ իրականացվեն: «Պատահել է, որ վերապատրաստվողների ցանկում ընդգրկվել են նույնիսկ հիսուն տարեկանից բարձր ուսուցիչներ, բայց այդ տարիքում մի քիչ դժվար կլինի»,- նկատեց հանրակրթության վարչության պետը՝ եզրակացությունները թողնելով ներկաներին:

Ի թիվս այլ հարցերի, նա խոսեց նաեւ դպրոցներում իրականացված ուսումնասիրություններից. «Ընդամենը արձանագրվել էին մանր-մունր թերություններ, որոնք տեղում կարգավորվել էին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31