Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս օլիգարխները հայ ֆերմերներին համոզում են գերդաստաններով տեղափոխվել Ռուսաստան

Օգոստոս 28,2015 14:40

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի Ազատան համայնքի ֆերմեր Գեւորգ Աբրահամյանը տեղեկացրեց. «Ինձ օրինակ հենց այս պահին համոզում են տեղափոխվել Կուրսկ՝ կարտոֆիլագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու: Այնտեղ հսկայական տարածությամբ հողեր կան, որոնք պատկանում են ռուս օլիգարխների, վերջիններս ծանոթների մեջ գցելով սկսել են բանակցել՝ առաջարկելով գալ, մշակել իրենց հողերը: Նույնիսկ ասում են՝ ձեր հետ բերեք աշխատողների, թող նրանք էլ ընտանիքներով տեղափոխվեն, կապահովենք բարձր աշխատավարձ:

Եթե ես չեմ գնում, պատճառը իմ հողին շատ կապված լինելն է, հայրենասիրությունն է: Բայց կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես են Լոռու մարզից, իսկ ավելի կոնկրետ Ալավերդու շուրջբոլորից ֆերմերները տեղափոխվել Կրասնոդար ու Ռոստով: Այնտեղ կարտոֆիլի պլանտացիաները շատ են, բնականաբար ռուսները պիտի մտածեն աշխատասեր ու հաջողակ կատարելագործ-ֆերմերներին տանելու մասին: Ինձ ծանոթ ալավերդցիները վերցրեցին իրենց սերմերը, տարան ու Ռուսաստանում ցանեցին:

Գիտեք, ընտանիքներով գնալու միակ պատճառն այն չէ, թե Հայաստանում ով քնից զարթնում հոսանքի, գազի ու այլ ապրանքների գներ է բարձրացնում: Ռուսաստանում աշխատող ֆերմերը վստահ է, որ ինքը սպառման խնդիր չունի: Այնտեղ աշխատանքը լրիվ մեխանիզացված է, ձեռքի աշխատանք գրեթե չկա, իրենց վրա բերք արտադրելն ավելի էժան է նստում. եվրոպական կոմբայնները օրական 10-20 հեկտար բերք կարող են հավաքել: Մեզ մոտ դրանք չեն աշխատում, դրանց աշխատանքը կախված է դաշտի երկարությունից: Մենք երկար դաշտեր չունենք, մեզ մոտ հողը քարքարոտ է, իսկ այնտեղ ավազային է, հեշտությամբ են ստանում բերքը, բնական խոնավություն կա: Այդ պատճառով էլ կարող են էժան վաճառել, իսկ մեզ մոտ ամեն ինչ կախված է ոռոգումից, մի օր ոռոգումը ուշացնես, հնարավոր է՝ մի ամբողջ դաշտ փչացնես: Մենք այնքան դժվար ենք բերքը ստանում, դրա համար էլ ինքնարժեքը բարձր է:

Ինչքան գիտեմ, Շիրակի մարզից ֆերմերները համարյա չեն տեղափոխվում, իսկ Լոռու մարզից հստակ գիտեմ, թե ովքեր են գնացել»:

Նշենք, որ Շիրակի մարզի մի քանի գյուղական համայնքների դպրոցներում աշակերտների թիվը զգալի պակասել է, քանի որ գերդաստանով են տեղափոխվել Ռուսաստան, այսպիսով` դպրոցի կոլեկտիվին կանգնեցնելով կրախի առաջ: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում փաստում էին օգոստոսյան խորհրդաժողովի հրավիրված տնօրենները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31