Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանը ԵՏՄ-ից դուրս չգա, Հայաստանին սպասվում է աղետ»

Օգոստոս 29,2015 15:47

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը օգոստոսի 29-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի Հայաստանի վրա ունեցած ազդեցությանը: Նա առանձնացրեց դրա յոթ հիմնական հետեւանքները:

«Պայմանավորված դրամի արժեզրկման վրա ճնշմամբ պետք է ակնկալել, որ Կենտրոնական բանկի պահուստները կնվազեն, որովհետեւ Կենտրոնական բանկը երբեմն-երբեմն պետք է փորձի կայունություն ապահովել, այսինքն՝ իրականացնել արժույթային ինտերվենցիաներ, դա կհանգեցնի Հայաստանի միջազգային պահուստների կրճատմանը: Այդ պահուստները անսահմանափակ չեն, այսինքն՝ անընդհատ հնարավոր չէ, դրամն, այնուամենայնիվ, կարժեզրկվի որոշակի չափով, ինչը կհանգեցնի գների բարձրացման, այսինքն՝ սղաճի, եւ Կենտրոնական բանկի գործը գների զսպման քաղաքականության առումով կբարդանա: Երկրորդ՝ լուրջ հիմնախնդիրներ կստեղծվեն Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման ոլորտում, որովհետեւ արտաքին պարտքը սպասարկվում է դոլարով, այսինքն՝ մենք խնդիրներ կունենանք պետական բյուջեի ծախսերի հետ կապված: Հաջորդը՝ բնականաբար, գների թանկացման, եկամուտների կրճատման պայմաններում աղքատության մակարդակը կխորանա, այսինքն՝ մենք կունենանք լուրջ սոցիալական հիմնախնդիրներ»,- ասաց նա:

Ըստ տնտեսագետի չորրորդ հետեւանքն այն է, որ լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն հայ աշխատանքային միգրանտները Ռուսաստանում, նրանցից շատերը ամենայն հավանականությամբ ստիպված կլինեն մնալ Հայաստանում, կկրճատվեն նրանց եկամուտները: Որպես հինգերորդ հետեւանք նա նշեց, որ շատ ձեռնարկություններ կարող են փակվել, ինչի արդյունքում գործազրկության մակարդակը կխորանա, ինչը ենթադրում է, որ բյուջետային եկամուտները կպակասեն:

«Վեցերորդ չի բացառվում, որ որոշակի առեւտրային բանկեր կանգնեն լուրջ հիմնախնդրի առաջ, այսինքն՝ Հայաստանը մտնի ֆինանսական ցնցումների փուլ, պայմանավորված նաեւ նրանով, որ կբարդանա դոլարային վարկերի վերադարձը, այսինքն՝ ռիսկեր վարկերի վերադարձման հետ եւ որոշ բանկեր կհայտնվեն խնդրի առջեւ: Բացի այդ կարող է ոչ էֆեկտիվ լինել Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսի քաղաքականությունը, դասական օրինակը՝ տոկոսադրույքը բարձրացվի, որպեսզի զսպի սղաճը, բայց դա կարող է եւ չաշխատել, որովհետեւ ըստ էության Հայաստանում արդեն էլ ներդրումներ չկան, ներդրումները կրճատվել են նվազագույն չափով»,- ասաց տնտեսագետը:

Աշոտ Եղիազարյանը հավելեց, որ տեղի է ունենում գլոբալ շահույթի վերաբաշխում, եւ զարգացող երկրները միջազգային հարաբերությունների համակարգում կկորցնեն իրենց նախկին դիրքերը եւ կգրավեն ավելի ցածր դիրքեր. «Իսկ քանի որ Ռուսաստանը տիպիկ այդպիսի երկիր է, բացի այդ՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, Ռուսաստանի միջազգային դիրքերը կթուլանան: Լինելով նրանից գաղութային կախվածության մեջ՝ Հայաստանի դիրքերը կթուլանան: Հայաստանին առաջարկվել էր այլընտրանք՝ լինել ավելի բարենպաստ դաշտում, այսինքն՝ այն դաշտում, որի դիրքերը գլոբալ առումով ներկայումս ուժեղանում են գլոբալ շահույթի բախշման առումով, ես ի նկատի ունեմ Ամերիկա, Եվրոպա այդ տնտեսական բեւեռը: Հայաստանը չի կատարել այդ ընտրությունը, Հայաստանը կատարել է սխալ ընտրություն, եւ բնականաբար, պատրանքներ են, որ ԵՏՄ շրջանակներում Հայաստանը կհասնի բարձրունքների: ԵՏՄ շրջանակներում, կասկած չկա, որ Հայաստանին սպասվում են ցնցումներ, եթե Հայաստանը ԵՏՄ-ից դուրս չգա Հայաստանին սպասվում է նաեւ աղետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31