Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակութային վերածնունդ»

Օգոստոս 29,2015 23:57

«Զբոսաշրջությունը մշակույթներ է միավորում»,- համոզված են «Մշակութային վերածնունդ» դիլիջանյան փառատոնի կազմակերպիչները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ անցկացվող փառատոնն այս տարի հենց այդ խորագրի ներքո էլ կազմակերպվել էր:

Հայաստանի մարզերն ու Արցախը՝ իրենց ավանդույթներով, մշակույթով (կերպարվեստ, դեկորատիվ, կիրառական արվեստներ, գորգագործություն), զբոսաշրջային գրավչությամբ (ցուցապաստառներով, տպագիր նյութերով) այսօր ներկայացված էին Հայաստանի կոմպոզիտորների միության՝ Դիլիջանի տանը:nkar (3)

«Արդեն ավանդական դարձած փառատոնն ամեն տարի փորձում է նորովի ներկայանալ: Եթե նախորդ երկու տարիներին շեշտը դրել էինք գորգարվեստի վրա և ցանկանում էինք այն ներկայացնել ու ևս մեկ անգամ արժևորել, ապա այս տարի փառատոնն ավելի լայն ընդգրկում ունի: Բոլոր դեպքերում նպատակը մեկն է՝ Դիլիջանում զարգացնել զբոսաշրջությունը»,- ասում է «Մշակութային վերածնունդ» փառատոնի կազմակերպիչ Մարիա Մինասյանը:

Գյումրին փառատոնին ներկայացել էր հիմնականում Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի սաների աշխատանքներով գորգեր, ասեղնագործություններ և այլն, իսկ տաղավարի առջևի մասում ուշադրություն էին գրավում թղթից պատրաստված երկու արձանները, որոնց հեղինակը Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանն է. «Գյումրեցի մի զույգի եմ ներկայացրել, որը խորհրդանշում է Գյումրու հյուրասիրությունն ու հյուրընկալությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց հեղինակը:

Իսկ ահա Բյուրականի տաղավարն աչքի էր ընկնում հայկական երաժշտական գործիքների առատությամբ՝ դուդուկ, զուռնա, շվի, սրինգ, քամանչա, թառ, պարկապզուկ:nk.

Երաժշտական այս գործիքների պատրաստումը նախ Կոլյա Թորոսյանին է հետաքրքրել, ապա՝ նրա որդուն՝ Վաչիկ Թորոսյանին, վերջինս էլ իր որդուն է սովորեցնում, որը թեև ցանկանում է տնտեսագետ դառնալ, բայց վստահեցնում է, որ ոչ մի դեպքում չի թողնելու պապիկի և հայրիկի գործը:Gyumri

«Բյուրականում երեք ընտանիք զբաղվում էր երաժշտական գործիքների պատրաստմամբ, բայց հիմա մենակ մեր ընտանիքն է մնացել: Երևի, պահանջարկ չկա, դրա համար էլ չեն պատրաստում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վաչիկ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ երաժշտական այս գործիքների հիմնական սպառողը զբոսաշրջիկներն են: Տեղացիներն ավելի քիչ են գնում:

Ամենաշատ վաճառվող գործիքը դուդուկն է, իսկ ամենաքիչը՝ թառը:Byurakan

Իսկ ահա «Մեգերյան կարպետ» ընկերության գորգագործներն իրենց տաղավարում գորգ էին գործում և միաժամանակ պատասխանում գորգագործությամբ հետաքրքրված մարդկանց հարցերին: Այդ ընթացքում նույն ընկերության ներկարար Կարինե Ասատրյանը ցույց էր տալիս, թե ինչպես են բնական միջոցներով ներկում թելերը. «Ներկում ենք անթառամով, նռան կեղևով, տորոնով և այլն: Օրինակ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի մանուշակագույնը մենք ռեհանից ենք ստանում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ բնական ներկման առաջին առավելությունն այն է, որ առողջության համար վնասակար չէ. «Դու գորգի վրա քայլում ես, պառկում ես, կարելի է ասել՝ գորգի հետ ապրում ես, ու կարևոր է, որ «շփվես» ոչ թե քիմիայի, այլ բույսի հետ»,- ընդգծեց Կ. Ասատրյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31