Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Անտոնյանի ստեղծագործական «ներխուժումները»

Օգոստոս 31,2015 13:00

Մշակութային բուհերի հատկապես վերջին կուրսերում նկատվում են այն երիտասարդները, որոնք հետագայում լուրջ հաջողություններ են գրանցելու: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անցյալ տարվա ավարտական քննություններից հետո ՀՀ արվեստի վատակավոր գործիչ, վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանը ներկայացնելով կոմպոզիտորների դիպլոմային աշխատանքները, «Առավոտի» հետ զրույցում հատկապես առանձնացրել էր պրոֆեսոր Արամ Սաթյանի դասարանի շրջանավարտ Ռուբեն Անտոնյանի «Penetration» (թարգմանաբար՝ ներխուժում) կամերային ստեղծագործությունը, պատկերավոր էլ հավելել էր, որ կոմպոզիտորական ասպարեզ է «ներխուժում» մի արվեստագետ, որի ձեռագիրը չես խառնի իր սերնդակից մեկ այլ ստեղծագործողի հետ: Ավարտական քննության ժամանակ հիշյալ երկը հնչեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մատուցմամբ՝ հենց Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Դիրիժորն ասել էր նաեւ, թե այդ ստեղծագործությունը կարծես ներկայացնում է տարբեր հոգեվիճակներ. մեկ հանդարտ է, մեկ՝ ըմբոստ, ներքին պոռթկումներով: 2014թ. Ռուբեն Անտոնյանը մասնակցելով կոմպոզիտորների միության Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության առաջին փառատոնին, ներկայացավ մասնագետների բնորոշմամբ՝ հետաքրքիր դաշնամուրային տրիոյով: Իսկ հետո մեր կոմպոզիտորական արվեստ «ներխուժելու» փոխարեն՝ «անհետացավ»: Օրերս էլ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ զրույցում կոմպոզիտորն առանց մանրամասնելու ասաց, որ իր սանը աշնանը կմասնակցի Իտալիայի Կալիարի քաղաքում ավանդաբար անցկացվող երիտասարդ ստեղծագործողների միջազգային փառատոնին:

«Առավոտը» հանդիպեց Ռուբեն Անտոնյանին: Նա հայտնեց, որ ներկայումս ուսանում է Համբուրգի Երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցում: Հարցին՝ ի՞նչը երիտասարդին հասցրեց Համբուրգ, մեր զրուցակիցը նշեց Երեւանի կոնսերվատորիայի բարձրակարգ ուսման մասին, հետո պատասխանեց. «Երեւանի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին հանգամանքների բերումով հաճախ էի լինում Գերմանիայում, հատկապես Համբուրգում, որտեղ էլ ծանոթացա պրոֆեսոր Մանֆրեդ Շտանկեի հետ, որը հանդիսացել է 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Դիերդ Լիգետիի աշակերտը: Պրոֆեսորին հաճախ էի ցույց տալիս գործերս… Այնտեղ կրթական համակարգը «ստիպում» է երաժշտին առնչվել, հետաքրքրվել, ծանոթանալ արվեստի մյուս բոլոր ճյուղերին նույնպես՝ պարարվեստին, կերպարվեստին, կինոյին, գրականությանը… Եթե կոմպոզիցիայի բաժնի ուսանողներս ուսումնասիրում ենք, ասենք, 19-րդ դարի մի կոմպոզիտորի արվեստը, անպայման զուգահեռ պետք է ծանոթանանք այդ կոմպոզիտորի ստեղծագործած ժամանակահատվածի մշակույթի եւ արվեստի բացառապես բոլոր ճյուղերին: Պետք է ուսումնասիրենք, թե հատկապես արվեստի որ ճյուղի հետ է առնչվել այդ կոմպոզիտորը…»: Երիտասարդ ստեղծագործողը նաեւ հայտնեց, որ Արեւմուտքում կոմպոզիցիայի բաժնում ուսանելիս ծանոթանում, ապա ուսումնասիրում են կոմպոզիտորական արվեստի ենթաճյուղերը, այդ թվում՝ էլեկտրոնային երաժշտություն, կինոկոմպոզիցիա, մեդիակոմպոզիցիա, փոփ կոմպոզիցիա եւ այլն:

Հետաքրքրությանը՝ արդեն որոշե՞լ է՝ որ ճյուղում կընթանա իր ստեղծագործական կյանքը, Ռուբեն Անտոնյանը նշեց, թե չի բացառվում, որ կարիերա կանի կինոերաժշտության ոլորտում: Կատակեցինք, թե առանց եվրոպաներում ուսանելու, օրինակ, Տիգրան Մանսուրյանը կամ Յուրի Հարությունյանը ստեղծել են հիանալի կինոերաժշտություն, երիտասարդը պատասխանեց. «Շոստակովիչը կամ Խաչատրյանն էլ են գրել բարձրարվեստ կինոերաժշտություն: Այսօր կինոռեժիսորները կոմպոզիտորներից պահանջում են ներկայացնել «հավաքած» երաժշտություն, այսինքն՝ ոչ թե նոտայագրված, այլ համակարգչով՝ հավաքած: Եթե կինոռեժիսորին գոհացնում է «համակարգչայինը», լավ, եթե ոչ՝ որոշվում է նոտայագրել, ապա ձայնագրել»:

Աշնանը Իտալական Կալիարի քաղաքում անցկացվող ավանդական փառատոնին իր մասնակցության մասին էլ Ռուբեն Անտոնյանը հակիրճ ասաց, որ ներկայացրել էր «Motion» կամերային ստեղծագործությունը, ժյուրին էլ՝ նախագահությամբ հայտնի կոմպոզիտոր Ֆրանկո Օպպոյի, շուրջ 200 հայտերից ընտրել էր 4-ը, որի թվում՝ նաեւ իր երկը: Վերջինս կկատարվի աշնանը՝ Music in Touch փառատոնի շրջանակներում, իտալական Spatiomusica անսամբլի կատարմամբ եւ կթողարկվի CD: «Սեպտեմբերի սկզբներին էլ Երեւանում իմ Դաշնամուրային տրիոյով կմասնակցեմ Կոմպոզիտորների միության կողմից երկրորդ անգամ անցկացվող հայ երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնին»,- հայտնեց արվեստագետը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31