Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքների առաջնահերթ խնդիրները լուծել առանց միջնորդի

Օգոստոս 31,2015 11:48
syuniq

Վերջին օրերին մարզի լրահոսի առանցքային քննարկվող թեման Սիսիանի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված նամակն է, և դրա շուրջ հյուսվող պատմությունները։ Հետևելով նամակագրի խորհրդին, ցանկանում եմ անդրադառնալ նամակում բարձրացված հարցին և ոչ թե դրա շուրջ սկիզբ առած և չհիմնավորված լրահոսին։

Կառավարությունը ժամանակ առ ժամանակ մարզերին փող է հատկացնում՝ համայնքների առաջնահերթ խնդիրների լուծման համար։ Նամակում ավագանու անդամը դժգոհություն է հայտնում, որ Սիսիանին ավելի քիչ հատկացում է եղել, քան Գորիսին։

Կարելի է շարունակել միտքը և ասել, որ Մեղրուն անգամ հատկացում չի եղել, իսկ Կապանին հատկացված գումարը համարյա հավասար է Գորիսի չափաբաժնին։ Կարծում եմ, խնդիրն այն է, որ գումարը հատկացվում է մարզպետարանին, ոչ թե տարածաշրջաններին։

Բացատրեմ։ Եթե կառավարությունը, օրինակ, Սյունիքի մարզին հատկացնում է 100 միլիոն դրամ, պետք է հստակ լինի, որ տարածաշրջանին ինչքան գումար է հասնելու։ Բա՞րդ է մշակել մի բանաձև, որը հաշվի առնելով մարզի, տարածաշրջանների բնակչության թիվը, համայնքների թիվը, մարզկենտրոնի կարգավիճակը, հատկացված գումարը բաժանվի ըստ համամասնության։ Կարծում եմ՝ ոչ։ Իսկ ինչո՞ւ չի արվում։ Ինչո՞ւ է կառավարությունը աշխատում միջնորդավորված։ Չէ՞ որ նաև այդ գումարների նպատակային օգտագործումը պարզելու համար Վերահսկիչ պալատի կատարած ստուգումների արդյունքները, մեղմ ասած, մխիթարական չեն։

Կարծում եմ, պատճառը կատարող-վերահսկող արդյունավետ համակարգի բացակայությունն է։ Գումարը կառավարությունը հատկացնում է մարզպետարանին, որը որոշում է, թե որ համայնքում որն է առաջնահերթ խնդիրը ու ինչ չափով շինարարություն կամ այլ ծրագիր պետք է իրականացվի, և իրենք էլ հսկում են։

Անհիմն է պնդումը, թե համայնքները իրենք են որոշում։ Նրանք առավելագույնը առաջարկում են տարբեր ծրագրեր։ Որոշողը մարզպետարանն է։ Մինչդեռ, եթե գումարը առանց միջնորդի հասնի համայնք, համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավագանին հատկացված գումարի չափով ծրագիր հաստատի, ընտրի շինարարին, իսկ կառավարությունն էլ ծրագրի նպատակահարմարությունը, արդյունավետությունը և միջոցների ծախսման ընթացիկ վերահսկողությունը թողնի լիազոր մարմնի վրա, թեկուզ՝ մարզպետարանի, այլ պատկեր կլիներ։ Ասում եմ ընթացիկ, քանի որ, ինչպես ասացի, դրա համապարփակ հսկողությունը իրականացնում է վերահսկիչ պալատը։ Մարզպետարաններն էլ առիթից չեն օգտվի։

Մի հանգամանքի մասին ևս։ Որպեսզի գյուղական համայնքները չանտեսվեն, տարածաշրջանին հատկացված գումարի 70 տոկոսը հատկացվում է քաղաքային համայնքին, 30 տոկոս գյուղերին՝ ըստ այբբենական կարգի։ Համայնքը կարող է նաև հրաժարվել տվյալ հատկացումից և սպասել հաջորդ շրջանին՝ կրկնակի հատկացում ստանալու համար։

Սա ընդամենը առաջարկներից մեկն է։ Լայն քննարկման դեպքում կարծում եմ ավելի արդյունավետ առաջարկներ կլինեն։ Դրանով նաև ևս մի կոռուպցիոն սողանցք կփակվի։ Վարչապետն էլ կարծես այդ խորհուրդն է ղեկավարում, և եթե ցանկություն կա, կքննարկեն, և, վստահ եմ, ընդունելի որոշում կընդունեն, եթե ոչ, ապա սա ևս մեկ ապացույց է, որ այդ խորհուրդը ձևական է, որի նպատակը ամենևին էլ կոռուպցիայի դեմ պայքարը չէ, այլ հերթական գրանտը ծախսելը և միջազգային կառույցների մոտ պատրանք ստեղծելը, թե իբր պայքար կա։ Հուսամ, սահմանադրական փոփոխություններից հետո մարզպետարանները կլուծարվեն, և միջնորդների հարցը կփակվի։

Հ.Գ. Այս քննարկումից դուրս է մնում, թե ինչու համայնքները այդքան տկար կարողություններ ունեն և ստիպված ապավինում են կառավարության աջակցությանը՝ իրենց առաջնահերթ խնդիրները լուծելու համար։ Դրան կանդրադառնամ հաջորդ անգամ։

Սասուն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31