«Սա այն փաստաթուղթը չէ, որ դնեն ու անցկացնեն». ՀՀԿ-ական պատգամավոր

«Սա այն փաստաթուղթը չէ, որ դնեն ու անցկացնեն». ՀՀԿ-ական պատգամավոր

Հանրաքվեով ՀՀ տարածքային ամբողջականության հարցի լուծումը Սահմանադրությամբ ամրագրելը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը դրական քայլ է համարում:

Հիշեցնենք, որ հանրաքվեով տարածքային ամբողջականության հարցի լուծումը ներառված է Սահմանադրության նոր նախագծում, ամրագրված է նախագծի 204 հոդվածով:
Պարոն Ալեքսանյանը չի հասկանում այս հոդվածը քննադատողներին ու չի տեսնում Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող ոչ մի վտանգ:

«Խոսքը Արցախի մասին է, որ եթե Հայաստանի հետ միացման հարց առաջանա, ոչ թե ԱԺ-ն, կառավարությունը պետք է լուծի, այլ՝ ժողովուրդը:

Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ի՞նչ վտանգի մասին կարող է խոսք գնալ»,- Aravot.am-ին ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ընդդիմախոսներին, թե Հայաստանում երբեւէ ազատ, արդար ընտրություններ չեն եղել, հետեւաբար հանրաքվեն վստահություն չի կարող ներշնչել, ասաց. «Ընտրությունները ընտրական օրենսգրքով են կարգավորվում, Սահմանադրության, հանրաքվեի հետ կապ չունեն: Իսկ եթե խոսքը հանրաքվեով ընտրությունների մասին է, ապա մինչեւ հանրաքվեն բոլոր քաղաքական ուժերը՝ թե ընդդիմադիր, թե իշխանական, կբացատրեն հանրությանը հանրաքվեի ե՛ւ իմաստը ե՛ւ անհրաժեշտությունը:

Հանրաքվեն այն փաստաթուղթը չէ, որ կեղծեն, կեղծարարություններ թույլ տան եւ այլն: Դա իմ կարծիքով, պարզապես  շահարկման հարց են դարձրել: Հանրապետության նախագահը, իշխանությունը, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը շահագրգռված են, որ այս Սահմանադրության նախագծի հանրաքվեն կոնսենսուսով անցնի, սա այն փաստաթուղթը չէ, որ դնեն ու անցկացնեն, սա պետք է լինի հասարակության զգալի մեծամասնության կարծիքը, այնպես չէ, որ առանց հասկանալու մարդիկ կգնան ու կքվեարկեն»:

Ինչ վերաբերում է վերջին օրերին քննարկվող Սահմանադրության նախագծի մեկ այլ հոդվածին՝ ԱԺ պատգամավորի ընտրությանը վերաբերող, պարոն Ալեքսանյանը շարունակեց. «Կարող է մեկը Հայաստանի քաղաքացիություն ունենա, բայց բնակվի այլ երկրում: Իսկ այդ հոդվածում հստակ նշվում է՝ պետք է լինի Հայաստանի քաղաքացի, բնակվի Հայաստանում: Կարծում եմ՝ ոչ միայն պատգամավորը, այլեւ նախարարը, պետական ցանկացած պաշտոնյա անպայման պետք է բնակվի Հայաստանում ու ներքին մթնոլորտն ու մարդկանց հոգեկերտվածքը լավ պատկերացնի»:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի 47 հոդվածի 2–րդ մասի, ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք:
Այս հոդվածը, ըստ որոշ փորձագետների, չի հստակեցնում, թե ինչ է նշանակում մշտապես բնակություն եզրույթը և երկրորդ` այս արգելքը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի այն որոշմանը` համաձայն որի չի կարելի սահմանափակել մարդու ընտրելու և ընտրվելու իրավունքը ծննդավայրի կամ բնակության վայրի վերաբերյալ խտրական և չհիմնավորված պահանջներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք