Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական կրթության «փուչիկը»

Օգոստոս 31,2015 22:42

Հիշում եմ՝ մեր դասարանում մի շատ լավ տղա էր սովորում՝ Արշակ անունով: Նա բարի էր, խելացի ու շատ լավ երգում էր: Մինչեւ 4-րդ դասարան բոլորը նրա հետ ընկերություն էին անում: Մի օր,սակայն, արտակարգ դեպք պատահեց.բոլորս շատ վախեցանք, երբ մեր դասարանցին էպիլեպսիայի նոպա ունեցավ: Ապշել էինք՝ բերանից փրփուր էր  գալիս, թփրտում էր ու այն մեր աչքում շատ տարօրինակ պահում իրեն…Մի քանի աղջիկ լաց եղան վախից, ոմանք դուրս փախան դասարանիից : Անփորձ ուսուցչուհին եւս իրար էր խառնվել անսպասելիությունից:

Դրանից հետո երեխաները մի տեսակ զգուշավոր էին Արշակի  հանդեպ, ոչ ոք չէր ուզում նրա հետ խաղալ, կողքին նստել, վախենում էին՝ բա որ վատանա՞: Ու մեզ՝ երեխաներիս հետ ուսուցիչները չէին աշխատում, չէին ասում, որ Արշակը մեզանից մեկն է, մեր կարիքը շատ ունի, Արշակն էլ գնալով ինքնամփոփ էր դառնում, օրերով բացակայում դպրոցից: Նույնիսկ ծնողական ժողովներից մեկի ժամանակ որոշ ծնողներ պահանջել էին մեր դասարանից հեռացնել Արշակին, ու դա առաջացրել էր մեր դասղեկ ընկեր Հովսեփյանի զայրույթը: Նախատել էր. «Դուք ծնող եք, ինչպե՞ս կարող եք նման բան առաջարկել, դուք խիղճ ունե՞ք: Դա կարող էր եւ  ձեր երեխայի հետ պատահել»:

Միայն ընկեր Հովսեփյանի ու մեկ էլ ռուսերենի ժամերին խուճապ չէինք մատնվում, երբ մեր դասընկեր Արշակը  ուշաթափվում էր, որովհետեւ  այդ երկու մանկավարժները Արշակի հանդեպ մեծագույն հոգատարություն էին ցուցաբերում, նույնն էլ մեզանից էին պահանջում, մեզ նաեւ ասում էին, որ չխառնվենք իրար, պարզապես Արշակը մի քիչ լավ չի զգում, իսկ մեր ընկերոջը նստեցնում էին բաց պատուհանի մոտ, որ մաքուր օդ շնչի, լվանում էին երեսը, առաջարկում  գլուխը դնել սեղանին մի քիչ հանգստանալ, մինչեւ կգար մայրը ու նրան տուն կտաներ…

Այս պատմությունը հիշեցի ներառական կրթության թեմայով վերջին օրերի աղմուկների հետ կապված, թեեւ իմ պատմության մեջ խոսքը ներառական կրթությանը չի վերաբերում: Պարզապես ուզում եմ նշել, որ այսօր էլ շատ դպրոցներում, որոնք իբր կոչված են ներառական կրթություն իրականացնելու՝ մասնագիտական որակների, ուսուցիչների ու տնօրենների փորձառության պակաս ունեն, կարծրատիպերից ազատվելու ու մտածելակերպի փոփոխության կարիք, թե չէ՝անընդհատ  շեփորում ենք, որ անցնելու ենք համընդհանուր ներառականության, ու այդպես էլ  «մեղր ասելով բերանը չի քաղցրանում»:

Մի բան էլ՝ ներառական կրթություն  իրականացնելու համար միայն կիսատ-պռատ թեքահարթակները բավարար չեն…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31