Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ` «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» ԻԱՄ խորհրդի կողմից

Մեծարգո պարոն Մարգարյան,

Օգոստոսի 29-ին կայացած ուսումնական տարեսկզբին ընդառաջ դպրոցի տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, խոսելով ներառական կրթության մասին, մտահոգիչ է համարել այն փաստը, որ հաշմանդամություն չունեցող երեխաները պետք է նույն դասարանում սովորեն հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցների հետ։ Հիշեցնենք, որ քաղաքապետի տեղակալն իր ելույթում մասնավորապես նշել է.

«Արդյոք ճի՞շտ է, որ առաջին դասարանցի առողջ երեխան մտնում է դպրոց, իր նստարանի կողակցին՝ իր դասընկերոջը, տեսնելով այդ վիճակում, իսկ վիճակը ձեզ քաջածանոթ է։ Արդյոք հոգեբանական խնդիր չի՞ ապրում այդ վեց տարեկան երեխան, արդյոք սա մտահոգիչ չէ՞։ Թե՞ մենք մտածում ենք այդ հաշմանդամ երեխայի մասով, բայց մենք անհրաժեշտություն ունենք նաև հոգ տանելու առողջ երեխայի հոգեբանական խնդրի մասին»։

Նկատի ունենալով, որ փոխքաղաքապետի պաշտոնական ելույթը չի կարող անձնական կարծիք դիտարկվել, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» իր մտահոգությունն է հայտնում այս առնչությամբ։

Մենք բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունը ներառական կրթության զարգացման և տարածման գործում, մասնավորապես, Երևանի դպրոցների մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աջակցության գործընթացում։

Սակայն քաղաքապետի տեղակալի ելույթը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ այն ոչ միայն ակնհայտորեն հակասում է ՀՀ պետական քաղաքականությանը, այլ նաև վիրավորում է հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների և նրանց ծնողների՝ կասկածի տակ դնելով նրանց՝ իրենց հասակակիցների հետ կրթություն ստանալու իրավունքը։

Հիշեցնենք, որ 2014 թ. դեկտեմբերի 1-ին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով և փոփոխությամբ Հայաստանը հռչակել է ներառական կրթությունը որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունք և որ մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների կրթության կազմակերպումը կլինի ներառական։

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, մշակույթի և տուրիզմի վարչությունների, երեխաների իրավունքների պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի բաժինների աշխատանքները համակարգող և վերահսկող, վերջիններիս աշխատանքների համար պատասխանատու պաշտոնյայի նման հայտարարությունն անընդունելի ենք համարում:

Ուստի «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» հորդորում է Երևանի քաղաքապետին հրապարակել քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումը այս հարցի շուրջ և վերանայել անձի և պաշտոնի նպատակահարմարությունը՝ առաջնահերթ համարելով երեխայի իրավունքները և ՀՀ օրենսդրությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք