Լրահոս
Օրվա լրահոսը

 Անիի ոստիկանապետի ու մի քանի այլ ոստիկանների գործերը ընկել են ՀՔԾ

Սեպտեմբեր 01,2015 17:06

Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի ոստիկանապետ Է. Հովհաննիսյանը, որն առավել հայտնի է Շոթա անվամբ ու Գյումրու կենտրոնական շուկայի սեփականատերերից է, նրա տեղակալները, ոստիկանության քրեականի պետն ու բաժնի հերթապահները թույլ են տվել որոշակի չարաշահումներ, որը սկսել է քննել Հատուկ քննչական ծառայությունը:

Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով պարզաբանել, թե կա՞ արդյոք հարուցված քրեական գործ ու ի՞նչ հիմքերով: Ի պատասխան մեր հարցման, ՀՔԾ մամլո պատասխանատու Միքայել Ահարոնյանը երեկ մեզ ուղարկեց հետեւյալ պատասխանը. «Տեղեկացնում եմ, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Շիրակի մարզի դատախազի պաշտոնակատարի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է»:

Մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից, որն ասաց. «Դատախազության լիազորությունների իրականացման շրջանակներում հայտնաբերված խախտումների կապակցությամբ հերթական զեկուցագիրն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որի հիման վրա, որքանով տեղյակ եմ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, իսկ նախաքննության ընթացքի մասին տեղեկություններ չունեմ»:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի հոդված 308-ը, որը կոչվում է. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, սահմանում է՝

1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930