Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում քննվեց Առաքել Մովսիսյանի գործով ներկայացված բողոքը

Սեպտեմբեր 01,2015 17:50

2015 թ. օգոստոսի 31-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, քննվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015 թ. հունիսի 26-ի որոշման դեմ բերված բողոքը: Հիշյալ որոշումը կայացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից սպանության, բռնաբարության սպառնալիքներ տալու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով կազմակերպության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման քննության արդյունքում: 2015 թ. օգոստոսի 31-ի բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Ա. Սաքունցը և ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանը:

Վ. Ավետիսյանը դատարան ներկայացրեց կազմակերպության հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը, որոնց Ա. Սաքունցը ծանոթացավ դատական նիստի ընթացքում: Դատարանի կողմից բողոքի քննության կարգը սահմանելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը ներկայացրեց բողոքը: Ա. Սաքունցն իր բողոքում ներկայացրեց հիմնավորումներ այն մասին, որ Ա. Մովսիսյանի արարքում առկա են սպանության սպառնալիքի հանցակազմի տարրերը:

Մասնավորապես, Ա. Մովսիսյանը ՀՀ պաշտպանության նախարարի և նրա ընտանիքի մասին կատարված հայտարարությունների վերաբերյալ հարցազրույց տալու ընթացքում հայտնել է, որ «Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ…» այնուհետև նշում է. «…Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»: Ա. Սաքունցը նշեց, որ սպառնալիքը եղել է կոնկրետ և իրական ու դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Ա. Մովսիսյանի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարի և նրա ընտանիքի մասին համացանցում որևէ այլ հրապարակում չի կատարվել, այսինքն՝ հնչեցված սպառնալիքից հետո այլևս հրապարակավ կարծիքներ չեն արտահայտվել: Ա. Սաքունցի կողմից ներկայացվեցին հիմնավորումներ վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես, Ա. Սաքունցը նշեց, որ Վ. Ավետիսյանը բացատրություն չի վերցրել Ա. Մովսիսյանից, այլ որոշում կայացնելիս հիմք է ընդունել միայն լրատվական միջոցներով վերջինիս կատարած հայտարարությունները: Բացի այդ, չեն նշանակվել անհրաժեշտ դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններ: Ա. Սաքունցի ներկայացրած բողոքի վերաբերյալ իր առարկությունները ներկայացրեց վարույթն իրականացրած Վ. Ավետիսյանը: Վերջինս գտավ, որ ներկայացված բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Նա նշեց, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հանցակազմի հատկանիշներ չկան, քանի որ տեսանյութում Ա. Մովսիսյանը հանգիստ կանգնած զրուցել է, նրա խոսքի ձևակերպումներից ակնհայտ է, որ նա իր վերաբերմունքն ու կարծիքն է արտահայտել, հետևաբար՝ սպառնալիքի իրական և կոնկրետ լինելու մասին հիմքեր չկան:

Վ. Ավետիսյանը նշեց, որ Ա. Մովիսիսյանից բացատրությունից չի վերցվել, քանի որ խոսքը անձին քրեական պատասխանատվության ենթարկելու առիթ չէ, իսկ առիթի և հիմքերի բացակայության դեպքում քրեական գործ չէր կարող հարուցվել: Այսպիսով, Վ. Ավետիսյանը խնդրեց մերժել ներկայացված բողոքը: Աշխատանքային օրվա ավարտի պատճառով բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2015 թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 10:30-ին:

ԱՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930