Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան. «Շախմատում կանոններն անընդհատ փոխվում են»

Սեպտեմբեր 02,2015 13:00

Սեպտեմբերի 1-ից 9-ը Աբու Դաբիում անցկացվելու է ՖԻԴԵ-ի հերթական համաժողովը, որին Հայաստանից մասնակցելու են ՀՇՖ նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը եւ ՀՇՖ պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը: «Առավոտը» զրուցել է Աշոտ Վարդապետյանի հետ:

– Պարոն Վարդապետյան: Ինչպե՞ս է ընտրվել, թե Հայաստանից ով է մասնակցելու ՖԻԴԵ-ի համաժողովին:

– Մինչեւ հարցին պատասխանելն ասեմ, որ կենտ եւ զույգ տարիներին անցկացվող ՖԻԴԵ-ի համաժողովները միմյանցից մի փոքր տարբերվում են: Զույգ տարիներին համաժողովը հրավիրվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին եւ բոլոր երկրների ներկայացուցիչները ներկա են լինում: Իսկ կենտ տարիներին դրանք մասնակցության առումով համեմատաբար համեստ են լինում եւ սահմանափակվում են գործադիր մարմնի, հանձնաժողովների, մայրցամաքների ֆեդերացիաների, նախագահության նիստերով, որտեղ հավաքվում է ՖԻԴԵ-ի ամբողջ ղեկավարությունը: Հայաստանից մասնակցելու ենք երկու հոգով. ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ, գործադիր նախագահության անդամ, ՀՇՖ պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը եւ ես, որպես ՖԻԴԵ-ի կանոնների հանձնաժողովի նախագահ: Նշեմ, որ ՖԻԴԵ-ի հանձնաժողովների աշխատանքները շատ կարեւոր են եւ կենտ տարիներին դրանք ավելի գործնական եւ արդյունավետ են ընթանում:

– Ասացիք, որ ղեկավարում եք կանոնների հանձնաժողովը: Կպատմե՞ք դրա աշխատանքի մասին:

– Շուրջ 20 տարի ՖԻԴԵ-ի կանոնների հանձնաժողովի անդամ եմ եղել եւ այդ հանձնաժողովի նախագահ ընտրվել եմ անցած տարի Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում: Մի քանի ամիս առաջ ես Երեւանում կազմակերպել էի մեր հանձնաժողովի՝ հինգ հոգուց բաղկացած նախագահության անդրանիկ նիստը: Աշխատեցինք բավականին արդյունավետ: Նախապատրաստեցինք ծրագրերը եւ նյութերը, թե ինչ ենք առաջարկելու քննարկել Աբու Դաբիում:

– Համաժողովում շախմատային կանոնների էական փոփոխությունների առաջարկներ լինելո՞ւ են:

– Քանի որ դեռ ծրագրերի մշակման առաջին փուլում ենք, կոնկրետ բաների մասին խոսելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Բայց տեղեկացնեմ, որ շախմատի թե մայր, թե լրացուցիչ կանոններն անընդհատ փոփոխության ենթարկվում են: Եթե կարճ ասեմ, այսօր շատ բան կախված է տեխնիկայի զարգացումից՝ էլեկտրոնային ժամացույցներ, խաղատախտակներ, համակարգիչներ եւ այլն: Վերջինի հետ կապված խնդիրներ են առաջանում, ասենք, էլեկտրոնային հուշումների հետ կապված: Կոնֆլիկտային իրավիճակներ են լինում ամենաբարձրակարգ մրցումներում, որոնք լուծումներ են պահանջում: Դրա համար շախմատային կանոններում փոփոխություններ են մտցվում: Թեեւ շախմատն ընդհանուր առմամբ կոնսերվատիվ խաղ է եւ կարելի է ասել, որ հիմնական կանոնները երկար ժամանակ չեն փոխվում, սակայն մրցաշարային կանոններն անընդհատ փոփոխվելու կարիք շատ ունեն: Մենք հիմա աշխատում ենք դրանց վրա: Աբու Դաբիում մենք դրանք կներկայացնենք քննարկման, կկազմվի առաջին նախագիծը, որը հանձնաժողովը կլրամշակի եւ կանոնների փոփոխության վերջնական տարբերակը կներկայացվի 2016 թվականին Բաքվում կայանալիք ՖԻԴԵ-ի համաժողովի հաստատմանը: Ընդունվելու դեպքում նոր օրենքները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հուլիսի 1-ից: Ընդհանրապես, ՖԻԴԵ-ի աշխատակարգի համաձայն, կանոնները փոխվելու գործընթացը, եթե ծայրահեղ խնդիրներ չեն առաջացել, վերանայվում են չորս տարին մեկ անգամ եւ դա արվում է միայն ու միայն շախմատի զարգացման նպատակով, խիստ անհրաժեշտության դեպքում եւ ոչ թե որեւէ մեկի կամքով ու ցանկությամբ:

– Աբու Դաբիի համաժողովում շախմատային կանոնների փոփոխության հետ կապված խնդիրներից բացի, ուրիշ ի՞նչ հարցեր կան օրակարգում:

– Ես, որպես հանձնաժողովի նախագահ, մասնակցելու եմ շատ նիստերի, որոնցում քննարկվելու են մոտակա մրցաշարերը, աշխարհի առաջնության հաջորդ փուլի հետ կապված խնդիրները, որ երկրներում ինչ մրցաշարեր պետք է անցկացվեն եւ այլն: Մի խոսքով, աշխատանքների լայն շրջանակ կա: Կարծում եմ, այդ համաժողովից հետո ՖԻԴԵ-ի ղեկավարության մի մասը միանգամից կմեկնի Բաքու՝ աշխարհի գավաթի խաղարկություն, որտեղ, ինչպես գիտեք, հանդես են գալու վեց հայ շախմատիստներ: Հայաստանից մասնակցելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, իսկ ԱՄՆ-ից՝ Վարուժան Հակոբյանը եւ Սամուել Սեւյանը:

Շարունակելի

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930