Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռաֆայել Խլղաթյանի մահը ազգայնական ենթատեքստ չուներ». Արվեստագետները`հայ երիտասարդի սպանության մասին

Սեպտեմբեր 02,2015 11:56

Ռուսաստանի Ռոստովի մարզի գյուղերից մեկում, երկու օր առաջ, 100 հոգի ծեծելով սպանել են հայ վարորդ 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանին, որը հարբած վիճակում վթարի է ենթարկվել: Այսօր, «Հայելի» ակումբում հոգեբան Սամվել Խուդոյանը, արվեստագետ Ռուբեն Բաբայանը և Արտավազդ Բայաթյանը`քննարկելով ՌԴ-ում հայազգի ներկայացուցիչների հետ կամ շուրջ կատարվող վերջին շրջանի դեպքերը, եկան մեկ հայտարարի`արժեհամակարգի խնդիր է, ոչ թե հակահայկականության դրսեւորումներ:

Ռուբեն Բաբայանն ազգային դրդապատճառ չի փնտրում Ռաֆայել Խլղաթյանի ողբերգական մահվան մեջ, անընդունելի է համարում նման փնտրտուքները. «Մեզ մոտ էլ է ինքնադատաստան լինում, ծեծելով մարդ են սպանում: Արժեքային համակարգի խնդիր կա, եթե մարդը ապրում է մի արժեհամակարգում, մի հասարակությունում, որտեղ մարդը, մարդու կյանքը արժեք չէ` նմանատիպ դեպքերը հնարավոր են: Մարդուն կարելի է զոհաբերել հանուն երկաթի: Սա ահազանգ է ընդհանրապես: Իսկ ի՞նչ է կատարվում մեր հասարակության հետ: Արդյոք մեր հասարակությունում մարդը մեծագույն արժեք է»:

Այնուհանդերձ, Ռուբեն Բաբայանը նկատում է, որ ՌԴ-ի կողմից պետականորեն ազգայնական քաղաքականություն վարվում է`մենք ընտրյալ ենք, մենք ենք. «Կապ չունի`ուզբեկ կլիներ, տաջիկ: Խոսքն այն մասին է, որ բարքերն են այդպիսին: Ինչի ենք այս անասնական մոտեցումները փորձում վերագրել մի ինչ-որ ազգի: Ցանկացած ազգի էլ կարելի է անասնացնել: Մեզ մոտ էլ ծեծելով սպանում`բարեւելու համար, սպորտային հագուստով ռեստորան մտնելու համար»:

Արտավազդ Բայաթյանը կատարվածը ողբերգություն է համարում ու հավելում, որ հետեւելով դեպքի առիթով լրահոսին, հասկացել է, որ դեպքը կատարվել է տոնակատարությունից հետո. «Ռուսաստանում տոնը նշանակում է հարբեցողություն»: Նա մեղադրում է նաեւ լրատվության մատուցման ձեւը`նախ ասվեց, որ հարբած է եղել, հետո`թմրանյութերի ազդեցության տակ: Հիշեց նաեւ թե ինչպիսին էր Բաղրամյան պողոտայում, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքների ժամանակ ռուսական լրատվամիջոցների մատուցած լրատվությունը:

«Մենք արդարասեր ժողովուրդ ենք, թեպետ մեզ մոտ էլ են նման բաներ լինում: Այլապես, Գյումրիի դեպքերից հետո, այդ զինվորին պիտի քյուֆթայի միս սարքեինք»,- ասաց Բայաթյանը: Հարցին` եթե Պերմյակովը հանցանքի պահին ընկներ մեր ձեռքը, կենդանի կպրծնե՞ր, ասաց. «Կարող է եւ: Ռուսական իրականությունը դաժան է, բայց դժվար է ասել, որ այդ ծեծողները բացառապես ռուսներ էին եւ ծեծում էին հենց հայ լինելու համար»:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ իր կյանքից մի դեպք հիշեց, թե ինչպես է ռուսը ռուսին սպանել. «Ես եղել եմ ռուսական գյուղում, տոնակատարության ժամանակ, կռիվ եմ տեսել: Դուք չեք էլ պատկերացնում, թե նրանք ի՞նչ ձեւի են հարբում: Դանակը պահած գնում էր`աղջիկ էր խոսեցրել, աղջիկներն էլ հետը ծեծեցին ու սպանեցին: Այստեղ կովկասցի լինելը մի կաթիլ կարող էր ավելացնել: Ամբոխային պահն էլ պիտի հաշվի առնել, այն էլ խմած ամբոխը անկառավարելի է դառնում: Ասել, որ հայ է դրա համար են ծեծել, այդպես չէ»:

Ռուբեն Բաբայանը գտնում է, որ եթե անգամ Հայաստանի պետական մարմիններն ամենախիստ արձագանքը տան նման դեպքերին, միեւնույն է, «Ծեծողները չեն կանգին`ասելով, թե մի դեսպանատուն խիստ արձագանք կտա»: Խնդիրը նա տանում է նույն համակարգ`մարդն արժեք է, թե՞ ոչ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930