Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի 14-րդ բիենալեում ներկայացվել է հայկական ծրագիրը

Սեպտեմբեր 02,2015 17:43

Ստամբուլի 14-րդ բիենալեում, որն անցկացվում է  «ԱՂԻ ՋՈՒՐ. Մտապատկերների տեսություն» խորագրով, այսօր ներկայացվել է հայկական ծրագիրը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի Dilijan Art Initiative նախաձեռնության աջակցությամբ:

Ստամբուլի 14-րդ բիենալեի ծրագրի հեղինակ Քերոլին Քրիստով-Բակարգիևն նշել է. «2015 թվականը նշանավորում է Մեծ Եղեռնի հարյուրամյակը։ Հայերն ի սկզբանե այդպես են կոչել Օսմանյան կայսրությունում իրենց ժողովրդի դաժան բնաջնջումը՝ մի իրադարձություն, որն ավանդաբար կապվում է 1915-ի հետ։ Ուստի կարևոր է, որ Թուրքիայում ժամանակակից արվեստի ցուցահանդեսը կենտրոնանա Հայկական հարցի վրա ինչպես արվեստի պատմական գործերի, այնպես էլ ժամանակակից նախագծերի միջոցով։ Ստամբուլի 14-րդ բիենալեում դա չի արտահայտվում ոչ ազգային որևէ տաղավարի, ոչ էլ Հայկական բաժնի միջոցով ներկայացվող հեղինակային ծրագրերով, այլ ընդհակառակը՝ անհատ արվեստագետների և արվեստի յուրահատուկ գործերի միջոցով, որոնք ասես արձագանքում են  այս պատմությանն ու ներհյուսված են ամբողջ ցուցահանդեսին»։

Միավորելով արվեստագետների, ովքեր Ժամանակակից Թուրքիայում ուսումնասիրություններ կկատարեն և արվեստի գործեր կստեղծեն հայոց պատմությանն առնչվող թեմաներով՝ հայկական ծրագիրը ներկայացնում է ինչպես հայկական սփյուռքի ճանաչված և նորահայտ արվեստագետների (Արշիլ Գորկի, Փոլ Կիրակոսյան), այնպես էլ ազգությամբ ոչ հայերի ողջ աշխարհից, որոնց գործերն անուղղակիորեն ծագում են պատմության այդ շրջանի, դրա հետևանքների  արտացոլումից ու ներկայի փորձառությունից։

Արվեստագետների գործերը չեն կենտրոնացվելու մեկ վայրում, այլ ցրված են լինելու Բոսֆորի ամբողջ երկայնքով՝ տարածվելով Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանից մինչև Հրանտ Դինք հիմնադրամն ու նախկին ծխախոտի ֆաբրիկան։ Հայկական ծրագրում ընդգրկված արվեստագետների թվում են Վերնոն Ահ Քին (Vernon Ah Kee), Հայկ Այվազյանը, Սոնյա Բալասանյանը, Աննա Պողիկյանը, Հերա Բյույուքթաշչյանը, Ռենե Գաբրին ու Այրին Անաստասը, Արշիլ Գորկին, Փոլ Կիրակոսյանը, Մայքլ Ռակովիցը և Սարգիսը։

«Ստամբուլի բիենալեում հայկական ծրագիրը ստեղծագործական առանձնահատուկ հենք է առաջարկում, որը թույլ է տալիս ուսումնասիրել և յուրօրինակ մոտեցում ցուցաբերել պատմական և քաղաքական ցավոտ խնդիրներին՝ տանելով ապաքինման, հաշտեցման և ավելի պայծառ ապագայի։ Dilijan Art Initiative նախաձեռնությունը համոզված է, որ արդի արվեստն անգնահատելի կրթական ներուժ ունի միջմշակութային փոխըմբռնման ձևավորման գործում, ինչի համար էլ մենք ուրախ ենք աջակցել նման ուշագրավ նախագծին»,- ասել է  Dilijan Art Initiative նախաձեռնության հիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը։

Dilijan Art Initiative նախաձեռնությունը հիմնադրվել է բարերարներ Վերոնիկա Զոնաբենդի և Ռուբեն Վարդանյանի կողմից՝ որպես IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի մաս, որի նպատակն է հիմքեր ստեղծել Դիլիջան քաղաքի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի զարգացման համար։ Dilijan Art Initiative նախաձեռնությունը մեկնարկել է այն համոզմամբ, որ արվեստի բացառիկ հատկություններից մեկը ամենատարբեր մշակույթներ, գիտաճյուղեր, սերունդներ ու սեռեր միահյուսելու կարողությունն է ժամանակի ու տարածության սահմաններից անդին։ Նախաձեռնությունն աշխատում է առաջ մղել հայկական մշակույթը միջազգային ասպարեզում՝ աջակցելով հայ սփյուռքի արվեստագետների գործերի ներկայացմանն աշխարհի առաջատար ցուցահանդեսներին և խոշոր մշակութային միջոցառումներին։ Նախաձեռնությունն աջակցել է Վենետիկի 56-րդ բիենալեին Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարին՝ Armenity/Հայություն ցուցահանդեսին, որն արժանացել է Ոսկե Առյուծ մրցանակի։

IDeA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930