Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողների գուրգուրանքը փորձում են ուսուցիչներից ստանալ

Սեպտեմբեր 03,2015 15:00

Նուբարաշենի գիշերօթիկ հաստատությունում
ապրող երեխաները շաբաթներով ծնողներին չեն տեսնում

«Դրսեւորել անվերապահ դրական վերաբերմունք». սա «պայմանագրի» գլխավոր կետերից մեկն է, որն ուսուցիչները քարոզում են Նուբարաշենի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում ապրող երեխաներին: Թե փոքրիկներին որքանով է հաջողվում յուրացնել կյանքի նկատմամբ այս մոտեցումը՝ դժվար է ասել: Բայց լինելով մի հաստատությունում, որի անունը դեռեւս խորհրդային տարիներից եկած ու շրջապատի համար կարծրատիպ ստեղծող «գիշերօթիկ» է, եւ համայնքի մյուս բնակիչներն էլ հեռվից հեռու մատնացույց են անում, կարելի է ենթադրել, որ շրջապատի վերաբերմունքը, հաստատ, դրական չէ այսպիսի հաստատությունների նկատմամբ:
Այս հաստատությունում այսօր խնամվում են 60 երեխա: Նրանք նպաստառու ընտանիքների երեխաներ են, որոնց ծնողները կարիքից դրդված՝ երեխաներին շուրջօրյա խնամքի կենտրոն են բերում եւ միայն տուն տանում շաբաթ-կիրակի օրերին: Կան ծնողներ, որոնք անգամ հանգստյան օրերին երեխաներին չեն վերցնում եւ իրենց զավակներին տեսնում են 15 օրը կամ ամիսը մեկ: Երեկ այս կենտրոն էինք այցելել սեպտեմբերի 1-ի առիթով, որտեղ հյուր էր նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարը շրջեց հաստատությունում, հետաքրքրվեց խնդիրներով ու երեխաների առօրյայով:

gisherotik

Որքան էլ այս կենտրոնում ուսուցիչները բարեհամբույր էին, երեխաների խնամքի սենյակները՝ չնայած հին վերանորոգմանը, մաքուր եւ կոկիկ, բայց այստեղ ապրող երեխաները, ակնհայտորեն, ընտանիքի, սիրո պակաս ունեին: Նրանք հարազատների կարոտը փորձում էին ուսուցիչներից առնել՝ ժամանակ առ ժամանակ փաթաթվելով նրանց ու սիրո խոստովանություն անելով: Թեեւ ուսուցիչները մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ առաջին օրն է, երեխաները կարոտել են իրենց, իրենք էլ՝ երեխաներին, սակայն պարզ էր, որ միայն կարոտը չէր, որ երեխաներին մղում էր գուրգուրվելուն: Հանրակրթական դպրոց հաճախող եւ դասերից հետո տուն գնացող շատ երեխաներ էլ են սեպտեմբերի 1-ին իրենց ուսուցիչներին կարոտած լինում, բայց ուսուցիչներից կպած ման չեն գալիս, ինչպես երեկ գիշերօթիկ հաստատության երեխաներն էին անում: Նրանք անգամ կենտրոնի նախկին տնօրենից՝ Գեղանուշ Գյունաշյանից, պոկ չէին գալիս եւ երկու ձեռքն ամուր բռնած՝ կանգնել էին: Տիկին Գյունաշյանն այս անգամ հաստատություն էր եկել որպես նախարարության ներկայացուցիչ:

dproc-3

Այս կենտրոնի երեխաներ էլ հաճախում են Նուբարաշենի հանրակրթական դպրոցներ, բայց համայնքի մյուս երեխաների նման դպրոցից ոչ թե տուն, այլ գիշերօթիկ խնամքի կենտրոն են գնում, որտեղ սնվում, լոգանք են ընդունում, դասերը պատրաստում ու հաջորդ առավոտյան էլ ոչ թե մայրն է նրանց դպրոց ճանապարհում, այլ դայակն ու դաստիարակը:
Շուրջօրյա խնամքի կենտրոնները՝ մանկատները, գիշերօթիկ դպրոցները, բեռնաթափելու ծրագիրը մեր երկիրն էլ է ներդրել, սակայն մի տարրական հարց է առաջանում. ինչպե՞ս պետք է խնամքի շուրջօրյա ծառայություններում խնամվող երեխաների թիվը նվազի, եթե երկրում աղքատության ցուցանիշը բարձրանում է, աղքատ ընտանիքներն ավելանում են, որոնք իրենց երեխաների համար ապրելու անգամ նվազագույն պայմաններ չեն կարողանում ապահովել, ինչից էլ դրդված՝ տանում են խնամքի կենտրոններ:
Այս դիտարկմանն ի պատասխան՝ Արտեմ Ասատրյանն ասաց, որ աշխարհում չի ստեղծվել մի իրավիճակ, որ ընդհանրապես հաստատություններ չլինեն. «Այլ խնդիր է, որ ձեւավորելով այլընտրանքային ծառայություններ եւ աջակցելով ու հզորացնելով ընտանիքները՝ հնարավորինս նվազեցվում եւ կանխարգելվում է երեխաների մուտքն այսպիսի խնամքի հաստատություններ:

Մեր խնդիրն է վերացնել դրանք ծնող պատճառները, որպեսզի կանխարգելվի երեխաների մուտքը»:

dproc-1

Պարոն Ասատրյանի համոզմամբ՝ այսօրինակ հաստատությունները պետք է դարձնել բազմաֆունկցիոնալ համալիր կենտրոններ, որոնք իրենց մեջ կներառեն մի շարք ծառայություններ, եւ այդ դեպքում միայն ճշգրիտ ծառայություններ կմատուցվեն՝ ըստ գնահատված կարիքի. «Այնպես չէ, որ բոլորն ունեն նույն խնամքի կարիքը, բայց քանի որ այլընտրանքը բացակայում է, դրա համար խնդիրն առաջանում է: Երբ բոլոր այլընտրանքները կլինեն, այդ ծառայությունները կառաջարկվեն, շուրջօրյա խնամքի կենտրոններում գտնվող երեխաների թիվը կնվազի»:

Մինչ բյուջեն փող կունենա եւ նախարարի մատնանշած այլընտրանքային ծառայությունները կներդրվեն, տասնյակ երեխաներ, ինչպես նաեւ Փափազյանների ընտանիքի ութ երեխաներն այս գիշերօթիկ հաստատությունում են խնամվում: Ընտանիքը սոցիալական վատ պայմանների պատճառով բոլոր երեխաներին այստեղ է խնամում:
Ինչպես դպրոցի աշխատակիցներն էին պատմում, շատ ունեն մի ընտանիքից երեխաներ, ունեն նաեւ մերձակա գյուղերից ու քաղաքներից:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930