Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրելու բերկրանքը

Սեպտեմբեր 03,2015 10:00

Տաքսու վարորդը՝ «էս ազգի վերջի», «էս երկրի վիճակի» մասին հռետորական հարցեր տալուց եւ ավանդական բողոքները ներկայացնելուց հետո սկսեց հիմնավորել, թե ինչու է նա ուզում տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Հիմնավորումներից մեկը հետեւյալն էր՝ «ախր, ինչո՞ւ ես պետք է ձեզ խաբեմ եւ 3 հազար դրամի փոխարեն 4 հազար դրամ ուզեմ»: Դա ինձ հիշեցրեց «Սովորական հրաշք» ֆիլմի այն դրվագը, երբ Եվգենի Լեոնովի մարմնավորած թագավորը բողոքում է, որ նա դաժան է եւ նենգ, բայց պատճառը ոչ թե ինքն է, այլ իր դաժան եւ նենգ նախնիների «գեները»:

Հոգեբանական մեխանիզմը նույնն է. իրականում հոգու ամենախորքում ես լավն եմ, բայց հանգամանքները («երկրի վիճակը» կամ վատ ժառանգականությունը) ստիպում են, որ ես վատը լինեմ: Եթե «սրանք» («վերեւում նստածները») խաբում են, ենթադրենք, մեկ միլիոն դոլարով, ապա ես, ինձ ընձեռած հնարավորությունների սահմաններում, խաբում եմ հազար դրամով՝ օգտագործելով «շոֆերական կրուտիտները» (զրուցակցիս արտահայտությունն է):
Խնդիրը, հետեւաբար, ընտրությունից խուսափելն է, իսկ ավելի ճիշտ՝ ընտրությունը սքողելը: Իբր այն վարքագիծը, որը ես որդեգրել եմ, իմ ընտրությունը չէ, այդպես է ստացվել հանգամանքների բերումով՝ ասենք, ծնողներս հոգատար չեն եղել, ժամանակին գիշերանոթին ինձ չեն նստեցրել, շեֆս ինձ չի առաջ քաշում, երկրիս աշխարհագրական դիրքը հարմար չի, կառավարությունը վատն է եւ այլն: Իրականում մարդու որդեգրած վարքագիծը հենց նրա՛ ընտրությունն է, էլ ոչ մեկինը:

Եթե մարդն ընտրություն է կատարում եւ գիտակցում է դա (նույնիսկ խաբեբա լինելու ընտրությունը), նա, իմ կարծիքով, շատ ավելի մեծ հարգանքի է արժանի, քան նա, ով ամբողջ մեղքը գցում է «հանգամանքների» վրա: «Ընտրություն կատարելը բարձրացնում է մարդու հոգին,- գրում է դանիացի փիլիսոփա Սյորեն Կյերկեգորը,- հաղորդում է նրան զուսպ բավարարվածություն, սեփական արժանապատվության գիտակցություն, որն այլեւս երբեք նրան չի լքի ամբողջությամբ… Խնդիրը ոչ թե աշխարհում այս կամ այն բանի տիրանալն է, այլ սեփական դեմքը պահպանելը: Իսկ դա կախված է մարդու կամքից»:
Երբ չափահաս մարդիկ ինձնից խորհուրդ են հարցնում, ես սովորաբար ասում եմ՝ դու ազատ ես քո ընտրության մեջ: Ինչու եմ ես վարանում խորհուրդ տալ: Որովհետեւ եթե դուք ի՛մ խորհուրդն եք հարցրել, ոչ թե Պողոսի կամ Պետրոսի, ուրեմն դուք արդեն կատարել եք ձեր ընտրությունը, որովհետեւ գոնե մոտավորապես գիտեք իմ կարծիքը:

Օրինակ, ես՝ որպես քաղաքացի, դեմ եմ քվեարկելու սահմանադրական փոփոխություններին: «Առավոտում», հավանաբար, կան մարդիկ, որոնք կողմ են քվեարկելու, բայց դա մեզ բացարձակապես չի թշնամացնում: Կարեւորն այն է, որ «Առավոտը», որպես լրատվամիջոց, չի քարոզում ոչ «այո»-ի, ոչ էլ «ոչ»-ի օգտին՝ «այո»-ն ու «ոչ»-ը ներկայացնելով հնարավորինս համաչափորեն: Դա մեր ընտրությունն է: Բայց եթե կան լրատվամիջոցներ, որոնք ուզում են «այո» կամ «ոչ» քարոզել, դա էլ նրանց ազատ ընտրությունն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Շատ լավ և անձամբ ինձ հարազատ թեմա է:
    Ընդհանրապես ես շատ եմ մտովի ընտրում տարբեր իրավիճակներում, թե ինչպես վարվեմ, ինչ պատասխանեմ, կամ ինչպես ինձ պահեմ, քանի որ կյանքը ընդամենը բնական ռեֆլեքսների համալիր չեմ համարում, և միշտ որևէ գործողություն իմ համար ունի գոնե մեկ ալտերնատիվ՝ չհաշված ոչ մի բան չանելը: Երբեմն էլ այս վերջին տարբերակն է հենց հանդիսանում ընտրությունս:
    Օրինակ երբեմն համեմատելով այս կամ այն մարդու ավելի լավ ապրուստը քան իմը՝ ես հստակ գիտեմ, որ ես էլ կարող էի այդքանն ունենալ, եթե ես էլ տվյալ մարդու պես ՛՛դաղալություններ՛՛ արած լինեի աշխատանքի և բարոյական դաշտերում: Բայց չէ՞ որ ես այնժամ ԵՍ չէի լինի, այլ մեկը նրանցից որոնց ես ինձնից ցածր եմ համարում՝ անկախ նյութական կարողությունից:
    Իհարկե պետք չէ ամեն ինչ դրան վերագրել ու լինել ՛՛հպարտ աղքատ՛՛, և եթե մեկը ազնիվ բիզնեսով կամ արդար աշխատանքով է ինձնից լավ ապրում, ես բարի նախանձով եմ նայում նրան և մտովի քննարկում ինքս ինձ հետ, թե ինչն եմ սխալ արել և հնարավո՞ր է արդյոք ավելի բարեկեցության հասնել՝ իհարկե չդավաճանելով այն բարոյական կոդեքսին, որը ԵՍ ԵՄ ԸՆՏՐԵԼ….
    Օրինակ ես խորը արհամարհանք ունեմ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ասում են, որ մեծ հաճույքով իրենք էլ հայրենասեր կլինեին, եթե հայրենիքը իրենց ավելի լավ վարձատրեր, կամ ավելի լավ սոցիալական փաթեթ տրամադրեր…: Դե իսկ օտարերկրյա գրանտներով առաջնորդվող ՛՛հայրենասերներին՛՛ կոնկրետ թշնամիներ եմ համարում: Միգուցե դա էլ իրենց ընտրությունն է, բայց ինչ մեղքս թաքցնեմ՝ ես այդքան լիբերալ չեմ, որ ցանկացած ՛՛ընտրության իրավունք՛՛ հարգեմ, և մեծ ուրախությամբ շատերի ԸՆՏՐԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ իրենց իսկ քթերից կբերեի…
    Ժվանեցկին մի լավ բան էր ասել, որ մնացել է հիշողությանս մեջ՝ Հայրենասիրությունը դա հստակ և տրամաբանական հիմնավորումն է այն բանի՝ թե ինչու մենք երբեմն պետք է ավելի վատ ապրենք, քան ուրիշները))))))) ես համաձայն եմ!!

  2. Արսեն says:

    Լավ էլի… Արդեն հուսահատեցնում էք…
    Եթե այդքան հարգում եք այլոց ընտրության իրավունքը՝ ապավարորդի լիակատար իրավունքն է՝ ասել. «էս երկիրը երկիր չի» (դրանով նա չի խախտում, ոչ մեկի ոչ մի իրավունք)։ Եթե դուք չեք ուզում, որ վարորդը ինչո-որ բան ասի՝ (իսկ աշխարհի բոլոր տեղերում՝ տաքսիստները, վարսավիրները, վաճառողները… մի խոսքով, մանր սերվիսի ոլորտի բոլոր մասնագիտությունների մարդիկ՝ փորձելու են զրուցել ձեր հետ, անկախ նրանից՝ թե դուք ով եք), նրանց ծառայություններից օգտվելուց առաջ՝ զգուշացրեք, որ ձեր հետ չխոսեն (ձեր իրավունք է՝ սերվիսը ստանալ ձեր կոնֆորտի պայմաններով հնարավորի սահմաններում)։ Ոչ մեկը, այլևս ոչ մի բառ չի ասի։ Երաշխավորում եմ։
    Դուք, ինքներդ եք ընտրել, որ տաքսիստը պետք է խոսի (ձեր իրավունքն է)… նա՝ ասում է իր ԿԱՐԾՒՔԸ (խոսքի ազատություն, տաքսիստի իրավունքը)…
    Ւսկ եթե ուզում եք, որ տաքսիստը ամբողջ ճանապարհին՝ գովի ՁԵՐ երկիրը, և ասի «էս ին հիանալի երկիր է, ինչքան եմ ես այն սիրում..))).. », 500 դրամ ավել վճարեք (գլխից՝ պայմանավորվեք..))..), և նա՝ դա կանի, որպես լրացուցիչ սերվիս..)))..
    Թե չէ, համ չեք ուզում՝ լռությանբ երթևեկել (սերվիսի պայման), համ ուզում եք՝ որ տաքսիստի ազատ արտահայտված կարծիքը՝ լինի նույնը՝ ինչ, որ ձերն է (այսինքն՝ լրացուցիչ սերվիսը՝ ուզում եք ստանալ անվճար..)))..)։
    ԵՐԿՐԻ ՏԵՐՆ ԵՍ? ԶՈՀԻՐ ԿՅԱՆՔԴ, ՈՐՊԵՍԶԻ ՏԱՔՍՒՍՏԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՆ ՈՆԵՆԱ ԸՆՐԵԼՈՒ ԱՅՆՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՉԻ ԳՈՂԱՆՈՒՄ, ևորի մլիոն գողանալը՝ տաքսիստի համար՝ չի կարող ծառայել որպես արդարացում։ ՈՉ ԹԵ, ՈՐՊԵՍ ՎԱԽԿՈՏ, ԲՈՂՈՔԻՐ՝ ԲՂՈՔՈՂ ՏԱՔՍՒՍՏԻՑ… ԻՆՉՈՎ ԵՍ ՆՐԱՆՒՑ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ?

    • Ruben says:

      «ԵՐԿՐԻ ՏԵՐՆ ԵՍ? ԶՈՀԻՐ ԿՅԱՆՔԴ…»
      Երկրի տերերն ու տերտերները իրենց կյանքը չեն զոհում:
      Զոհվելու համար կան հայրենասերներ, անփորձ զինվորներ…
      Նժդե՞հը զոհվեց (թե՞ արտագաղթեց) հանուն հայրենիքի, թե՞ Անդրանիկ փաշա՞ն (զոհվե՞ց, թե՞ արտագաղթեց):
      Քանի՞ հոգու «ջնջեց» Սերժ Սարգսյանը ԼՏՊ-ի ու Վազգեն Սարգսյանի հրամանով:
      Հիմքում սուտն է, կյանքն էլ ստից…

  3. ՀՀ քաղաքացի says:

    Հարգելի Արամ Աբրահամյան
    Դարձյալ իմ մեկնաբանությունը ջնջել են, չեն հրապարակել, թեեւ այնտեղ չկային հայհոյանք, վիրավորանք: Կար սուր քննադատություն: Սա մանկապարտեզ չի, դուք դայակ չեք, ես երեխա չեմ, որ ամեն անգամ գամ ասեմ՝ Պողոսը ինձ խփեց, Պետրոսը վատ բառեր է ասում, իսկ Կիրակոսը չի թողնում նստեմ իմ սիրած աթոռին: Ես մեծ հաճույքով մեկնաբանություններ էի գրում, ուրախանում, որ դրանք անարձագանք չեն մնում: Բայց եթե որոշել եք խախտել ձեր իսկ գրած կանոնագիրքը, արեք դա առանց ինձ: Դուք կորցրեցինք մեկ ընթերցող: Մնաք բարյավ:

    • Հարգելի քաղաքացի: Ձեր մեկնաբանությունը չի հրապարակվել, քանի որ հակասել է մեր հրապարակման կանոնների հետեւյալ դրույթին. «Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա»: Վիրավորանքների վերաբերյալ թերեւս մեր պատկերացումները տարբեր են. Ձեր մեկնաբանությունում կային վիրավորանքներ լրագրողի հասցեին: Ոչ մեկի դայակություն անելու մտադրություն չունենք՝ սրանք են մեր կանոնները, եւ եթե դրանք Ձեզ դուր չեն գալիս, կարող եք ընտրել այլ հարթակներ, որտեղ չկան նման սահմանափակումներ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930