Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանի աղոթքները տեղ հասան

Սեպտեմբեր 03,2015 16:30

Շուրջ չորս տոկոս կիսամյակային տնտեսական աճ ունենք

Արձակուրդից հետո առաջին աշխատանքային օրը կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը բարձր տրամադրություն ուներ: Վարչապետի տրամադրությունը պայմանավորված չէր միայն լավ հանգստով: Ազգային վիճակագրական ծառայությունը լավատեսական ցուցանիշներ է հրապարակել. առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշերով ունեցել ենք ՀՆԱ-ի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում` 5,1 տոկոս տնտեսական աճ: Արդյունքում ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ, հիմնականում գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ոլորտներում:

Մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ողբերգական ոչինչ չի տեսնում դրանում. «Ցանկացած տնտեսական աշխուժացում որոշակի ազդակներ է հաղորդում տնտեսությանը, եւ շատ էական էլ չէ, թե կոնկրետ որ ոլորտից է այդ ազդակը գալիս: Բնականաբար, նախընտրելի կլիներ, որ տնտեսության բոլոր ճյուղերն էլ որոշակիորեն նպաստեին տնտեսական աշխուժացմանը, բայց այսօր փաստացի ականատեսն ենք, որ գյուղատնտեսությունն է լոկոմոտիվի դերը կատարում` առաջ մղելով տնտեսությունը»: Տնտեսագետի կարծիքով՝ սա էլ իր հետ բերելու է գյուղատնտեսության հետ փոխկապակցված ոլորտներում` վերամշակող արտադրություն եւ այլն, աճի: Մեր զրուցակիցը համակարծիք է, որ այս ցուցանիշը կառավարության համար չպետք է հաղթական դրոշակ դառնա. «Կառավարությունը պիտի համալիր մոտեցում ցուցաբերի եւ մյուս ոլորտների աշխուժացմանը միտված քայլեր եւս ձեռնարկի: Բայց եթե հիմք ենք ընդունում այն բոլոր վատատեսական կանխատեսումները, որոնք այս տարվա սկզբից կային ոչ միայն մեր երկրի, այլեւ տարածաշրջանի տնտեսական զարգացման նվազեցման կամ զրոյական աճի առումով, երկրորդ եռամսյակի աճը բավական հուսադրող է եւ հիմք է տալիս ենթադրելու, որ երրորդ եւ չորրորդ եռամսյակներում եւս որոշակի դրական դինամիկա կունենանք»: Հիշեցնենք՝ տարեսկզբին Fitch-ը, Moodys-ը, Համաշխարհային բանկը զրոյական, նաեւ բացասական տնտեսական աճ էին կանխատեսում: Տարվա կեսից ՀԲ-ի կանխատեսումները փոխվեցին` կլինի մեկ տոկոս տնտեսական աճ:

Կառլեն Խաչատրյանը գտնում է, որ եթե ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն, կառավարությանը կհաջողվի տարին փակել իր խոստացած 4 տոկոս տնտեսական աճով:
Մեր զրուցակիցը համամիտ չէ, որ տնտեսական աճի ցուցանիշը մանիպուլյացիա է, քանի որ հիմնված է առավելապես մեկ` գյուղատնտեսական ճյուղի վրա: «Չեմ կարծում, որ երրորդ-չորրորդ եռամսյակներում արձանագրվելիք աճը, որի նախադրյալներն այսօր տեսնում ենք, էլի պայմանավորված է լինելու գյուղատնտեսությամբ: Պարզապես երկրորդ եռամսյակը մեր գյուղատնտեսության համար ամենաբեղուն շրջանն է, ուստի փաստացի տնտեսական համեմատաբար բարձր աճ է ու արդարացված: Բարձր եմ ասում, որովհետեւ ներկայիս իրողություններից ելնելով՝ 5 տոկոսը բավական լավ ցուցանիշ է: Այստեղ մանիպուլյացիա դժվար է տեսնել: Այլ է խնդիրը, որ երրորդ-չորրորդ եռամսյակներում մենք պետք է այլ ճյուղերի աճ ակնկալենք»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ մինչեւ տարեվերջ արտադրության եւ արդյունաբերության ոլորտներում հնարավոր է աճ գրանցենք. «Որոշակի աշխուժացում նաեւ հնարավոր է շինարարության ոլորտում: Գիտեք, որ կառավարությունը եկամտահարկի մասով հիփոթեքային վարկի փոխհատուցում է նախատեսում: Այդ ծրագիրը միտված էր շինարարության աշխուժացմանը, այն արդեն մեկնարկել է: Աշխուժացումը դեռ նկատելի չէ, բայց, կարծում եմ, ապագայում այն իր դրական արդյունքները կտա»:

«Դա անսպառ չէ, մենք անհանգստացած ենք հետագա ամիսների համար: Հիմա ԵՏՄ բոլոր երկրներում սեկվեստր է իրականացվել: Դա մեզ էլ է առաջարկում ԱՄՀ-ն, բայց մերժել ենք: Անորոշությունները շատ-շատ են, չգիտենք՝ որ ուղղությամբ կզարգանա տնտեսությունը: Կառավարությունում հարց ենք բարձրացրել, թե ինչ ուղղությամբ պետք է գնանք՝ խնայողությո՞ւն, պահանջարկի ավելացո՞ւմ… ամեն օր քննարկումներ են կատարվում»,- երեկ խոսելով ԱՎԾ-ի հրապարակած կիսամյակային ցուցանիշների մասին՝ ասել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Փաստորեն, ի հեճուկս ամեն ինչի եւ ամենքի, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որին կառավարման բավական բարդ շրջան է բաժին ընկել, նաեւ աշխարհաքաղաքական ու համաշխարհային տնտեսական վայրիվերումների առումով, տարին փակելիս սեւերես չի մնա, ու դրա համար, հավանաբար, պետք է շնորհակալ լինեն բարեգութ բնությանը, որ գոնե գյուղատնտեսական տարին բարենպաստ եղավ: Հավանաբար, գյուղնախարար Սերգո Կարապետյանի՝ ժամանակին առ Աստված հնչեցրած աղոթքներն են տեղ հասնում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930