Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե մի օր մեզ կհանդիպեք հայաստանյան «Անուշում»

Սեպտեմբեր 04,2015 12:00

Ամերիկահայ սոպրանո Շուշիկ Բարսամյանը
նկատի ունի իրեն եւ տենոր Եղիշե Մանուչարյանին

Այս տարվա մայիսին ամերիկյան Lark մշակութային միության նախաձեռնությամբ Փասադենայում ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշը»: Բեմադրությունն իրականացրել էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նույն ներկայացման մեջ Անուշի դերերգով հանդես են եկել ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Պապյանը եւ ամերիկահայ երիտասարդ երգչուհի Շուշիկ Բարսամյանը: Սարոյի եւ Մոսիի դերերգերը կատարելու համար հրավիրված էին ամերիկաբնակ տենոր Եղիշե Մանուչարյանը եւ Հայաստանից բարիտոն Արշակ Կուզիկյանը: Նվագախումբն ու երգչախումբը Lark միության կոլեկտիվներն էին, իսկ բեմադրող դիրիժորը՝ միության գլխավոր տնօրեն Վաչե Բարսամյանն էր: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեցին Շուշիկ Բարսամյանը եւ Եղիշե Մանուչարյանը, որոնք այս օրերին Հայաստանում են:

Եղիշե Մանուչարյանին, 1999թ. ԱՄՆ տեղափոխվելուց հետո, Հայաստանում հանդիպել ենք ընդամենը մեկ անգամ՝ երեք տարի առաջ, Տիգրանյանի «Անուշ» օպերայում: Հետաքրքրությանը, թե ինչու հեղինակավոր օպերային թատրոնների բեմերը, հատկապես ամերիկյան, եւ համերգասրահները, այդ թվում՝ Քարնեգի սրահը նվաճած տենորին չենք հանդիպում Հայաստանում, երգիչը դա մեկնաբանեց ժամանակի սղությամբ: Իբրեւ հավելում նշեց, թե Ամերիկայում ապրելու եւ ստեղծագործելու առաջին օրվանից ունեցել է իմպրեսարիո, որոնք էլ կազմել են իր հյուրախաղային գրաֆիկը: «Չորս տարի է, ինչ այդ հարցերով զբաղվում է իտալացի իմպրեսարիո Ռոբերտ Լոմբարդոն: Սկսած 2000 թվականից՝ տարբեր օպերաներում տենորի համար գրված դերերգերով հանդես եմ եկել Բալթիմորի, Սան Դիեգոյի, Նյու Յորքի, Բոստոնի օպերային թատրոններում, ինչպես նաեւ մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ,- հայտնեց երգիչն ու հավելեց,- այս ամենն, անկասկած, համարում եմ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորիս՝ Լինա Գալուստովայի՝ ինձ հետ աշխատանքի արդյունք…»: Եղիշե Մանուչարյանը հիշեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր առաջին քայլերը. «90-ականներին Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Լորիս Ճգնավորյանն ինձ հրավիրել է կատարելու տենորի պարտիաները Վերդիի, Մոցարտի, Բեռլիոզի ռեքվիեմներում: Մաեստրոն վստահել է ինձ գլխավոր դերերգեր իր «Ռուստամ եւ Զոհրաբ», «Արմեն եւ Արմինե» օպերաներում եւ այլն»:

Հիշեցրինք Հայաստանում իր առաջին ելույթները Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի հետ եւ հետաքրքրվեցինք՝ պարզապես անհավատալի է, որ այսօր ինքն արդեն նվաճել է շատ-շատ երգիչների համար երազանք հանդիսացող համաշխարհային բեմեր ու խնդրեցինք հակիրճ ներկայացնել՝ ինչպե՞ս դա պատահեց: «1990-ականների սկզբին հաղթեցի հայաստանյան Կոմիտասի անվան մրցույթում: Ինձ նկատեց դիրիժոր Զավեն Վարդանյանը եւ վստահեց Բելմոնտեի դերերգը Մոցարտի «Առեւանգում հարեմից» օպերայում (համերգային կատարում):

Հետո հանդես եկա Կասիոյի դերերգով՝ Վերդիի «Օթելլոյում», կատարեցի Սարոյի դերերգը. այսքանը: Հետո արդեն կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանի հետ հանդես եկանք Բոստոնում, որտեղ օգտագործեցի առիթը՝ մասնակցեցի տեղի համալսարանի օպերային ինստիտուտի կողմից հայտարարված լսումներին, ինչի արդյունքում 2 տարի կատարելագործվեցի անվանի մանկավարժ Շերոն Դանիելսի ղեկավարությամբ: Կարճ ասած՝ 1999-ից ապրում եւ ստեղծագործում եմ ԱՄՆ-ում»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով Lark մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլին հանդես է եկել «Հայկական ռեքվիեմ» նախագծում. «Հրավիրված էին նաեւ ճանաչված բարիտոն Վլադիմիր Չեռնովը, ամերիկահայ մեցցո սոպրանո Կարինե Ավագյանը եւ Շուշանիկ Բարսամյանը: Այս ռեքվիեմում, որի հեղինակն է Իեն Քրաուզը, օգտագործել են նաեւ կոմիտասյան երաժշտություն եւ շարականներ: Նվագախումբը, երգչախումբը UCLA համալսարանի կոլեկտիվներն էին, համերգն էլ ղեկավարեց հրեա դիրիժոր Նիել Շտալբերգը»:

Սոպրանո Շուշանիկ Բարսամյանը մեզ հայտնեց, որ կարիերան սկսել է 2011թ. Իտալիայում, ճանաչված երգչուհի Միրելա Ֆրենիի դասարանում կատարելագործվելուց հետո: Նախնական կրթությունը ստացել է UCLA համալսարանում: Արեւմտյան տարբեր թատրոններում հանդես է եկել համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներում, այդ թվում՝ կատարել է Մուզետայի դերերգը Պուչինիի «Բոհեմում», Ջիլդայինը՝ Վերդիի «Ռիգոլետոյում»: Պատրաստվում է Իտալիայի օպերային թատրոններում հանդես գալու Օսկարի դերերգով Վերդիի «Պարահանդես- դիմակահանդես» օպերայում: «Աշխատում եմ իտալացի պրոդյուսեր Սթեյջ Դորի հետ, ուրախ կլինեմ, որ մեկ օր էլ բանակցությունների արդյունքում առաջին անգամ հայտնվեմ Երեւանի օպերային թատրոնի բեմում: Հիշում եմ 2012թ., երբ տակավին երիտասարդ երգչուհի էի, ճանաչված երաժիշտների հետ, այդ թվում՝ օպերային երգիչ Վլադիմիր Չեռնովի, սոպրանո Թոնի Առնոլդի, ամերիկաբնակ ջութակահար Մովսես Պողոսյանի, Վարթի Մանուելյանի, մասնակցեցի հայաստանյան «Դիլիջան» փառատոնին, որը կազմակերպել էր հայրս՝ Lark միության տնօրեն Վաչե Բարսամյանը: Կհիշեմ նաեւ «Գաֆեսճյան» կենտրոնում նույն թվականին կայացած ելույթս, որտեղ հանդես եկա Տիգրան Մանսուրյանի «Canti paralleli» վոկալ ստեղծագործության մեկնաբանմամբ»,- հայտնեց երգչուհին ու ժպիտով էլ հավելեց՝ գուցե մի օր հայաստանցի հանդիսատեսը հանդիպի իրեն եւ Եղիշեին Երեւանի օպերային թատրոնում, «Անուշ» օպերայում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Շուշիկ Բարսամյանն ու Եղիշե Մանուչարյանը՝ «ամերիկյան «Անուշում»:

«Առավոտ» օրաթերթ
03.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930