Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. Միասեռ ամուսնությունները Հայաստանում բացառված են

Սեպտեմբեր 04,2015 13:56

Ինչո՞ւ է Սահմանադրության նախագծում ընտանիքի դեպքում նշվում «բազմանալ» բառը: Այս հարցն այսօր խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ մասնագիտական հանձնաժողովի անդամներին տվեց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը`պատկերավոր համեմատություն անելով. «Կովերին, հավերին, ճագարներին են բազմացնում: Հետո բազմացման առարկան կամ խուզում են, կամ մորթում ու ուտում են: Ինչո՞ւ է նոր Սահմանադրությամբ հայ ընտանիքը դիտվում բազմացման առարկա»: Գիմիշյանին որոշ տեղեկություններ են հասել առ այն, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկված թարգմանության տեքստում նշվել է, որ նոր Սահմանադրությամբ կարող են ամուսնանալ «կանայք ու տղամարդիկ»: Այնինչ, նախագծի տեքստում եզակի է նշված. «Ձեր նախագիծն ընդունվելու դեպքում երկու տղամարդ, որ գան մեր երկրի զագս, ասեն՝ ուզում ենք պսակվենք, մեկն էլ ասի, որ իրեն կին է զգում, նրանց ամուսնանալը կգրանցվի՞, թե չէ՝ հաշվի առնելով ձեր Սահմանադրությունը»:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նշեց, որ նախագծի թարգմանության համար մասնագիտական հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում: Նա նշեց, որ գործող Սահմանադրությամբ սահմանվում է, որ ամուսնական տարիքի հասած կինն ու տղամարդը ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք:

«Կարո՞ղ ենք նման ձևակերպումից գալ եզրակցության, որ կարող են իրար հետ ամուսնանալ երկու տղամարդ կամ երկու կին: Իմ կարծիքով՝ չէ: Բայց որպեսզի փարատենք ցանկացած նման կարծիք, նոր նախագծով ամրագրել ենք՝ ամուսնական տարիքի հասած կինն ու տղամարդը, իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն: Նման ձևակերպումից հետո արդյոք կարելի՞ է ենթադրել, որ կարող են իրար հետ ամուսնանալ երկու տղամարդ կամ երկու կին: Գործող Սահմանադրությունում «միմյանց հետ ամուսնանալ» ձևակերպումը չկա, որ նախագծում կա: Ինչո՞ւ է այս հարցն այսքան նենգափոխվում ու դառնում քննարկման առարկա»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Նա նշեց, որ նոր Սահմանադրությամբ ընտանիքի պաշտպանությունն այնքան է արժևորվել, որ սահմանադրական կարգի հիմունքների կարգավորման առարկա են դարձրել. «Եթե «բազմացման հիմք» արտահայտությունը դուր չի գալիս, կարելի է վիճել կամ կարելի է ավելի հարմար բառ գտնել, օրինակ, վերարտադրություն: Բայց դրա տակ գռեհիկ արտահայտություններ անել մարդկանց ու ընտանիքի վերաբերյալ, այդքան էլ թույլատրելի չէ»:

Ավելի ուշ, այլ հարցերի պատասխանելով էլ, հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Հրայր Թովմասյանն ասաց նաեւ, որ Հայաստանում միասեռ ամուսնությունները երբեւէ հնարավոր չէ, որ լինեն պետության հովանու ներքո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930