Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը «շանս» էր տվել Սերժ Սարգսյանին. Զուրաբյանը՝ առաջին նախագահի նամակի եւ Լյուդմիլա Սարգսյանի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2015 16:58

«Ամեն ինչ պարզ է, որեւէ մեկնաբանության կարիք չկա»,- ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես պատասխանեց, երբ լրագրողները հետաքրքրվեցին իրենց խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի՝ Բաղրամյան 26 գնալուց:

Նրա խոսքերով՝ իր հետ կապված մեկնաբանություն չի անում, որովհետեւ հանրությանը, առանց իր մեկնաբանության էլ, ամեն ինչ պարզ է:

Aravot.am-ը հարցրեց՝ Դուք Բաղրամյան 26 գնալու մեջ վատ բան տեսնո՞մ եք, երբ գնում են եւ Սերժ Սարգսյանի հետ քննարկում են Սահմանադրական փոփոխությունները եւ իրենց ոչ-ն են ասում: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Պրոբլեմը մեր տեսակետը չի՝ տեսնում ենք վատ բան, թե չենք տեսնում: Պրոբլեմը այդ մարդկանց համար հասարակության տեսակետն է, մի հատ գնացեք եւ հանրության հետ խոսացեք, տեսեք, թե ինչ գնահատականներ է հանրությունը տալիս այդ մարդկանց: Սերժ Սարգսյանն արդեն հասցրել է մի իրավիճակի, երբ իր հետ հանդիպելը ինքնին դառնում է վարկաբեկիչ բան»:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակ գրում Սերժ Սարգսյանին եւ փորձում հանդիպել իր հետ՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Նախ չհանդիպեց: Հենց այն պատճառով չհանդիպեց, որ նամակի մեջ էլ գրել էր, որ պատրաստ է վերկուսակցական հանդիպման, ցեղասպանության հանցավոր հռչակագրի կետերը քննարկելու նպատակով, որովհետեւ այնտեղ լուրջ վտանգներ կային հայոց պետականության համար, բայց այն պահից, երբ սկսեց տեռորը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նա հենց նույն նամակում գրեց, որ այդ հանդիպումն անիմաստ է, որ տվել էր՝ որպես շանս»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ ՀԱԿ-ն էլ երկխոսում էր Սերժ Սարգսյանի հետ՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ դա արել են արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով. «Իշխանության ոչ լեգիտիմության մասին հիմնավորված փաստաթուղթ էր դա կոռուպցիայի մասին, որը պետք է դառնար հիմք՝ ՀՀ-ում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անելու համար»:

Հետո Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ-ի մոտեցումն այսպես պատճառաբանեց. «տեռորիստների հետ էլ են երկխոսում: Եթե իմանայինք, որ Սերժ Սարգսյանի հետ երկխոսելով՝ մենք կարող ենք իրեն համոզել, որ ինքը  հրաժարվի իր այդ հանցավոր պլանից, հավատացեք, մենք կգնայինք այդ քայլին: Եթե իմանում ես, որ տեռորիստից կարող ես պատանդին ազատել բանակցությունների միջոցով, գնում ես տեռորիստի հետ էլ ես բանակցում: Բայց այստեղ ակնհայտ է, որ  Սերժ Սարգսյանն իր առջեւ դրել է նպատակ, որից ինքը չի ուզում հրաժարվել: Իր օրակարգը սեփական իշխանության հավերժացումն է: Այդ օրակարգով մենք իր հետ չենք խոսի, թող գնա, ում հետ ուզում է խոսի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930