Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկված ուսմասվարի վկայությունը՝ Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության գործով (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2015 20:25

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով հարցաքննվեց նաեւ Գյումրիի թիվ 15-րդ դպրոցի ուսմասվար Արտակ Մարտիրոսյանը: Նշենք, որ սպանության մեջ ամբաստանվող Արման Կատունյանի կինը՝ Ջեմմա Խաչատրյանը, եւս աշխատել է այդ նույն դպրոցում: Վկան դատարանի դահլիճ մտնելով, դատավորին հայտնեց իր վիրավորանքը իրեն բերման ենթարկելու հետ կապված ու միջնորդեց, որ իրեն հարցաքննեն առանց նկարահանման: Դատավոր Վարդան Գրիգորյանը շշպռեց նրան՝ բացատրելով, որ դատարանը նրա չներկայանալը դիտել է որպես անհիմն, անհարգելի ու որոշում է կայացրել բերման ենթարկել, ոչ թե կրկին ծանուցել:

Վկան ասաց, որ սպանությունից երեք օր առաջ իրեն է զանգահարել Արման Կատունյանը ու ասել, թե ինքը անծանոթ մեկից հեռախոսազանգ է ստացել, որը ներկայանալով Սամվել անունով, իրեն հայտնել է, թե կնոջդ հետի աշխատող Արտակը ռեստորանում ոգելից խմիչքի ազդեցության տակ կնոջդ վարկից էր խոսում, նրան անբարոյական անվանում:

Ըստ վկայի, Արման Կատունյանը ձայնագրել էր հեռախոսազանգը: Ըստ Արտակ Մարտիրոսյանի, ինքը Արման Կատունյանին ասել է, որ տվյալ ռեստորանում չի եղել, բացի այդ, ինքը ոգելից խմիչք չի օգտագործում. առողջական խնդիրներ ունի: Իսկ երբ լսել է ձայնագրությունը, ձայնից այդպես էլ չի հասկացել, թե ով է վարկաբեկում իրեն: Դատավորի, դատախազի այն հարցերին, թե վկային ի՞նչ հանգամանքներ են հայտնի Հարություն Գրիգորյանի ու Արման Կատունյանի մասին, վկան ասաց, որ ամեն ինչ իմացել է դեպքից հետո:

Արման Կատունյանի շահերը պաշտպանող Երվանդ Վարոսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ վկան նշում է, թե Ջեմմա Խաչատրյանը ինչ է պատմել իրեն իր ու Հարություն Գրիգորյանի մասին: Վկան հիշելով այդ մասին ՝դատարանին ասաց, որ մի անգամ Ջեմման վերջին շրջանում դպրոց գալիս էր լացակումած, մի անգամ էլ դպրոցում շատ անտրամադիր է եղել, երբ հետաքրքրվել է՝ ի՞նչ է եղել, Ջեմմա Խաչատրյանը պատուհանից ցույց է տվել իրար հետ զրուցող ամուսնուն՝ Արման Կատունյանին ու Հարություն Գրիգորյանին ու ասել է, թե իր տունը քանդվում է, Հարությունը վարկաբեկող բաներ է խոսում ամուսնու մոտ իր մասին: Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքի այդ հատվածը: Դատավորը, դիմելով վկային, ասաց. «Դուք մանկավարժ եք, պիտի որ լավ իմանաք քանդելու ու քանդվելու տարբերությունը, Ջեմմա Խաչատրյանը Ձեզ քանդելո՞ւ, թե՞ քանդվելու մասին էր ասում»:

Վկան ասաց, որ բառերի հերթականությունը հստակ չի հիշում, մոտավոր է հիշում խոսքերը: Վկան նաեւ տեղյակ չէր, որ այն հեռախոսահամարը, որից զանգ է հնչել Արման Կատունյանին ու շոշափվել է իր անունը, հայտնաբերվել է Հարություն Գրիգորյանի մեքենայի բեռնախցիկում: Այս մասին վկան տեղեկացավ Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930