Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրու օրվա տոնական համերգը անճաշակ էր ու սխալ կազմակերպված». Գյումրու Ջազ ակումբի հիմնադիր

Սեպտեմբեր 07,2015 12:23

Գյումրու Ջազ ակումբի հիմնադիր, ճանաչված պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրու օրվա առիթով կազմակերպված տոնական համերգին, ասաց. «Ցանկացած համերգ կազմակերպելիս, առավել եւս՝ զանգվածային համերգներ, գեղարվեստական խորհուրդ պետք է լինի: Պիտի հավաքվեն այն մարդիկ, որոնց խելքը հասնում է, ով զբաղվել է, ով կազմակերպել է նմանատիպ մեծ մասշտաբային համերգներ:

Ես ուզում եմ մի քանի հարցերի պատասխաններ իմանալ՝ ո՞վ է մտածում, ո՞վ է որոշում այդ համերգի ձեւաչափը, քաղաքապետարանի մշակույթի բաժի՞նը, ի՞նչ մասնագետներ են այնտեղ, երգիչների, միջոցառման ցանկը ո՞վ է որոշում: Ես՝ որպես գյումրեցի, 15 տարի հենց այդ գործունության մեջ լինելով եմ ուզում իմանալ, թե կա՞ գեղխորհուրդ, ովքե՞ր են այդ խորհրդի կազմում:

Ասեմ, որ սխալ ձեւաչափով համերգ էր եւ վատ էր թե՛ տեխնիկապես, հրապարակում միայն բեմի մասում էր լսվում հնչյունը, կողքերի մասում ընդհանրապես չէր լսվում: Էլի եմ ասում, եթե մասշտաբային համերգ են կազմակերպում կամ ամեն ինչ պետք է լավ լինի կամ ընդհանրապես չլինի այդ համերգը, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Նաեւ անդրադառնամ մեր մշակույթի բաժնի պետին: Ասեմ, որ քաղաքի մշակույթի բաժնի պետը իրավունք չունի իր հարցազրույցների ժամանակ ասել, որ ես ձեւաչափ եմ փոխում եւ կենտրոնական, գլխավոր համերգի ժամանակ պետք է բեմ բարձրանան ռեփ, հիփ հոպ, RNB-ի երաժիշտներ, երգիչներ ու ելույթ ունենային վաստակավոր արտիստների կողքին: Օրինակ՝ լեգենդար Ջակի՝ Գագիկ Բարսեղյանի կողքին ճիշտ չէր, որ ռեփ երաժշտություն հնչեր, որովհետեւ այդ նույն համերգն ամբողջ աշխարհն է սոցցանցերով, ինտերնետով դիտում, գյումրեցուն վայել չէ փողոցային ժարգոններով ելույթ ունենալ գլխավոր համերգի բեմից:

Նորից եմ ասում՝ տեխնիկապես հագեցած չէր համերգը, ընդհանուր այդ համերգը անճաշակություն էր, եւ կարող եմ ասել՝ կազմակերպչի կողմից շատ անգրագետ էր կազմակերպված:

Որպես ինքս կազմակերպիչ, կառաջարկեմ վաղվանից գեղարվեստական խորհուրդ հավաքել մյուս տարվա Գյումրու օրվա համար, հրավիրել մասնագետներ: Եթե քիչ են ու Գյումրիում չկան մասնագետներ (չնայած չեմ կարծում, որ չկան), թող Երեւանից հրավիրեն (չնայած դեմ եմ Երեւանից հրավիրելուն), խորհուրդներ հարցնեն ու մյուս տարվա համերգին պատրաստվեն ավելի լուրջ: Իսկ եթե կասեն, որ գումարներ չունենք, գումարը քիչ է, թող ընդհանրապես չանեն, թող անեն փոքր միջոցառում՝ ֆիլմի տեսքով, ավելի քիչ ծախսերով, բայց ավելի արդյունավետ լինի: Բայց եթե անելու ես, պարտավոր ես որակով անել:

Ուզում եմ անդրադառնալ նաեւ անցած տարվա համերգին. Հովհաննես Շիրազի 100-ամյակն ու համաքաղաքային վերջին զանգը մեկտեղ չէր կարելի անել, խառնել իրար, մեկ բյուջեով երկու-երեք միջոցառումներ միանգամից ընդհանրացնել, եւ Արամեն (իհարկե, բոլորն իմ ընկերներն են), ու նմանատիպ ձեւաչափից դուրս երգիչները գային ու Շիրազի հարյուրամյակ շնորհավորեին, դա սխալ եմ համարում:

Կարելի էր մասնագետներ հրավիրել, ռեժիսորներ, նկարիչներ, նրանց ներգրավվածությունը ուղղակի պարտադիր է: Գյումրին ենք ներկայացնում, համերգը մեր դեմքն է:

Հաղորդավարի մասով նույնպես ուզում եմ խոսել, թեեւ բոլորին ծանոթ եմ, բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ, բայց մեր տոնական համերգի հաղորդավարը սխալ էր ընտրված: Մեկ հաղորդավարով մեծ մասշտաբային համերգ, իմ կարծիքով, սխալ է կազմակերպել, եւ պրոֆեսոր Սամվել Գրիգորյանի կողքը երկրորդ կուրսի ուսանող հաղորդավար ու այդ ամբողջ բեռը իր վրա վերցնել, սխալ է… Պետք է ուշադրություն դարձնեին հաղորդավարին, հագուստներին, երգիչներ կային անճաշակ ձեւով էին հագնված:

Նախավերջին համարը՝ Արատտա Ջազ բենդի ելույթում ակնհայտ էր, որ փորձերի պակաս կար, լավ տղաներ են, պրոֆեսիոնալ երաժիշտներ են, բայց կազմակերպիչը պիտի պահանջի երաժիշտից, առանց փորձեր անելու Գյումրին չպիտի ներկայացնել աշխարհին…»:

Ըստ Մկրտիչ Մանուկյանի, երբ ոչ մասնագիտորեն նայում ես համերգին, նորմալ էր. ժողովուրդը ուրախացավ, իջավ հրապարակ, ուրախ օր անցավ, բայց հարցին պրոֆեսիոնալ պետք է մոտենալ, սա մշակութային մայրաքաղաքի միջոցառում է:

Ըստ մեր զրուցակցի, ինքը դեմ է, որ Երեւանից երգիչներ հրավիրեն, քանի որ Գյումրին ունի երգիչներ, հատկապես, երբ մայրաքաղաքի երգիչներին տված գումարի մասին լուրերը զարմացնում են: «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից ու հաղթող Մաշա Մնջոյանին չգիտեմ 20 հազար դրամ են վճարել, թեեւ դա իրենց գործն է, թող Մաշան ասեր 100 կամ 500 հազար, բայց կարելի էր մի քիչ գնահատել, կամ ընդհանրապես չտալ գումար, ասել քաղաքի համար է, էդ երեխան կերգեր: Մեր երեխաներին պետք է գնահատել, մի քիչ ավելին վճարել: Իսկ եթե երեւանցիներ չեն կանչում, միայն գյումրեցիներն են երգում ու ոչ մեկին չեն վճարում, դա ուրիշ բան է: Հաստատ ոչ մեկը գումար չի ուզի, բայց եթե դու երեւանցուն ավելի ես վճարում, իսկ քո գյումրեցուն քիչ ես վճարում, դա սխալ եմ համարում: Մաշան 6 ամիս ներկայացրեց Գյումրին ամբողջ աշխարհում «Արմենիա» հեռուստատեսությամբ, որ Գյումրին կա, ինքը գյումրեցի է եւ դարձավ Հայաստանի ձայնը, քիչ նախագիծ չէ»:

Ըստ Մկրտիչ Մանուկյանի, Գյումրիում պրոֆեսիոնալ կազմակերպիչներ կան, կարելի է հաշվի նստել նրանց հետ: Նա ասաց, որ քաղաքի տոնական համերգի համար արժեր նախապես կազմակերպչի մրցույթ հայտարարել, այդպես է ընդունված աշխարհում: «Մրցույթ հայտարարելը ձեւերից մեկն է, եթե չունես հորեղբոր տղա, քեռու տղա կարգավիճակը, ենթադրենք իշխանություն ես, ասում ես հորեղբորս տղան կազմակերպելու ձեւ գիտի, 15 հատ երգչի անուն գիտի, բերեք իրեն տանք համերգը, դա շատ սխալ ձեւ է:

Մյուսը ձեւը, եթե քաղաքում մի բան կազմակերպում ես, քաղաքում կան մարդիկ, որոնք իրենց կյանքի կեսը ներդրել են այս գործի մեջ, մրցույթ հայտարարեք, ենթադրենք բյուջեն 9 կամ 10 միլիոն դրամ է, թող պահանջներ ներկայացնի մշակույթի բաժնի պետը: Տարբեր կազմակերպիչներ էլ ծրագրեր ներկայացնեն, թե իրենք ինչպես են տեսնում քաղաքի օրը, համերգային մասով եմ ես խոսում, գալա համերգի մասին: Ենթադրենք այս պրոդաքշընը կբերի 8 միլիոն դրամ, ավելի հետաքրքիր ծրագիր, մյուս կգա , կասի ես 2 միլիոնով ավելի արդյունավետ կկազմակերպեմ :

Ես դեմ եմ հրապարակային համերգներին անվանի մարդկանց հրավիրելուն, ժողովուրդը պարել, ուրախանալ է ուզում: Նույն սիմֆոնիկին էլ եմ դեմ, հրապարակային երաժշտություն չէ: Համաձայն եմ, որ բեմի դիմացի 100 աթոռին, որին ղեկավարները նստած են, սիմֆոնիկի կատարմամբ ներկայացնում ենք մեր քաղաքի արժեքը, բայց փակման համերգը պիտի լինի ավելի երիտասարդական, պարային: Մարդը հրապարակ է իջել, կանգնել է ոտքի վրա, որ կոպիտ ասած՝ վայելի: Սիմֆոնիկը թանգարանների բակում կարելի է հնչեցնել, երաժշտությունը ճիշտ պիտի բաշխեն»:

Գյումրու Ջազ ակումբի հիմնադիրը պահանջում է հաշիվ տալ, թե Գյումրու օրվան նվիրված միջոցառումների համար հատկացված 9 միլիոն դրամը ինչպես է ծախսվել, որ միջոցառման համար ինչքա՞ն գումար են հատկացրել, ինչքա՞ն գումար են տվել բեմի համար, լույսերի , մայրաքաղաքից երաժիշտներ հրավիրելու եւ այլնի համար:

«Ճկուն պիտի լինի քաղաքապետարանի մշակույթի բաժինը, այնպես չէ, որ ես 9 միլիոնն ունեմ, ուրեմն լավ է: Չէ՞ որ դու զանգում ես Արսեն Գրիգորյանին, կան մարդիկ, որոնք կարող են նրան զեղչված գներով հրավիրել Գյումրի, կարող է մշակույթի բաժինը չի կարող ստիպել նույն երաժիշտին ճիշտ հագուստով բեմ բարձրանալ, բայց ինչ-որ պրոդաքշն այդ փորձն ունի, գիտի ոնց անի: Նրանք կարող է նկարահանման ռեժիսոր, նկարիչ ունեն, որ նայում ես՝ բոլոր կողմերից սխալներ են թույլ տվել, այդքան փողով կարելի էր գրագետ բան անել, ճաշակով համերգ կազմակերպել, իսկ համերգը սխալ էր ու անճաշակ»:

Ըստ Մկրտիչ Մանուկյանի, քաղաքապետարանի մշակույթի բաժինը պիտի ճաշակ թելադրի, ոչ թե շուկան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Մկրտիչ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գրետա says:

    Քեզ ոչ ոք չեր ստիպել մասնակցել միջոցառումներին,սակայն դու և քո ընտանիքը մեծ հաճույքով բոլոր տեղերը երևացիք անգամ փաստող լուսանկարներ կան այնպես, որ մի փորձիր սևացնել քաղաքապետարանի կատարած ՓԱՅԼՈՒՆ աշխատանքը: Հ՚՚՚՚.Գ. հաճախելով ջազ ակումբ մենք էլ միշտ չէ, որ գոհացած ենք մնում,բայց մեզ թույլ չենք տալիս նման աստիճանի ցածրանալ և այսպիսի գռեհիկ արտահայտություններ անել՚՚՚: Այնպես որ ՀԱՐԳԵԼԻ Մկրտիչ ջան եղունգ ունես գլուխտ քորի:

  2. Արսեն says:

    Հարգելիներս քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա իմ վաղեմի ընկեր Մկրտիչի հետ որի հետ առիթ ունեցել եմ աշխատել բազում համերգային նախագծերում,զրուցեցինք քաղաքի օրվա տոնակատարության շուրջ բարձացված աղմուկի մասին որտեղ շոշափվել էր նաև իմ անունը,ընկերս հավաստիացրեց,որ քննադատությունների մեջ ի նկատի է ունեցել բացառապես,այն արտիստներին որոնք բեմ են բարձրացել ոչ հավուր պատշաճի զգեստներով և հավաստեց ևս մեկ անգամ որ խնդիրը չէր կարող,վերաբերել ինձքանի որ ես ճիշտ բեմական հագուստով էի:

  3. Խարատուր Խաչատուր says:

    Անկախ Հայաստանի Գյումրու բոլոր քաղաքապետարաններից անպակաս Գրետա ջան, ես չեմ հասնի քո որակներին, որովհետև դրանք անմեկնելի ու անժխտելի են, բայց ամեն օր դու բացահայտում ես քո անսպառ «տաղանդի» նոր շերտերը, զորօրինակ լրտեսությունը: Մենք հիմա նոր հասկացանք, որ Գյումրու քաղաքի օրվան ներկա բոլոր մարդիկ ցուցակագրվել ու գույքագրվել են և համարակալվել են Գյումրու քաղաքապետարանի կարկառուն, քեզ չափ անփոխարինելի չասեմ ինչի կողմից (լեզուս չի պտտվում) ու մի բան էլ է այսուհետ անթաքույց, դուք եզակի կառույց եք, որտեղ բոլորը ամեն ինչով զբաղվում են, անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից և հակումներից: Վերջին գործոնը հատկապես շատ խոսուն է, բայց ես Գրետա ջան, քո խաթր կլռեմ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930