Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը մասնագիտական կարծիք է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

Սեպտեմբեր 07,2015 23:10

Աշխատանքային խմբի կարծիքով՝ ցանկալի կլինի պահպանել ՀՀ օրենսդրության մեջ արդեն կիրառվող «ազգությամբ հայ» եզրույթը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խումբը մասնագիտական կարծիք է ներկայացրել Սահմանադրական փոփոխությունների նախագծի, մասնավորապես՝ 1-ին, 2-րդ, 7-րդ եւ 8-րդ գլուխների վերաբերյալ:

Աշխատանքային խումբը անդրադարձել է փոփոխությունների նախագծի 17-րդ հոդվածին՝ «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի», ըստ որի պետության եւ եկեղեցու հարաբերությունները կարգավորման հնարավորությունը թողնվել է հատուկ համաձայնագրի կարգավորմանը:

«Կարծում ենք տրամաբանական է ի սկզբանե բացառել այն հնարավոր մեկնաբանությունը, որ քննարկվող դրույթում խոսքը գնում է քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքվող համաձայնագրի մասին: Մասնավորապես՝ դժվար է պատկերացնել, թե ի՞նչ կարիք կա սահմանադրության մակարդակով նախատեսել Հայաստանի Հանրապետության եւ հայ առաքելական եկեղեցու միջեւ քաղաքացիաիրավական հարաբերությունների պայմանագրային կարգավորման հնարավորությունը»,- ասված է մեկնաբանությունում:

Աշխատանքային խումբն առաջարկում է 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել որպես. «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:

Անդրադարձ է կատարվել նաեւ 41-րդ հոդվածին՝ «Կարծիքի արտահայտման ազատությունը»: Ըստ աշխատանքային խմբի՝ հոդվածը գործող Սահմանադրության 27-րդ հոդվածի վերախմբագրված տարբերակն է: Աշխատանքային խումբը նաեւ համարում է, որ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավունքի սահմանափակման հնարավոր դեպքերի համար «կարող է սահմանափակվել միայն օրենքով» ձեւակերպումը խիստ անհաջող է. «Տվյալ դեպքում ավելի նպատակահարմար է «կարող է սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով» ձեւակերպման կիրառումը: Հակառակ դեպքում՝ հասկացվում է, որ յուրաքանչյուր սահմանափակման դեպքի համար անհրաժեշտ է օրենքի ընդունում»:

Նույն նկատառումը աշխատանքային խումբը արել է նաեւ 43-րդ հոդվածի՝ «Հավաքների ազատությունը», վերաբերյալ: Իսկ 46-րդ հոդվածում՝ «Քաղաքացիության իրավունքը», խումբը նկատել է, որ «ազգությամբ հայ» արտահայտության փոխարեն օգտագործվել է «հայազգի» եզրույթը: Ըստ նրանց՝ ցանկալի կլինի պահպանել ՀՀ օրենսդրության մեջ արդեն կիրառվող «ազգությամբ հայ» եզրույթը. «Ամեն դեպքում, եզրույթի իմաստային փոփոխության անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել «հայկական ինքնություն ունեցող» կամ «հայկական ծագում ունեցող արտահայտությունները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930