Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրագրերը չեն կարող որեւէ կերպ ազդել դատարանի անկախության վրա». Փաստաբանների պալատի աշխատանքային խումբ

Սեպտեմբեր 07,2015 23:44

Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը «Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը» հոդվածը «հետքայլ» է համարում գործող Սահմանադրությունից

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խումբը մասնագիտական կարծիք է ներկայացրել Սահմանադրական փոփոխությունների նախագծի, մասնավորապես՝ 1-ին, 2-րդ, 7-րդ եւ 8-րդ գլուխների վերաբերյալ:

Աշխատանքային խումբը անդրադարձել է 52-րդ հոդվածին՝ «Հանրագրերի իրավունք»: Մասնավորապես նշված է, որ տվյալ հոդվածը նորամուծություն է Սահմանադրության մեջ եւ ներառում է ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքների՝ պետական մարմինների գործունեության թափանցիկության, քննադատության, վերահսկելիության, մատչելիության, հասանելիության հասկացությունները: Խումբը համարում է, որ հանրագրերը չեն կարող որեւէ կերպ ազդել դատարանի անկախության վրա եւ այն հանգամանքը, որ այդ մասին նշված չէ նախագծում, ըստ նրանց, լուրջ բացթողում է: Այդ իսկ պատճառով առաջարկվում է նախատեսել համապատասխան դրույթ, որ հանրագիրը չի կարող ներկայացվել դատարաններին:

59-րդ հոդվածի՝ «Դատական պաշտպանության իրավունքը. մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին դիմելը», առաջին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ եւ օրենքով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Աշխատանքային խումբն առաջարկում է հանել «Սահմանադրությամբ եւ օրենքով ամրագրված» բառերը. «Քանի որ նշված ձեւակերպումն անհարկի սահմանափակում է դատական պաշտպանության ենթակա իրավունքների շրջանակը (օրինակ՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, որը չգիտես՝ ինչու հանվել է նախագծի տեքստից, սակայն ամրագրված է ինչպես գործող Սահմանադրությունում, այնպես էլ՝ Կոնվենցիայում)»:

Իսկ 63-րդ հոդվածը՝ «Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը», Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը «հետքայլ» է համարում գործող Սահմանադրությունից: Նման դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ «իր ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու» փոխարեն սահմանվում է «իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու» ձեւակերպումը. «Նման կարգավորումն անթույլատրելի է, քանի որ գործնականում դա կարող է կիրառվել ցուցմունքներ կորզելու նպատակով: Մասնավորապես՝ պրակտիկայում հնարավոր է, որ լինեն դեպքեր, երբ առաջին հայացքից, օրինակ՝ ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ «չեզոք»՝ ոչ դեմ ցուցմունքը, հետագայում կիրառվի նրանց իսկ դեմ: Անձինք պետք է ունենան իրենց ամուսինների կամ մերձավոր ազգականների վերաբերյալ լռություն պահպանելու իրավունք, ինչը հնարավոր չէ նախագծով առաջարկվող ինքնակարգավորման դեպքում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930