Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. «Մենք պետք է մեզ համապատասխանող Սահմանադրություն ունենանք»

Սեպտեմբեր 08,2015 23:20

Արմեն Աղայանը համարում է՝ ժողովուրդը մերժելու է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը,

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նորաստեղծ «Ոչ ՀՀԿ սահմանադրությանը» նախաձեռնությունը սեպտեմբերի 8-ին Ազատության հրապարակում իր առաջին հանդիպումն էր կազմակերպել: Ազատության հրապարակում՝ նախաձեռնության անդամների կողքին, ներկա էր նաեւ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք Արմեն Աղայանը մասնակցո՞ւմ է նորաստեղծ նախաձեռնությանը, նա պատասխանեց՝ ոչ, պարզապես ճանաչում է նախաձեռնության անդամներին եւ Ազատության հրապարակով անցնելիս է եղել, հանդիպել է նրանց: Չնայած նրան, որ նա սահմանադրական բարեփոխումների քննարկմանը չէր մասնակցում՝ նա մեզ հետ զրույցում անդրադարձավ նրա վիճահարույց դրույթներին:

«Ոչ մի բարեփոխման մասին խոսք լինել չի կարող: Հայաստանում, իհարկե՛, Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը անձամբ ես զգում եմ. մենք  25 տարի է ունենք մի Սահմանադրություն, որը միաբեւեռ համակարգ է ձեւավորել, եւ մեր բոլոր ընտրությունների պրակտիկան ցույց է տալիս, որ այդ Սահմանադրությունը ոչ մի կերպ չի նպաստում հայ ազգի հավաքական մտագործունեությանը, ազգային, քաղաքական որակյալ որոշումների կայացմանը: Սակայն, այդքանով հանդերձ՝ Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը իրենց վերջին տարիների գործունեության պատճառով զուրկ են որեւէ բարոյական իրավունքից որեւէ բան փոխելու: Առավել եւս՝ նրանց առաջարկած բոլոր փոփոխությունները 1 նպատակ ունեն՝ Սերժ Սարգսյանի ժամկետի վերջանալուց հետո ինչ-որ կերպ իշխանական լծակներն ամբողջությամբ կամ գոնե ինչ-որ մասով որոշ ժամանակով երկարաձգել, պահպանել: Այս մոտիվացիան նույնպես բացարձակ մերժելի է»,- ասաց նա:

Արմեն Աղայանի կարծիքով՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող սահմանադրական դրույթները Հայաստանում կաղալու են. «Մենք ունենք շատ սպեցիֆիկ խնդիրներ, շատ սպեցիֆիկ ազգային կառուցվածք, մենք պետք է մեզ համապատասխանող Սահմանադրություն ունենանք: Օրինակ՝ հայտնի է, որ Հայաստանում կուսակցություններ չեն սիրում, կուսակցականությունը ընկալվում է որպես ազգային պառակտման դրսեւորում, սա իր հիմնավորումն ունի, երբ որ մենք խոսում ենք ֆորմալ քաղաքագիտական տեսակետից կարծես թե հիմարություն է այս միտքը, բայց սա կարծես թե ինչ-որ փորձով, կենսափորձով ազգային իմաստության մակարդակի է արդեն հասել այսօր:

Ուրեմն՝ սա չի կարող չարտացոլվել հայազգի հիմնարար փաստաթղթում: Հայաստանում ազգային պետական որոշումների կայացման համակարգը արհեստականորեն չպետք է կկուսակացականացվի, ինչը որ տեղի է ունենում թե՛ գործող Սահմանադրության պայմաններում, թե՛ առաջարկվող փոփոխությունների պայմաններում նույնն է լինելու՝ էլ ավելի վատ. Սերժ Սարգսյանը հավակնում է ՀՀԿ-ի միակուսակցականությունը ամրագրել, մի բան էլ միաբեւեռացման նոր ավելի զարգացման մակարդակի է փորձում անցնել»:

Նա համարում է, որ ժողովուրդը մերժելու է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, չխորանալով հոդվածների մեջ, միայն այն հանգամանքի համար, որ այդ նախագիծն առաջարկել է Բաղրամյան 26-ը:

Մեր հարցին, թե արդյոք «Հայազն»-ը միանալո՞ւ է ոչ-ի ճակատին, Արմեն Աղայանը պատասխանեց. «Դեռ պարզ չէ, թե այդ ճակատ ասվածն ինչ է: Եթե ճակատ ասվածը վաղը մյուս օրը վերածվելու է նախընտրական դաշինքի, ապա մենք չենք միանա որեւէ նախընտրական դաշինքի, որովհետեւ այսօր ոչ ասող բազմաթիվ քաղաքական ուժերի հետ մենք կիսելու ոչ մի բան չունենք: Իրականում, իմ անձնական կարծիքով, գոյություն ունի երկու ճակատ, մի ճակատը նա է, որ ասում է այսօրվա Սահմանադրությունը լավն է, Սերժ Սարգսյանը ոտնձգում է այս հիանալի Սահմանադրությունը, ուրեմն՝ մենք պետք է ատամներով պաշտպանենք մեր սուրբ Սահմանադրությունը, որ քսան քանի տարի մեզ ծառայում է: Սա մեր ճակատը չէ:

Կա մյուս ճակատը, որ ասում է սահմանադրական փոփոխությունը, ըստ էության փոփոխություն չէ, գործող Սահմանադրության բոլոր արատները ծաղկացրած են, կատարելության են հասցված, ավելի բաձր մակարդակի են հասցված, փորձ է կատարվում միաբեւեռ քաղաքական համակարգի, որը անձի շուրջ էր, վերածել ավելի երկարատեւ, կայուն, կուսակցության շուրջ ձեւավորվող միաբեւեռ համակարգի, եւ այդ պատճառով ենք մենք դեմ: Կան ուրիշ ճակատներ էլ, ուղղակի ավելի պակաս նշանակություն ունեն, մարդ կա սա ուզում է օգտագործել որպես առիթ փողոցում մի հատ ակցիա անելու համար, մարդ կա սա օգտագործում է որպես առիթ Եվրամիությանը քննադատելու համար, բայց հիմնականը այս երկուսն են: Մեր միասնությունն այնտեղ է, որտեղ երկուսս էլ դեմ ենք այս փոփոխություններին, բայց ունենք նաեւ տարբերություն՝ սա կազմակերպչական ձեւաչափ կստանա՞, չի ստանա՞, որ փուլում ի՞նչ համագործակցություն կլինի ընթացիկ հարց է, ինձ թվում է՝ աշխատանքային ռեժիմով դրանք կլուծվեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930