Լրահոս
Օրվա լրահոսը

Կարոտի բանաձեւումը՝ ըստ Լուսինե Խաչատրյանի

Սեպտեմբեր 09,2015 12:30

Սեպտեմբերի 5-ին եւ 6-ին Համազգային թատրոնում բեմ բարձրացավ մի ինքնատիպ ներկայացում, որ կոչվում էր «Կարոտ»։ Սա պարզ ներկայացում չէր, այլ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի ստեղծագործական փնտրտուքի պտուղը, որ սահմանվում է որպես դաշնամուրային թատրոն։ Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող եւ բազմաթիվ անվանի մրցանակների արժանացած դաշնակահարուհին գտել է իր հույզերն ու մտքերն արտահայտելու նոր բանաձեւ։ Երաժշտության եւ թատերարվեստի միահյուսվածքի միջոցով Լուսինե Խաչատրյանն այս անգամ անդրադարձել էր հայ երեւույթին՝ փորձելով գտնել այն գաղտնաբառը, որ կբացահայտի մարդու, մշակույթի եւ ոգու տեսակը, որ հայ անունն է կրում։

Բեմում երեքն էին՝ Լուսինեն, դաշնամուրը եւ շարժապատկերների այն շարքը, որը մշակել էր դաշնակահարուհու եղբայրը՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Դերասանական խաղի հետ զուգորդված կատարողական մեծ վարպետության շնորհիվ Լուսինեն հանդիսատեսին էր փոխանցում իր հույզերի ողջ աշխարհը։ Դաշնամուրը ներկայացման մեջ գործող անձ էր, որ կիսվում էր իր պատմությամբ, ինչին օգնում էին մեր մշակութային եւ հոգեւոր արժեքները ներկայացնող, երբեմն նաեւ սիմվոլիկ շարժապատկերները։ «Կարոտը», որ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, արդեն իսկ ներկայացվել է Ավստրիայում եւ Գերմանիայում, օտարազգի հանդիսականի առջեւ մի քանի գաղտնիք բացել հայ մշակույթից ու հոգեկերտվածքից։

Karot2

Խաչատրյան ընտանիքի կերտած այս ներկայացումը՝ լի անթաքույց սիրով, ցավի վերապրումով ու գիտակցված հպարտությամբ, հայ ժողովրդի մշտարթուն հույսի ու հավատի ապացույցն է։ Ներկայացումների ողջ հասույթը Լուսինե Խաչատրյանը նվիրեց Համազգային թատրոնի շենքի կառուցմանը՝ այս քայլով եւս ի ցույց դնելով այն հայի կերպարը, որ պահել ու պահելու է մեծ ու խառնաշփոթ աշխարհի մի անկյունում ծվարած մեր փոքր ազգը։

ՄԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

արվեստագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
08.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930