Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Իմ ձեռքի տակ կան բավական մեծ տրամաչափի զենքերի մնացորդներ». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 09,2015 12:34

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ

   -Հիմնական հարցերից մեկը, որ հավանաբար ձեզ էլ պետք է մտահոգի, որպես տավուշցի պատգամավորի, հետեւյալն է. սահմանային իրավիճակն աննախադեպ սրվել է, իսկ մենք, անվտանգության խնդիրները թողած, զբաղված ենք սահմանադրական փոփոխություններով։ Այս հարցադրումը տեղի՞ն է, ձեր կարծիքով։ 

-Սահմանային սրացումներ միշտ էլ եղել են եւ, ցավոք, լինելու են, քանի դեռ խնդիրը վերջնականապես լուծված չէ։ Ընդհանրապես այս ժամանակահատվածում՝ աշնանային բերքահավաքի օրերին, սահմանում լարվածությունը, որպես կանոն, ուժգնացել է, չհաշված նախորդ տարվա ամառային սրացումները։

Համոզված եմ, որ մինչեւ բերքահավաքի, հատկապես խաղողահավաքի ավարտը ականատես կլինենք նման երեւույթների, բայց սրանից ամենեւին չի հետեւում, թե մեր դիրքերը թուլացել են. մեր բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը։ Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ վերջին 4 օրերին եղել եմ Տավուշի մարզի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերում՝ Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար եւ այդպես շարունակ՝ մինչեւ Չինարի, եւ ոչ մի տեղ խուճապային տրամադրություններ չեմ տեսել. հակառակորդի հրետակոծություններն այստեղ նորություն չեն։

   -Նորությունը օգտագործվող զենքի տրամաչափն է։

-Զենքի տրամաչափը փոխվել է, բայց պատերազմի ժամանակ սահմանամերձ համայնքներն ավելի «բեթար» փորձությունների միջով են անցել, այնպես որ՝ դա էլ նրանց համար նորություն չէ։ Նորությունն այն է, որ հատկապես Պառավաքարին, Ներքին Կարմիրաղբյուրին, Այգեպարին եւ Չինարիին սահմանամերձ Աղդամ, Ալիբեյլի, Թաթրլի գյուղերի բնակչության մեծամասնությունը տարհանվել է։

Ոչ թե կազմակերպված ձեւով տարհանվել է, այլ մարդիկ խուճապահար փախել են. սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերում խուճապային իրավիճակ է տիրում, գյուղերը գրեթե կիսով չափ դատարկվել են։ Անգամ հեռադիտակով կարելի է ֆիքսել՝ ամեն առավոտ մի քանի հոգի մեքենայով գալիս են, անասուններին կերակրում ու գնում. գյուղերում երեւում են միայն թափառող անասուններ՝ մարդիկ ընդհանրապես չեն նշմարվում։

   -Վստա՞հ եք, որ խոսքը «պատերազմական գործողությունների վերսկսմանն» ընդառաջ կազմակերպված տարհանման մասին չէ։

-Կազմակերպված չէ, որովհետեւ ադրբեջանական իշխանությունների, ռազմական իրավիճակը վերահսկող կառույցների կողմից սահմանում նույնիսկ բլոկ-պոստեր են դրվել, եւ ժողովրդին թույլ չեն տալիս անցնել։ Դիմադրություն, տուրուդմփոց, խուճապ. առաջնագծում տեղակայված մեր ստորաբաժանումները եւ սահմանամերձ գյուղերի բնակիչները հեռադիտակներով տեսել են այդ ամենը, նույնը հաղորդում են նաեւ համապատասխան ծառայությունները։

Իրականում հայկական կողմում որեւէ խուճապ չկա՝ ժողովուրդը, բանակը ամբողջությամբ պատրաստ է պաշտպանելու մեր սահմանը, ավելին՝ որքան շատ է մեծանում լարվածությունը սահմանում, այնքան ավելի է ամրապնդվում ժողովուրդ-բանակ միասնությունը, ինչը չի կարելի ասել ադրբեջանական կողմի մասին։
Այնպես որ, պետք չէ չափազանցությունների մեջ ընկնել. նմանատիպ սրացումներ միշտ եղել են, այդ դեպքում դրանք ինչ-որ տեղ հետեւանք են նաեւ «Շանթ-2015» զորավարժությունների, որ վախի մթնոլորտ են ստեղծել Ադրբեջանում. նույնիսկ հերյուրանքներ էին տարածում, թե իբր հայկական բանակը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա՝ փորձում են միջազգային հասարակական կարծիք ստեղծել, ինչը նրանց չի հաջողվի։

Ուրիշ բան, որ տրամաչափի փոփոխության հարցը պետք է բարձրաձայնել բոլոր միջազգային հարթակներում։ Իմ ձեռքի տակ կան բավական մեծ տրամաչափի զենքերի մնացորդներ, որ հավաքել եմ սահմանամերձ բնակավայրերից եւ փորձելու եմ ներկայացնել միջազգային հանրությանը որպես իրեղեն ապացույց՝ առ այն, թե ինչ տրամաչափի զենքերից են նրանք կրակում խաղաղ բնակչության վրա, եւ հիմնավորել, որ հակառակորդը չափն անցել է՝ դրա դեմը պետք է առնել։
Կարծում եմ, մի քանի օր անց իրավիճակը կհանդարտվի, սահմանային լարվածությունը կթուլանա, իսկ սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտ են մեր ժողովրդին՝ երկարաժամկետ հեռանկարում երկրի բնականոն զարգացումն ապահովելու համար։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930