Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունն առաջարկում է «հեղափոխություն» էներգետիկ ոլորտում եւ ՀՀ տնտեսությունում

Սեպտեմբեր 09,2015 19:35

Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարարության նախագծի, մեր երկրի տնտեսությունն է դիվերսիֆիկացվելու ու էներգետիկ անկախություն ենք ունենալու

էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարարությունը վաղվա կառավարության նիստին մի նախագիծ է ներկայացնելու, որն ընդունելուց եւ այն իրագործելուց հետո, եթե հավատանք նախարարության հիմնավորմանը, մեր երկրի էներգետիկ ոլորտում  ու առհասարակ Հայաստանում իսկական բարեփոխումներ կլինեն,նույնիսկ՝ հեղափոխություն:

Նախարարությունն   առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել մի շարք օրենքներում, որն ըստ այս գերատեսչության, ուղղված է Հայաստանում էներգախնայողությանն ու վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության եւ դրա իրագործման մեխանիզմների ապա­հով­մանը` մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսական եւ էներգետիկ անկախության ամրապնդմանը, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զար­գա­ցումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը եւ ծառայությունների կազմակերպ­մանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցու­թյուն­ների նվազեցմանը:

Նախարարությունը հղում անելով որոշ օրենքների եւ ակտերի, սահմանվում են ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների էլեկտրաէներգետիկական համակարգին միանալու եւ զուգահեռ աշխատանքի, ինչպես նաեւ  այդ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանները: Սակայն, վերջին շրջանում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն եւ ՀԾԿՀ  են դիմում  մի շարք ինքնավար էներգաարտադրողներ տեղեկացնելով, որ որոշ ակտերի համաձայն էլեկտրաէներգետիկական համակարգին միացումը ե էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրի կնքումը ՀԷՑ-ի  կողմից չեն իրականացվում՝ հարկային օրենսդրության համաձայն հարկային ձեւակերպումների կատարման առնչությամբ առաջացած խնդիրների պատճառով:

Այս ամենի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ, փաստորեն հարկային օրենսդրությամբ հաշվի չեն առնված էներգետիկայի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ ինքնավար էներգաարտադրողների համար նախատեսված կարգավորման առանձնահատկությունները, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ինքնավար էներգաարտադրողների զուգահեռ աշխատանքը եւ համապատասխան կարգերի կիրառությունը դարձել են անհնար:

Ուստի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին»,  «էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին», «էներգետիկայի մասին», «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին» եւ «Եկամտային հարկի մասին» օրենքներում:

Եթե նախագիծը Ազգային Ժողովում էլ ընդունվի, ապա նախարարությունը կանխատեսվում է, որ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն եւ  մաքուր՝«կանաչ» տեխնոլոգիաների կիրառմամբ  արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում արեւային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման ներկրման եւ արտադրության այլընտրանքային ուղիների ապահովման եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից,  կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930