Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարի. «Ըստ էության, իրավիճակը ոչինչով չէր տարբերվում Մարտի 1-ից». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2015 19:55

«Եթե ինձ պետք է լռեցնել, պետք է լռեցնել այնպես, ինչպես լռեցրեցին Մարտի մեկի զոհերին, այլապես՝ ես չեմ լռի»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը սանկցիա կիրառեց Վարդգես Գասպարիի նկատմամբ, քանի որ նա դատարանի առաջ չէր կանգնում, եւ որոշեց հեռացնել նրան, սակայն Գասպարին չգնաց, եւ կարգադրիչները նրան դուրս հանեցին Վարչական դատարանի շենքից:

Միջադեպից հետո Վարդգես Գասպարին Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ողջունում է իր համար քաղաքական մեծ գործիչ Հայկ Կյուրեղյանին, որը սկզբունքային մոտեցում է ցուցաբերել. «Ես համարում եմ, որ ոչ միայն պետք է լինեմ արդարադատության «սպառողը», այլ նաեւ պաշտպանը: Բոլոր վճիռները, որոնք անվավեր են ճանաչվել ՄԻԵԴ-ում, ուրեմն՝ դրանք ակնհայտ անօրինականություն են եղել, չեն եղել դատական սխալ որոշումներ, այնտեղ եղել են ակնհայտ կողմնակալ որոշումներ»:

Նա ասաց, որ կարծում է՝ այլեւս դատարանների առաջ բացարձակապես չի կանգնի. «Ինչ սանկցիա ուզում են, միեւնույնն է՝ դատարաններում ոչ մի նշանակություն չունի՝ կանգնես, վիճես, ինչ անես: Առավել եւս, որ այդ դատավորները, ոստիկանները, բոլոր ստանում են աշխատավարձ, այդ թվում՝ ինձնից: Եվ կրկնակի ես ժամանակս վատնեմ, որպեսզի խամաճիկ թատրոնի մասնակից լինե՞մ: Դա էր խնդիրը»:

Այն հանգամանքը, որ դատավորը սանկցիա կիրառեց եւ կարգադրիչները նրան դատարանից դուրս հանեցին, Գասպարին բնութագրեց որպես իշխանության վերաբերմունք. «Իրենք որոշում են՝ վիրավորել եմ, իրենք որոշեցին, որ բերեն դնեն դուրս եւ իրենք իրենցով կքննարկեն, իրենք իրենցով վճիռ կկայացնեն, ինչ որ կհասնի ինձ նա է, որ բռնություն կկիրառեն կամ իմ բանկային հաշվից գումար կվերցնեն»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք կարգադրիչները իրեն վնաս պատճառե՞լ են, նա պատասխանեց՝ այս անգամ ո՛չ. «Ըստ էության, իրավիճակը ոչինչով չէր տարբերվում Մարտի մեկից այն առումով, որ մոտեցումը նույնն էր: Այնտեղ օրը ցերեկով չէր, պայմանները նպաստավոր էին, տեսախցիկ չկար, այ հենց այս մարդիկ գնդակահարեցին իմ հարազատներին: Էությունը նույնն էր: Իմ մոտեցումն այն է, որ երբեք չմտածեն, որ ահաբեկվել եմ Մարտի մեկի սպանությունից, ես չեմ ահաբեկվել: Եթե ինձ պետք է լռեցնել, պետք է լռեցնել այնպես, ինչպես լռեցրին Մարտի մեկի զոհերին, այլապես՝ ես չեմ լռի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930