Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվում է Հանրային փրկության ճակատ

Սեպտեմբեր 10,2015 21:45

2015 թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում մեկնարկեց վեց հասարակական-քաղաքական միավորումների նախաձեռնությամբ Հանրային փրկության ճակատի ստեղծման նպատակով հրավիրված Կլոր սեղանի երկրորդ փուլը, որի ընթացքում քննարկվեց Ճակատի ստեղծման մասին հայտարարության նախագիծը: Այս, ինչպես նաև նախորդ փուլի քննարկումը տեղի ունեցավ մամուլի ներկայությամբ և հեռարձակվեց ուղիղ եթերով, ինչը աննախադեպ է հայաստանյան քաղաքական մշակույթի համար: Քննարկումը տեղի ունեցավ շատ բուռն մթնոլորտում և ուղեկցվեց շատ սուր բանավեճերով, ինչը մասնակիցները գնահատեցին որպես դրական երևույթ, փաստելով, որ ժողովրդավարությունը աղմկոտ երևույթ է:

Շուրջ երեք ու կես ժամ տևած քննարկման ավարտին մասնակիցները հայտարարության նախագծի տեքստի շուրջ հանգեցին սկզբունքային համաձայնության: Նրանք նախաստորագրեցին հայտարարության նախագիծը և որոշեցին մինչև սեպտեմբերի 21-ը Ճակատում ընդգրկելու նպատակով շարունակել բանակցությունները մյուս ընդդիմադիր ուժերի հետ և արդեն սեպտեմբերի 21-ին ստորագրել ու հրապարակել Հանրային փրկության ճակատի ստեղծման մասին հայտարարությունը:

Հայտարարության նախագծում, մասնավորապես, նշվում է այն մասին, որ այն ստորագրող և Ճակատ կազմող հասարակական-քաղաքական միավորումները ձեռնամուխ են լինում նոր սահմանադրության ընդունման գործընթացի կասեցման, ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախմբի հեռացման և ժողովրդի իշխանության հաստատման գործին, ինչի նպատակով պատրաստվում են Ճակատի շուրջ մոբիլիզացնել ժողովրդին, այնուհետև իրավունքի ուժով ու գործող Սահմանադրությանը համապատասխան իրականացվող քաղաքացիական անհնազանդության քայլերով ստիպել վարչախմբին հրաժարվելու նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունից և հասնել Նախագահի պաշտոնը յուրացրած Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հրաժարականին, որից հետո նախատեսում են կազմակերպել ազատ և արդար արտահերթ ընտրություններ:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930