Վճռաբեկ դատարանն առավոտցու գործով բողոքը վարույթ չի ընդունել

Վճռաբեկ դատարանն առավոտցու գործով բողոքը վարույթ չի ընդունել

Օգոստոսի 26-ի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի որոշումը «Առավոտը» ստացել է երեկ: Վճռաբեկ դատարանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի այս տարվա հունիսի 25-ի վճռի դեմ բերված ԱՄՆ քաղաքացի Նարինե Իսմաիլի Նատալի ներկայացուցիչների բողոքը մերժել է:
Դատարանը գտել էր, որ «բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն բողոքը քննության ընդունելու հետեւության հանգելու համար»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ քաղաքացու ներկայացուցիչները՝ փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը, դիմել էին դատարան՝ ընդդեմ «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի, «Փաստինֆո» տեղեկատվական կայքի պատասխանատու «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» կազմակերպության, լրագրող Սոնա Մաշուրյանի ՝ ընկերությանը հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ընկերությանը եւ Ռուզան Մինասյանին համապարտության կարգով 400.000 ՀՀ դրամ գումար որպես բարոյական վնաս փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ դատական ծախսերը բռնագանձելու պահանջների մասին:

Նույն պահանջը վերաբերում էր նաեւ Սոնա Մաշուրյանին:

Նրանց հայցը առաջին ատյանի դատարանը մերժել էր, կողմը դիմել էր նաեւ վերաքննիչ դատարան, վերաքննիչն անփոփոխ էր թողել, եւ վճռաբեկ դատարանն էլ հանգել էր նրան, որ «բողոքաբերները չնայած վկայակոչել են ՀՀ Սահմանադրական դատարանի 05.11.2013թ. թիվ ՍԴՈ-1121 եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 25.02.2009թ. գանգատ թիվ 36919/02 գործով որոշումները, սակայն չի կատարվել բավարար համեմատական վերլուծություն՝ բողոքարկվող դատական ակտի եւ վերոնշյալ դատական ակտերում կիրառված միեւնույն նորմի՝ իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ 2013թ. մարտի 29-ին «Առավոտում» տպագրվել էր մեր գործընկերոջ՝ Ռուզան Մինասյանի հարցազրույցը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանի հետ՝ «ԿԸՀ են ուղարկվել անձնական բնույթի տեսագրություններ» վերտառությամբ:

Ըստ բողոքաբեր կողմի՝ լրագրողը տպագրել է անձնական բնույթի տվյալներ, ըստ մեր գործընկերոջ՝ հարցազրույցում բերված տվյալները նախաքննության տվյալներ են, եւ դրա պատասխանատուն, տնօրինողն ու իրեն հարցազրույց տվողն է Արմեն Նադիրյանը:
19.04.2013-ին «Փաստինֆո» գործակալությանը առավոտցին հարցազրույց է տալիս. «Ռուզան Մինասյան. Ես պատասխան չպետք է տամ զրուցակցի ասածների համար» վերտառությամբ:

Բողոքաբեր կողմը դիմել էր նաեւ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
12.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք