Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը Հովիկ Աբրահամյանին չի՞ ենթարկվում

Սեպտեմբեր 14,2015 21:30

Վարչապետը հրամայում է բիզնեսի համար լրացուցիչ բեռ չստեղծեն, անտեղի ստուգումներ չանեն, իսկ հարկայինը պատրաստվում է հերթական ծավալուն ստուգումներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բազմիցս հայտարարել է, որ կառավարությունը պետք է խուսափի անտեղի ստուգումներ իրականացնել տնտեսվարողների մոտ, հատկապես փոքր ու միջին ձեռնարկություններում, պետք է այսպես ասած՝ «թեւ ու թիկունք» լինեն բիզնեսին: Սեպտեմբերի 10-ի կառավարության նիստին էլ Հովիկ Աբրահամյանը կրկին նույն կոչով դիմեց կառավարության անդամներին:

Վարչապետը մասնավորապես ասել է՝ «Ընդհանրապես ուշադիր պետք է լինենք որեւէ լրացուցիչ ծանրություն, բեռ, խոչընդոտ չստեղծենք գործարար աշխարհի համար: Դա հիմք ընդունեք, եւ դա վերաբերում է բոլորին: Այսօրվա տնտեսական պայմաններում հարկավոր է տնտեսվարողների բեռն ավելի թեթեւացնել, հնարավորություններն ավելի մեծացնել, բիզնես աշխարհի կյանքը դյուրացնել»:

Աբրահամյանի այս հայտարարությունից օրեր անց Գյումրիում աշխատող տնտեսվարողների մոտ խուճապ է առաջացել, բայց ոչ թե վարչապետի հայտարարությունից, այլ՝ հարկայինի այցից, որի ստուգումները բազմաթիվ տնտեսվարողների համար ուղղակի լրացուցիչ բեռ է ու զարգացման եւս մեկ խոչընդոտ:

Վաղվանից ՀՀ ֆինանսների նախարարությունը Գյումրիում կսկսի ստուգումներ, որոնք կտեւեն ուղիղ 40 օր: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում  տեղեկացրել է Գյումրու հագուստեղենի խանութներից մեկի հաշվապահը, որին պարզաբանել են, որ հերթական ստուգումներ են ու ընդգրկված են քաղաքի բոլոր սպասարկման օբյեկտները: Հարկայինի մեր աղբյուրները տեղեկացրել են, որ 40 օրով Գյումրիում հյուրընկալվող Ֆինանսների նախարարության վերահսկող մարմինը նախեւառաջ ստուգումներ կանցկացնի Գյումրու տարածքային հարկային տեսչությունում, Գյումրու խոշոր խանութներում ու ձեռնարկություններում:

Արդյոք վարչապետի հորդորին չի՞ հետեւում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ որոշել է  40 օր ստուգումներով ցնցումների մեջ պահել տնտեսվարողներին, թե վարչապետն անհետեւանք հայտարարություններ է անում:

Քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է, հետեւաբար մենք ֆինանսների նախարարությունից չկարողացանք պարզաբանում ստանալ, թե ի՞նչ ստուգումներ են նախատեսում: Առաջիկայում կներկայացնենք նաեւ նախարարության պարզաբանումը:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը խնդրի վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց, որ իշխանությունների գործելակերպը նման է հայտնի անեկդոտին՝ «Հիվանդը մահանում է, բժիշկը գալիս է հարցնում է՝ մեռնելուց առաջ քրտնե՞լ է: Ասում են՝ հա, քրտնել է: Բժիշկն էլ ասում է՝ այ հենց դա էլ նրան փրկել է: Հիմա մեր տնտեսությունը սպանելուց հետո արդեն խոսում են այն մասին, որ տնտեսվարողներին մի քիչ ազատություն տան, շատ ստուգումներ չանեն: Սա էլ քրտնելու պահն է: Այս վիճակում է գտնվում մեր երկրի տնտեսությունը, ու քանի որ մինչեւ հիմա իրենց արածներով ուղղակի տնտեսությունը սպանել են, հատկապես փոքր ու միջին բիզնեսը, եւ հիմա արդեն բանը կամաց-կամաց խոշորին է հասնում»:

Պարոն Մարտիրոսյանի խոսքերով՝ հիմա տեսնում ենք, որ իշխանական դաշտի ներկայացուցիչները կիսասնանկային վիճակում են գտնվում, ուստի ակնհայտ է, որ իրավիճակը չափազանց վատթար է. «Էլ չենք խոսում իրական ներդրումների բացակայության մասին, էլ չենք խոսում տրանսֆերտների կրճատվելու մասին,  ապրանքաշրջանառության կրճատման մասին եւ այլն»:

Մարտիրոսյանի դիտարկմամբ ֆինանսների նախարարության վրա է դրված հարկեր հավաքելը, բյուջեն գումար լցնելու խնդիրը, ոչ անմիջապես վարչապետի, այլ՝ ֆինանսների նախարարի վրա, եւ պարզ է, որ նա փորձելու է այդ խնդիրը բոլոր միջոցներով կատարել. «Առավելեւս ֆինանսների նախարար Խաչատրյանն է ասել, որ բոլոր ոլորտներում կան խնդիրներ, նա ուզի-չուզի՝ տարբեր միջոցներով բյուջեն պետք է լցնի, որովհետեւ հսկայական պետական սեգմենտ կա, սոցիալական խնդիրներ կան, եւ այդ ամենի համար գումարներ են պետք: Եթե ապրանքաշրջանառությունը, տրանսֆերտների ծավալները, պղնձի գները ընկել են, ուրեմն ինչ-որ մի տեղից ֆիննախը պետք է գումար հայթայթի»:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ապա պարոն Մարտիրոսյանն ասաց՝ մեր իշխանությունների ո՞ր մի ասածն է ճիշտ եղել, որ այս մի ասածն էլ լինի. «Քարոզչական խնդիր են լուծում, որովհետեւ տնտեսության խնդիրները, փակ տնտեսության խնդիրներն ինչպես եղել են, այդպես էլ մնում են, եւ այդ հայտարարությունն ընդամենը PR-ի համար է՝ բան է՝ ասում են կամերաների համար,  նկարում են ու ցույց տալիս: Իրականում ՓՄՁ-ին ոչ թե ստուգումներից պետք  հեռու պահեն, այլ անհրաժեշտ է առաջին հերթին տնտեսությունն իսկապես ազատականացվի, ամբողջովին կախված չլինի օլիգարխիկ կոռուպցիոն համակարգից: Որովհետեւ մեզ մոտ ամենախոշոր բիզնեսմեներն ամենախոշոր պաշտոնյաններն են, սա կոռուպցիայի ակնհայտ դրսեւորում է: Այս դեպքում երբ ե՛ւ ֆինանսները, ե՛ւ վարչարարությունը, ե՛ւ որոշումների ընդունումը մեկի ձեռքում է, պարզ է, որ մնացածին, եթե չստուգեն էլ, նա միեւնույն է անմրցունակ է, եւ առնվազն ֆինանսների եւ որոշումների առումով ինքն արդեն մրցակցությունից դուրս է, սա ֆունդամենտալ խնդիր է: Պարոն Աբրահամյանն որքան էլ գեղեցիկ տեքստեր ասի, իրականությունն այն է, որ հիվանդը մեռնելուց առաջ ուղղակի քրտնում է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930