Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. «Ընտրությունները չճանաչելն աբսուրդ է»

Սեպտեմբեր 14,2015 22:03

Հայկ Խանումյանի կարծիքով՝ միջնորդ երկրները պետք է խուսափեն Արցախի ընտրությունների վերաբերյալ անիմաստ հայտարարություններ անելուց

«Այս ընտրությունները ես որակում եմ որպես անհետաքրքիր ընտրություններ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին, ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

Նա նկատեց, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքում մրցակցությունը ակտիվ չէր: Հայկ Խանումյանը այդտեղ տեսնում է նաեւ «Ազգային վերածնունդի» «մեղքի բաժինը». «Մեր կուսակցությունը ռեսուրսների սղության պատճառով ակտիվություն չկարողացավ ցուցաբերել, քանզի խորհրդարանական ընտրությունները նոր են վերջացել, եւ մեր կուսակցության համար բավականին ծանր է այդ մասշտաբի ընտրություններին մասնակցելը՝ ռեսուրսների, ֆինանսական առումով: Համայնքներից կեսում, փաստորեն, մրցակցություն չկար, այսինքն՝ մեկ թեկնածու էր ներկայացված, մրցակցություն չկար նաեւ Ստեփանակերտում, որտեղ երկու թեկնածու կար, որոշակի ակտիվություն կար ավագանու ընտրություններին»:

ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում ԱՄՆ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը իրենց ապագան որոշելու հարցում: Նա հավելել էր, որ այնուամենայնիվ, ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն. «Եվ մենք չենք ընդունելու սեպտեմբերի 13-ի «այսպես կոչված» ընտրությունները որպես ազդող գործոն տարածաշրջանի իրավական կարգավիճակի վրա»:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հայկ Խանումյանն ասաց, որ Արցախում ընտրություններից առաջ Ադրբեջանը միշտ դիվանագիտական ակտիվություն է ցուցաբերում, որպեսզի այլ երկրները հայտարարություն անեն այդ ընտրությունները չճանաչելու վերաբերյալ. «Ի՞նչ է նշանակում ընտրությունները չճանաչել, հատկապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ցանկացած ժողովուրդ, ցանկացած համայնքի բնակիչ իրավունք ունի ընտրությունների միջոցով կազմակերպել իր համայնքային կյանքը, իր քաղաքական կյանքը, իր պետական կյանքը, եւ այլն, ձեւավորել իր իշխանությունները՝ ազգային եւ համայնքային իշխանությունները: Ընտրության իրավունքը չճանաչելն աբսուրդ է, եւ որեւէ երկիր չի կարող ճանաչել մեկ այլ երկրի ընտրություն անցկացնելու կամ չանցկացնելու իրավունքը կամ ընտրական իրավունքը»:

Հայտարարությանը հատվածը, թե ընտրությունները չեն կարող ազդել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա, ըստ նրա, Ադրբեջանի ճնշման տակ է արվել: Նա այդպիսի հայտարարությունները անիմաստ որակեց. «Միջազգային տարբեր փաստաթղթերով պարտավորվել են Արցախի հարցի շուրջ բանակցել նաեւ Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ, այսինքն՝ եթե ընտրությունները չկան, ինչպե՞ս կարող են լինել ընտրված ներկայացուցիչներ: Մի խոսքով՝ տարբեր պետություններ եւ հատկապես՝ միջնորդ երկրները պետք է խուսափեն Արցախի ընտրությունների վերաբերյալ անիմաստ հայտարարություններ անելուց: Օրինակ՝ նրանք կարող էին դիտորդներ ուղարկել՝ պարզելու համար՝ համապատասխանո՞ւմ են, թե՞ չեն համապատասխանում այս կամ այն չափանիշներին: Ժողովրդի ընտրության իրավունքը չճանաչելը կամ ընդհանուր ընտրությունները չճանաչելն աբսուրդ է եւ անիմաստ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930