Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ երեւանյան գրասենյակը նպատակ ունի շարունակել աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը

Սեպտեմբեր 18,2015 16:54

Սեպտեմբերի 18-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:

Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի դերը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին աջակցություն ցուցաբերելու գործում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ կազմակերպությունն իր նպաստն է բերում նաեւ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը ԵԽԽՎ շրջանակներում: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ տիկին Վուտովան կշարունակի Երեւանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխատանքը? ուղղված Հայաստան-ԵԽ կապերի ամրապնդմանը, այդ թվում նաեւ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

Նատալյա Վուտովան նշել է, որ ԵԽ երեւանյան գրասենյակը նպատակ ունի շարունակել աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Վերջինս կարեւորել է գրասենյակի համագործակցությունը ԱԺ մշտական հանձնաժողովների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ում սկսված սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ Նախագահի կողմից նախաձեռնված այս գործընթացը եւս ապացույցն է առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունի ամրապնդել իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման գործում առավել արդյունավետ մեխանիզմների ապահովումը: Ընդգծվել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի օգտակար մասնագիտական գործունեության կարեւորությունը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացից՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հակամարտության լուծման հարցում Եվրոպայի խորհրդի հավասարակշիռ դիրքորոշումը: Արտակ Զաքարյանն այս համատեքստում նաեւ կարեւորել է Եվրոպայի մաս կազմող, սակայն միջազգայնորեն դեռեւս չճանաչված տարածքներում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում, մարդու հիմնարար իրավունքների իրացման հետ կապված խնդիրների լուծումը:

Հարցի կապակցությամբ տիկին Վուտովան նշել է, որ Եվրոպայի խորհուրդը բաց է ժողովրդավարության տարածմանը այն հասարակությունների համար, որոնք գտնվում են հակամարտությունների գոտիներում:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930