Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք անիծում են, տղամարդիկ էլ հայհոյանքներ հնչեցնում. Գյումրին ու սահմանադրական փոփոխությունները

Սեպտեմբեր 22,2015 21:08

Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 25-ին Գյումրիում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող «Ո՛չ» ճակատի առաջին հանրահավաքը:

Կիրակի օրվանից «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության խմբի մայրաքաղաքից ժամանած երիտասարդները տեղի հասարակական ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ 5000 իրազեկման թռուցիկներ են բաժանել Գյումրիում, եղել են կենտրոնական շուկայում, տարբեր թաղամասերում:

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը պատմեց, որ կանայք անիծել են, տղամարդիկ էլ հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել իշխանության հասցեին: «Գյումրեցիները միշտ ըմբոստ են ու ցանկացած անարադարության դեմ իրենց բողոքը բարձրացրել են: «Չե՛ք անցկացնի»  նախաձեռնությունը հենց այդպես էլ Գյումրին որակում  է՝ ամենաըմբոստ, ու Սերժ Սարգսյանի «քիչ խփած» քաղաքն է Գյումրին: Ես շատ տպավորված եմ, որովհետեւ գյումրեցիների մոտ այս անգամ ոչ թե բողոք էր, այլ ցասում, ցասում իշխանությունների նկատմամբ. կանայք հիմնականում անիծում էին այս իշխանություններին, տղամարդիկ էլ հայհոյախառն բառեր էին հնչեցնում: Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, որ այս իշխանությունները չփորձեն եւս մեկ անգամ ընտրակեղծիքների միջոցով անցկացնել Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը: Սա Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է, ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ է կապվում, ո՛չ էլ բարեփոխում բառի հետ առնչություն ունի: Նոր Սահմանադրություն է, որով ուզում են Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգել, իսկ այսօր գյումրեցին իմ տպավորությամբ զայրանում է, լսել չի ուզում վերջինիս վերարտադրման մասին: 5000 թռուցիկ բաժանել էինք, այսօր եւս արել ենք իրազեկում, մոտ 8000 թռուցիկ ենք բաժանել արդեն, եղել ենք Գյումրիի կենտրոնական հատվածներից հեռու գտնվող թաղերում, օրինակ՝ Սեւյան թաղամասում, Նորավանում, մեկը չեղավ ասեր՝ էս ի՞նչ եք անում, հիմնականում ողջույնի խոսքեր ենք լսել: Վստահ եմ, որ գյումրեցին իր թասիբի ու արժանապատվության համար ոտքի է կանգնելու», -ասաց Վահագն Խաչատրյանը:

Անդրադառնալով «Ո՛չ» ճակատի հանարահավաքից առաջ Սերժ Սարգսյանի Գյումրի այցելելուն ու կաթոլիկների եկեղեցու բացման արարողությանը մասնակցելուն, մեր զրուցակիցն ասաց. «Սերժ Սարգսյանը վստահ թող լինի, որ Գյումրիում ձայն չունի, եկեղեցի չէ, ինչ ուզում է բացի, մեկ է՝ իրեն չի հաջողվի ձայն խփելը, չի ստացվելու: Այս երեք-չորս օրվա իրազեկումից մենք այդ համոզմանն ենք եկել, չի կարողանա թիվ կրակել, նորից եմ ասում՝ կանայք անիծում էին, տղամարդիկ էլ հայհոյախառն արտահայտություններ հնչեցնում, ասում էին մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը մեկ օր անգամ չերկարաձգվի», -ասաց մեր զրուցակիցը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Վահագն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930