Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է սահմաններում լարված վիճակը

Սեպտեմբեր 24,2015 21:31

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման մասին հստակ տեղեկություններ չկան

Այսօր երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ իշխանավորներն անդրադարձել են սահմաններում տիրող անհանգիստ վիճակին: Այդ մասին, քիչ առաջ, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ  Շարմազանովը: Նիստը վարել է ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Նախ ցավակցում եմ խաղաղ բնակիչ զոհերի հարազատներին: Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը, խաղաղ բնակիչների վրա կրակելը տեռորիզմի բաղկացուցիչ մասն է, բայց այդ ամենը անպատասխան չի մնա: Միջազգային հանրությունը պետք է տեսնի Ադրբեջանի կեցվածքը, որի նպատակն է արտգործնախարարների հանդիպումից առաջ բանակցային գործընթացը տանել փակուղի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ ադրբեջանական կողմից արդեն մի քանի օր առավել ակտիվացած կրակոցները:

Ինչպես հայտնի է, կան զոհեր` խաղաղ բնակիչներ: Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչը կրկնում է` Ադրբեջանը դեմ է Մինսկի խմբի ձեւաչափին, եւ այն երեք սկզբունքներին, որոնք ընդունված են:

Էդուարդ Շարմազանովը միեւնույն ժամանակ նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին հայկական կողմը տեղեկություն չունի: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ հանդիպումը կայանալու է մինչեւ տարվա վերջ: Առաջիկայում, Նյու-Յորքում նախատեսվում է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը:

Հայաստանում իշխող կուսակցության նիստում անդրադարձ է կատարվել նաեւ ներքաղաքական ու ներկուսակցական հարցերի:

Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի միջադեպի առիթով լրագրողների հարցերին ի պատասխան ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց,  որ գործը նախաքնության փուլում է, կան ձերբակալվածներ, բայց մի բան փաստ է` որեւէ քաղաքական պատվեր չի եղել: Հիշեցնենք, ինքը` Սմբատ Հակոբյանը, երեկ երեկոյան հայտարարեց, որ խնդիրը բացառապես քաղաքական հարթությունում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930