Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հարցեր լուծեց Ադրբեջանը Վահան Մարտիրոսյանին ապաստան տալով

Սեպտեմբեր 28,2015 14:30

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի մեկնաբանությունները

«Առավոտ»-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ճակատագիր է սպառնում Ադրբեջանում քաղաքական ապաստան խնդրած, իրեն ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ հռչակած Վահան Մարտիրոսյանին ու նրա ընտանիքին:

«Քանի որ Ադրբեջանում հայատյացությունը դրված է պետական մակարդակի վրա, ապա ոչ մի հայ, նույնիսկ դավաճան հայը չի կարող այնտեղ իրեն ապահով զգալ: Վահանմարտիրոսյանները Ադրբեջանի կողմից միշտ կօգտագործվեն եւ դեն կնետվեն՝ որպես օգտագործված ու անպիտան իր, ամեն մեկը իր դերակատարությունն ունի էստեղ: Հիշո՞ւմ եք, երբ 2010 թվականին Եղիշե Գեւորգյանին՝ 8 անգամ դատապարտված, որ խախտեց Նախիջեւանի սահմանը, իհարկե, դա հատուկ կազմակերպված չէր, ինչպես այս ճիվաղինը, էլի Ադրբեջանը փորձ կատարեց օգտագործելու, բայց տեսավ, որ դրանից օգուտ ստանալ հնարավոր չէ, վերադարձրեց, ու այդ պատմությունն այլեւս չշարունակվեց: Իր անձը անպիտան էր, 8 անգամ դատապարտված, ու նրա ընտանիքից ի՞նչ պետք է ստանար Ադրբեջանը: Այլ բան էր այս անձնավորությունը, հաստատ համոզված եմ, որ ինքը ադրբեջանական գործակալ է եղել եւ իր տերերի ցուցումով լքեց Հայաստանը եւ վերադարձավ հայրենիք՝ ի դեմս Ադրբեջանի»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը խնդիրներ ուներ լուծելու, եւ դա փորձեց լուծել Վահան Մարտիրոսյան դավաճանի միջոցով: Վերջինս այս դավաճանի միջոցով փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել Ադրբեջանում կուտակված ներքին խնդիրներից, «մեսիջներ» ուղարկել միջազգային հանրությանը, ցեխ շպրտել Հայաստանի վրա: «Սեպտեմբերի 11-ին Եվրախորհրդարանը հակաադրբեջանական 24 կետից բաղկացած մի որոշում ընդունեց, որը շեշտակի ապտակ էր Բաքվին, եւ Ադրբեջանի իշխանությունները շատ ծանր տարան այս հանգամանքը՝ ընդհուպ այն աստիճան, որ Ադրբեջանին սկսեցին պաշտպանել մեր հարեւան Թուրքիան եւ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը: Վերջիններիս պետական հեռուստաընկերությունները ուղղակիորեն հարձակման ենթարկեցին Եվրախորհրդարանը: Եվ առաջին անգամ այս մասին բարբաջեց հենց Վահան Մարտիրոսյանը իր տխրահռչակ մամուլի ասուլիսի ժամանակ: Հետո նոր այս մասին սկսեցին խոսել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, ադրբեջանական արտգործնախարարության ինչ-որ պաշտոնյաներ: Ադրբեջանն այս րոպեին փորձում է շեղել իր հասարակության ուշադրությունը արտաքին խնդիրներից, որոնք շատ մեծ էին Ադրբեջանի համար, եւ շատ մեծ խնդիրներ ինքը հենց հիմա էլ ունի: Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովը հրաժարվեց դիտորդներ ուղարկել Ադրբեջան՝ սպասվելիք Միլի Մեջլիսի ընտրություններին, եւ սա ուղղակի մեծ հարված է Ադրբեջանին»,- նկատեց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանի խոսքերով՝ Ադրբեջանը, Վահան Մարտիրոսյանի «փախուստ» օպերացիան կազմակերպելով, նախ սեփական երկրում փորձեց շեղել հասարակության ուշադրությունը երկրի արտաքին խնդիրներից: Բացի այդ, ըստ Համբարյանի, Ադրբեջանը եւս մեկ անգամ ցանկացավ իր հասարակությանը ապացուցել, որ իրոք Հայաստանում ծայրահեղ ծանր վիճակ է, եւ այդ մասին արդեն խոսում է ընդդիմադիր Վահան Մարտիրոսյանը, «որին ուռճացված ներկայացնում են՝ իբր սա մեծ տրամաչափի արժեք ունեցող քաղաքական գործիչ է, ու իբր թե այնքան ծայրահեղ է Հայաստանի վիճակը, որ փախել է Ադրբեջան, ու ըստ իրենց սցենարի՝ անգիր արած տեքստերն է ընթերցում: Մարտիրոսյանի շուրթերով վարկաբեկում են հայոց բանակը՝ խաբելով ադրբեջանական հասարակությանը: Իսկ այն շինծու ծիծաղելի մտքերը, որ եթե հանրաքվե անցկացնեն, Արցախի բնակչության մեծ մասը կողմ կարտահայտվի Ադրբեջանի կազմում ապրելուն, սա արտաքին լսարանի համար է, բայց ոչ մեկը միամիտ չէ՝ ո՛չ Եվրոպան, ո՛չ Ամերիկան»:
«Առավոտ»-ի այն հարցին, թե ի՞նչը կարող էր դրդել Վահան Մարտիրոսյանին գնալ Ադրբեջան, մեր զրուցակցի կարծիքով՝ մարդկանց տեսակ կա, որոնք դավաճանելով՝ փորձում են անուն հանել: Համբարյանն ասաց, որ այդ երեւույթը հին է, եւ օրինակ բերեց Հին Հունաստանի Հերոստրատին, որը այրեց Արտեմիսի տաճարը, որպեսզի իր անունը մտնի պատմության մեջ. «Կան էսպիսի դավաճաններ, որոնք իրենց մասին խոսելու, իրենց անունը ցույց տալու համար 30 արծաթով հայրենիք են վաճառում. սա 30 արծաթով իր հայրենիքը վաճառած արարած է, ամենամեծ հաջողությանը, որին ինքը կարող է հասնել, այն է, որ Ադրբեջանից կարող են տեղափոխել երրորդ երկիր»:

Քաղաքագետի կարծիքով՝ թեեւ մենք 21-րդ դարում ենք ապրում, բայց դա բացարձակ չի նսեմացնում Սողոմոն Թեհլերյանի դերը: Ըստ նրա՝ մենք պետք է հետեւենք Իսրայել պետության օրինակին ու նմանատիպներին ոչնչացնենք ու ցուցադրենք զանգվածային լրատվական միջոցներով: Սա, ըստ քաղաքագետի, դաս կլինի հայրենիքի ապագա դավաճաններին, որպեսզի իրենց անվտանգ ու ազատ չզգան: Անդրադառնալով Հայաստանի ուժային կառույցների գործունեությանը ՝ քաղաքագետն ասաց, որ թող վերջիններս փաստաթուղթ ցույց տան, որ Վահան Մարտիրոսյանը հոգեկան հիվանդ է: «Ամոթ է իրենց բացթողումը ու կոպիտ սխալը վերագրել հոգեկան հիվանդ լինելուն: Ավելի վատ, որ հոգեկան հիվանդ է, եւ դուք թույլ եք տվել, որ այս հոգեկան հիվանդը երեւա մեդիա ասպարեզում եւ բավական ակտիվ գործունեությո՞ւն ծավալի: Սա՝ մեկ, երկրորդը՝ նրա դեմ հարուցվել է քրեական գործ գողության համար, գիտաշխատողի տանից 3800 դոլարի գողություն էր արել, զարդեր էր գողացել: Ինչպե՞ս կարող էր մի մարդ, որի դեմ հարուցված է քրեական գործ, եւ որին բաց են թողել ստորագրությամբ, որ չպետք է բացակայի քաղաքից, հասնել հայ-վրացական սահման ու ամենակարեւոր անցակետով՝ Բագրատաշենով անցնել Վրաստան: Հարց եմ տալիս՝ որտե՞ղ է մեր ոստիկանությունը, որտե՞ղ է մեր ազգային անվտանգությունը, ես գիտեմ տասնյակ մարդկանց Գյումրիից, որ ուզում են Բավրայով անցնել, ասում են՝ կարմիր նշան է ձեր անցման դեմ դրված, դուք իրավունք չունեք անցնելու: Մարդիկ տեղյակ էլ չեն, թե ինչի համար իրենց թույլ չեն տալիս անցնելու սահմանը: Գալիս են այստեղ, նոր պարզվում է, որ իրենք վկաներ են կամ փոքր տնտեսական հանցագործություններ են գործել, չեն մուծել մեքենայի հարկը, որը տասնապատիկ ավելացել է: Էդ մարդկանց կարելի է թույլ չտալ, բայց Վահան Մարտիրոսյանի նման հանցագործը, որին մեղադրում են 4 հազար դոլար գողության մեջ, այդպես հանգիստ կարող էր անցնել հայ-վրացական սահմանը: Էլ չեմ ասում, որ ինքը կարողացել է անցնել վրացա-ադրբեջանական սահմանը: Ամոթ է ուղղակի, նորմալ երեւույթ չէ: Էլ չեմ ասում, որ մեր ազգային անվտանգությունը ուշի-ուշով պետք է հետեւի մեր քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին, թե ովքեր են եւ ինչով են զբաղված, պրոֆեսիոնալ կերպով կանխի նրանց գործունեությունը, եթե ապացուցվի, որ նրանք կապ ունեն մեր թշնամական ուժերի հետ»:

Քաղաքագետը գտնում է, որ մեր իշխանությունները Վրաստանի իշխանություններից պետք է պարզաբանում պահանջեն, թե ինչո՞ւ են «յան» ազգանունով մարդկանց թույլ տալիս անցնել Ադրբեջան: Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ Վահան Մարտիրոսյանի՝ Վրաստանով Ադրբեջան անցնելը նշանակում է, որ Վրաստանում աշխատող Ադրբեջանի գաղտնի գործակալները սերտ կապեր ունեն Վրաստանի ԱԱԾ-ի հետ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930