Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ հանձնաժողովում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցը

Սեպտեմբեր 29,2015 22:15

Այսօր ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցի նախապատրաստական աշխատանքների ներկայացում:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում պատրաստվում է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույց: Զեկուցող անգլիացի պատվիրակ Ռոբերտ Ուոլտերը բանավոր ներկայացրել է դեպի Ադրբեջան իր փաստահավաք առաքելության արդյունքները:

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ Ուոլտերը նաև դժգոհություն է հայտնել այն մասին, որ ինքը մինչ օրս չի կարողացել ԼՂՀ այցելություն կատարել:

Տիկին Նաղդալյանի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակության անդամները ի պատասխան այդ դժգոհության նշել են, որ այս ընթացքում պարոն Ուոլտերը բանակցել է Հայաստան այց կատարելու վերաբերյալ, բայց ցանկություն չի ունեցել ԼՂՀ այցելելու, չնայած  հանձնաժողովի կողմից իր հանձնարարությունն էր այցելել բոլոր կողմերին՝ լինել Ադրբեջանում, ՀՀ-ում և ԼՂՀ-ում:

Տիկին Նաղդալյանը շեշտեց. «Այսօրվա նիստի ժամանակ եվրոպացի գործընկերների հնչեցրած պահանջն էր այն, որ Ուոլտերի զեկույցը լինի հավասարակշռված և պարտադիր պետք է այցելություններ կատարվեն բոլոր կողմեր: Հերմինե Նաղդալյանն ասաց, որ Ուոլտերը չի ներկայացրել հանձնաժողովին այն մասին, որ մեկ տարվա ընթացքում ընդամենը մեկ շաբաթ առաջ է դիմել ԼՂՀ իշխանություններին նամակով ԼՂՀ այցելության համար: Ուստի դեռ պետք է ԼՂՀ իշխանությունները քննարկեն ու պատասխանեն, թե ինչպես են տեսնում նրա՝ ԼՂՀ այցելությունը:

Մեր այն դիտարկմանը արդյոք շանտաժ չէ՞ այն, որ թեև Ուոլտերը մեկ տարվա ընթացքում ցանկություն չի հայտնել այցելել Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ ամբիոնից հայտարարում են, թե նրան խոչընդոտել են, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Մենք վաղուց սովորել ենք դրան, որ իրենք ԵԽԽՎ ամբիոնից ամենաֆանտաստիկ, աբսուրդ և ամենաիրականությանը չհամապատասխանող հայտարարություններ պետք է անեն: Բայց ինչքան էլ սովորել ենք, մեր պարտականությունն է միշտ զգոն լինել, հերքել և մեր շրջապատին ցույց տալ դրա աբսուրդայնությունն ու ոչ ճշմարտությունը»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը փաստեց նաև, որ ադրբեջանական այս հայտարարարություններից եվրոպացիները հոգնել ու ձանձրացել են, առանձնապես չեն էլ լսում, իհարկե բացառությամբ նրանց, որոնք Ադրբեջանի առաջ «պարտավորված» են:

Տիկին Նաղդալյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարց չկա, քննարկումները հիմնականում ծավալվելու են հանձնաժողովներում: Երկու օրից սոցիալական հանձնաժողովում կքննարկվի Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը: Ինչպես նաև վեհաժողովին կներկայացվի մոնիտորինգի հանձնաժողովի՝ անդամ երկրներում անցկացված մոնիտորինգի արդյունքները 2014-2015-ի ընթացքում, որտեղ ևս Հայաստանին վերաբերող որոշ ուշագրավ կետեր կլինեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930