Լրահոս
Օրվա լրահոսը

Դունյա Միյաթովիչ. Ժամանակն է, որ Ադրբեջանի ժողովուրդը գտնի այս իրավիճակի լուծումը

Սեպտեմբեր 29,2015 22:03

Թբիլիսիում այսօր իր աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի նախաձեռնած՝ Հարավկովկասյան ԶԼՄ-ների 12-րդ համաժողովը, որը ճիշտ է, անվանվում է «Թվայնացումը որպես ԶԼՄ-ների ազատության գործիք», սակայն օրակարգում նաեւ այս տարածաշրջանում լրատվամիջոցների ազատությանն առնչվող ընթացիկ խնդիրներն են:

Հենց վերջին խնդրի շուրջ էլ այսօր ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժնի գլխավոր խորհրդական Քյամրան Հասանովը (լուսանկարում՝ ձախից) բավական լավատեսական (բնորոշումը նիստը վարողի՝ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի խորհրդական Այդար Բոտագարովինն է) պատկեր ներկայացրեց Ադրբեջանում խոսքի ազատության վերաբերյալ, մասնավորապես նշելով, թե միակ երկիրն է, որտեղ լրագրողներին անվճար բնակարաններ են հատկացվում:

Իսկ միջազգային լրագրողական կազմակերպությունների քննադատությանն ի պատասխան՝ Քյամրան Հասանովը հակադարձ հարցեր տվեց. «Ուզում եք, որ ադրբեջանցի լրագրողների վրա չտարածվի՞ քրեական օրենսգիրքը, ոչ վթարի ենթարկվեն, ոչ նրանց կայծակը խփի… Կոնկրետ հանցագործություններ են, որոնց ուղղակի կամ անուղղակի առնչվում են լրագրողները»: Նաեւ հիշեցրեց ԱՄՆ-ում կատարվածը, երբ լրագրողը եթերում գնդակահարեց իր գործընկերներին. «Ոչ մեկի մտքով չանցավ դրա համար մեղադրել իշխանությանը»:

Նախագահի աշխատակազմի ներկայացուցչի ուրվագծած այս պատկերին հակադարձ գնահատականներ տվեց նախ «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը (լուսանկարում՝ աջից), որի պնդմամբ՝ «Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը վատթարացել է»: Հետո էլ Yeni Nesil լրագրողական կազմակերպության ղեկավար Արիֆ Ալիեւը առարկեց՝ մասնավորապես փաստարկելով. «Օգնություն ստացողների ցուցակում գոյություն չունեցող կազմակերպություններ են: Ու սա համարվո՞ւմ է առաջընթացի ցուցանիշ»:

Ընդհանուր առմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունն այս համաժողովում այս տարի ամենափոքրն է՝ չկան շատ կազմակերպությունների ղեկավարներ ու լրագրողներ, որոնք, որպես կանոն, մասնակցում էին Հարավկովկասյան ԶԼՄ-ների համաժողովներին՝ կամ արդեն Ադրբեջանում չեն, կամ էլ բանտում են՝ ինչպես օրինակ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայիլովան: Հենց վերջինիս մասին էլ հիշեցրեց «Ազատության» ադրբեջանական ծառայության ղեկավարը՝ հետաքրքրվելով ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյաթովիչից, թե արդյոք մտադի՞ր է գնալ Բաքու, հանդիպել իշխանությունների հետ եւ արծարծել այս հարցերը:

Դունյա Միյաթովիչը նախ նստելով ադրբեջանական պատվիրակների կողքին՝ հղում արեց Ադրբեջանում խոսքի ազատությանն առնչվող իր հայտարարություններին՝ վերահաստատելով դրանք ու պնդելով, թե իր դիրքորոշումը չի փոխվել: Սակայն նաեւ հավելեց, թե ժամանակն է, որ Ադրբեջանի ժողովուրդը գտնի այս իրավիճակի ելքը՝ քաղաքացիական հասարակությունն ու իշխանությունը. «Պատրաստ եմ Բաքու գնալ այսօր, վաղը, ուրախ կլինեմ այդ հարցերը քննարկել իշխանությունների հետ, բայց կարծում եմ՝ այդ հարցերը պետք է լուծվեն տեղում: Իմ մանդատը աջակցելն է»:

Ի դեպ, այս պաշտոնում սա Դունյա Միյաթովիչի վերջին հարավկովկասյան համաժողովն է: Հաջորդ տարի ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով նոր ներկայացուցիչ կանցնի իր պարտականությունների կատարմանը:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930