Լրահոս
Օրվա լրահոսը

Ռենդերֆորեսթի շնորհիվ անվճար տարբերակով ստեղծվել է մոտ 50.000 վիդեո. Նարեկ Սաֆարյան

Սեպտեմբեր 29,2015 22:30

Վերջին տարիներին startup-երը տարածում են գտնում Հայաստանում:

Startup-ի խթանման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպված տեխնոլոգիաների ոլորտի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է ճանաչվել Ռենդերֆորեսթ ընկերությունը:

Renderfores.com-ը հայկական տեսախմբագրման բացառիկ հարթակ է: Նորաստեղծ, բայց արդեն կայացած startup ընկերություն:

Ռենդերֆորեսթ ընկերության հիմնադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը Առավոտի հետ զրույցում նշեց, որ իրենք փորձում են վերափոխել առցանց վիդեոինդուստրիայի ապագան, այսինքն, ցածր գնով առնվազն 10 րոպեում  օգտատերերին հնարավորություն են տալիս հեռարձակման որակին համապատասխան հոլովակներ ստեղծել:

Renderfores.com-ը վիդեոարտադրությամբ է զբաղվում 2012թ.-ից: Այն ժամանակ կատարված ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ startup-երից շատերը չունեն` բարձրորակ տեսագրություն ստանալու միջոցներ և հնարավորություն: Այդ ժամանակ էլ ծնվեց մատչելի պլատֆորմ ստեղծելու գաղափարը: Ստեղծվեց Ռենդերֆորեսթը:

«Վիդեո ունենալը շատ կարեւոր է ցանկացած startup-ի համար, քանի որ վիդեոն օգնում է հաճախորդին հասկանալ իր ապրանքի կամ ծառայության մասին: Սկզբում Ռենդերֆորեսթը միայն կորպորատիվ օգտատերերին էր հետաքրքրում, հետո ավելացան այլընտրանքային բաժինները»,-ասում է Նարեկ Սաֆարյանը:

Ընկերությունն առաջարկում է բջջային հավելվածի բացատրական վիդեոներ, լոգո եւ անիմացիաներ, հարսանեկան, ճամփորդական կամ ընտանեկան վիդեոներ, սոցիալական վիդեոներ եւ այլն:

Ընտրելով ցանկացած կաղապար, օգտատերը կարող է խմբագրել այն, ավելացնել տեքստեր, նկարներ նաեւ տեսանյութեր, այնուհետեւ ռենդերավորել եւ դիտել կայքում: Ծառայությունը վճարովի է այն դեպքում, երբ օգտատերը ցանկանում է բարձրորակ տեսագրություն ունենալ  համակարգչում: Իսկ եթե սոցցանցերում տարածելու կամ ընկերներին ցույց տալու ցանկություն ունենաք, պետք է գնում կատարեք կայքից: Վճարման համակարգը 2 տարբերակով է`օգտատերը կարող է գնել կաղապարը` կախված տեսակից, գինը կարող է տատանվել 10-40 ԱՄՆ դոլար, սակայն, եթե օգտատերը մեկից ավելի վիդեոներ է ստեղծում, ամեն վիդեոյի համար վճարելը այդքան էլ հարմար չէ, ուստի առաջարկում են բաժանորդագրության փաթեթներ:

Վճարելով մոտ 10 դոլար օգտատերը կարող է բաժանորդագրվել ծառայությանը եւ ամեն շաբաթ որոշակի քանակությամբ բարձրորակ տեսանյութեր ունենալ: Ռենդերֆորեսթն առաջարկում է բիզնես, ընտանեկան, ինչպես նաեւ անձնական օգտագործման համար փաթեթներ:

Ռենդերֆորեսթի շնորհիվ անվճար տարբերակով ստեղծվել է մոտ 50.000 վիդեո, որից գնվել է մոտ 1000-ը, թիմը օգնել է ավելի քան 500 startup-ի՝ ստեղծել ցածր բյուջետային, բայց բարձր հեռարձակման որակին համապատասխան վիդեոներ:

Ռենդերֆորեսթի վիդեոները դիտվում են օրական 5000 անգամ: Օգտատերերը հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներից են: Կայքի ծառայություններից օգտվում են նաև Միացյալ Թագավորությունների, Իռլանդիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Գերմանիայի, Աֆրիկայի, Հնդկաստանի, Կանադայի և Ավստրալիայի օգտատերերը։

Ընկերության հիմնական աշխատանքները կատարվում են Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում։ Երևանում գործում է երկրորդ գրասենյակը:

Ռենդերֆորեսթի հեղինակները մոտ 2 ամսից  կներկայանան  նոր կայքով: Նոր կայքը ի տարբերություն հնի, կունենա, որոշակի առավելություններ, հնարավոր կլինի ավելացնել ու պակասեցնել նկարները, վերբեռնել վիդեոներ, ինչպես նաեւ ավելացնել կաղապարներ:

Եթե անծանոթ էիք այս հարթակին,  ուրեմն այցելեք ու փորձեք  ծրագրի հնարավորությունները: Եվս մեկ անգամ նշեմ հասցեն`Renderforest.com:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930