«Փրկության քարտեզ», որ այսօր էլ փրկության բանաձեւ կարող է դառնալ

«Փրկության քարտեզ», որ այսօր էլ  փրկության բանաձեւ կարող է դառնալ

Օրերս հնարավորություն ունեցա «Մոսկվա» կինոթատրոնում դիտելու «Ման Փիքչերս» կինոընկերության «Փրկության քարտեզ» խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը, որի մտահղացման հեղինակը եւ պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է, ռեժիսորը` Արամ Շահբազյանը, Աննա Սարգսյանը սցենարի հեղինակն է, օպերատորները` Արթուր Ղարայանը, Վահե Հակոբյանը, Ռոդին Ալոուշը (Սիրիա), իսկ երաժշտությունը Վիգ Ցարտմանինն է (Ավստրիա): Ապրիլին ֆիլմը մի քանի ցուցադրություն էր ունեցել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

«Փրկության քարտեզը» պատմում է Հայոց ցեղասպանության ականատեսներ, անօթեւան հայ երեխաների եւ կանանց ապաստանների հիմնադիրներ՝ եվրոպացի հինգ հումանիստ կանանց՝ Կարեն Եպպեի, Մարիա Յակոբսենի, Բոդիլ Բյորնի, Ալմա Յոհանսոնի եւ Աննա Հեդվիգ Բյուլի մասին։ Այս երիտասարդ կանայք, թողնելով եվրոպական բարետես քաղաքներում իրենց տաքուկ ու փափուկ կյանքը, մոռանալով անձնական երջանկության մասին՝ դարձան հայոց որբերի մայրեր եւ գծեցին հայ ժողովրդի փրկության քարտեզը: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան եւ ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը։ Նա 90 րոպե անցնում է փրկության քարտեզով՝ վերականգնելով այդ կանանց հուշերն ու ապրումները: Ի տարբերություն ցեղասպանության թեմայով այլ ֆիլմերի, «Փրկության քարտեզում» թուրքերի կողմից իրականացված նախճիրի մասին խոսում են այդ դժոխքի միջով անցած ականատես օտարերկրացիները, որոնց համար հայերի հայրենիքը հետագայում իրենց հայրենիքն էլ դարձավ: Եվ եթե անգամ Հայոց ցեղասպանության մասին որեւէ փաստագրություն պահպանված չլիներ, միայն այս կանանց օրագրերը բավական էին՝ վկայելու, որ եղել է այդ ողբերգությունը: Ֆիլմի նկարահանումները կատարվել են 9 երկրների 29 քաղաքներում, թագավորական գրադարաններում, պետական եւ այլ կազմակերպությունների արխիվներում, թանգարաններում, անձնական արխիվների պահոցներում եւ թեմային առնչվող այլ վայրերում:

prkutyan_qartez_2

«Փրկության քարտեզը» ազնիվ ֆիլմ է, որովհետեւ այդպիսին են նրա բոլոր հերոսներն ու ասելքը: Ֆիլմը նաեւ ազդեցիկ է, բայց ոչ խեղճուկրակ լացուկոծով:

«Փրկության քարտեզը» արդիական է, այն պետք է տեսնեն բոլորը, քանի որ անգամ 21-րդ լուսավոր դարում ցեղասպանությունները շարունակվում են, «մահվան որդիները» մահվան քարտեզներ են գծում Միջին Արեւելքում: «Փրկության քարտեզում» ցեղասպանության մասին շեշտադրված չի խոսվում, բայց ասելիքը հստակ է՝ քանի դեռ Հայոց ցեղասպանության նահատակների հոգիները չեն հանգստացել, աշխարհը չի դատապարտել սպանդն իրականացնողներին, նոր ցեղասպանությունները շարունակվելու են, մարդը դեռ սպանելու է իր նմանին:

prkutyan_qartez_3

Ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը հույս ունի համապատասխան ֆինանսական միջոցների դեպքում պատրաստել նաեւ ֆիլմի 5 մասանոց հեռուստատեսային տարբերակը եւ ներկայացնել Հայոց ցեղասպանության եւս 15 ականատեսների:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք