Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի շունչը բերում են Երեւան. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 30,2015 12:11

Էրեբունի-Երեւան միջոցառումներից հրաժարվելու եւ դրա համար նախատեսված գումարը սահմանամերձ բնակավայրեր ուղարկելու հետ կապված պատմությունը մի տեսակ տգեղ երանգներ ստացավ։ Պատճառն այն է, որ շեշտադրումներն ի սկզբանե սխալ էին, ու ամեն ինչ ի վերջո վերածվեց «փողի բազառի»։

Տեսեք՝ ընդամենը մի քանի օր առաջ ԼՂՀ իշխանությունները չեղյալ հայտարարեցին Ստեփանակերտի օրվա հետ կապված տոնական միջոցառումները, ու փողի մասին որեւէ մեկն ընդհանրապես չխոսեց։ Ասացին «շփման գծում զոհեր ունենք ու տոնախմբության չենք անելու», եւ վերջ։ Կարող էին, չէ՞, Հայաստանում էլ այդպես ձեւակերպել՝ «սահմանամերձ գյուղերում զոհեր ու վիրավորներ ունենք, տոնախմբության ժամանակ չէ»։ Բայց, չգիտես ինչու, առանցքում դրվեց փողի հարցը. «էդ փողը ափսոս է, ավելի լավ է՝ դրանով մի երկու գյուղի օգնենք»։

Բայց խնդիրն, իհարկե, ավելի գլոբալ է, եւ «Էրեբունի-Երեւան» տոնախմբությունն ընդամենը փոքրիկ դետալ է։ Վերջին հաշվով՝ բոլորն էլ հասկանում են, որ այդ մի քանի հարյուր հազար դոլարը հարցի լուծում չէ։ Մեծ հաշվով, խնդիրը հետեւյալն է՝ ժամանակը չէ՞ արդյոք, որ Հայաստանը պետական (կամ նվիրատվությունների տեսքով ստացված) միջոցները ծախսելու հարցում անցնի «պատերազմական ռեժիմի», թե՞ դեռ կարելի է «խաղաղ ժամանակների ռեժիմով» անիմաստ շռայլություններ թույլ տալ։ Պարզ ասած՝ Երեւանը նո՞ւյնպես պիտի զգա պատերազմի շունչը, թե՞ հակառակը՝ ամեն ինչ պիտի անել, որ Երեւանը ոչ մի բանով պատերազմող երկրի մայրաքաղաք չհիշեցնի։

Այս հարցում, ի դեպ, կարծիքները տարբեր են։ 1992-94 թվականներին, օրինակ, երբ մենք ադրբեջանցիների դեմ էինք պատերազմում, վրացիները՝ աբխազների, Ադրբեջանի եւ Վրաստանի իշխանությունները որոշել էին, որ իրենց մայրաքաղաքները պիտի անպայման զգան պատերազմի շունչը։ Ադրբեջանցիները Բաքվի մոտ փախստականների հսկայական ճամբարներ էին ստեղծել (դրանք, ի դեպ մինչեւ հիմա էլ կան, թեեւ ցանկության դեպքում այդ երկրի իշխանությունները հեշտությամբ կարող են լուծել փախստականների հարցը), իսկ Վրաստանի իշխանությունները փախստականներին տրամադրել էին Թբիլիսիի կենտրոնի ամենամեծ հյուրանոցը (որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, ու թբիլիսցիներն էլ չմոռանան, որ պատերազմի մեջ են): Իսկ Հայաստանի իշխանությունները, հակառակը, ամեն ինչ անում էին, որպեսզի Երեւանում պատերազմի շունչը չգգացվի (եւ որպես «երախտագիտություն» ստացան այն, որ մինչեւ հիմա այդ ժամանակները ոչ թե «պատերազմի տարիներ» են անվանում, այլ «մութ ու ցուրտ»): Այնպես որ, դեռ հարց է, թե պե՞տք է արդյոք պատերազմի շունչը բերել Երեւան։ Սերժ Սարգսյանին, օրինակ, դա ձեռնտու է. եթե երեւանցիներն ամեն օր իրենց մաշկի վրա զգան, որ սահմաններում պատերազմական վիճակ է, սոցիալական դժգոհություններ արտահայտելու հարցում ավելի զուսպ կլինեն:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930