Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյանը՝ ուսուցիչների՝ խուճապ տարածելու մասին. Անհեթեթ հայտարարություններ են

Սեպտեմբեր 30,2015 16:54

«Խաղաղ թողե՛ք մեր դպրոցները, հեռու մնացե՛ք մեր դպրոցներից»

Aravot.am-ը Կենտրոնի դպրոցներից մեկի ծնողներից  ահազանգ էր ստացել , թե ուսուցիչները, հիմնվելով ինչ-որ «ներքին հրահանգի» վրա, ծնողներին զգուշացրել են անձամբ գալ երեխաների հետեւից, անձամբ վերցնել երեխաներին դպրոցից: Եվ նույնիսկ տարրական դպրոցների երեխաներին սարսափեցրել են առեւանգողներով:

Aravot.am-ը Կրթության գիտության նախարարությունից եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունից փորձեց պարզել, թե այդ ի՞նչ «ներքին հրահանգ» է:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ասաց, որ Կրթության եւ գիտության նախարարությունը նման ահազանգ չունի, նա նշեց, որ կփորձեն ճշտել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում. «Տարօրինակ եւ անհասկանալի խոսակցություններ են գնում, որից ես ընդհանրապես տեղյակ չեմ, չգիտեմ: Դպրոցի հետ երբեք չի կապվել նման բան: Ես ինքս դրա մասին լսել եմ,  գիտեմ նաեւ, որ ոստիկանությունը հերքում ունի, եւ հասարակությունը դրա մասին գիտի, որ դրանք ոչ ճշմարիտ տեղեկություններ են: Որպես քաղաքացի ես էլ գիտեմ, ինչպես հասարակության մյուս անդամները»:

Իսկ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ասաց, որ նման խոսակցությունների մասին երբեւէ չի լսել. «Ես Ձեզնից լսեցի, նման բան չկա, Ձեզնից լսեցի, ինձ համար սա նորություն է: Մենք գլուխներս կախ մեր ուսումնական գործընթացով ենք զբաղված, դպրոցներում կա հսկողություն, մեր երկրում ընդհանրապես նման բան չկա. մենք անվտանգ երկրում ենք ապրում, մեր երեխաների պաշտպանությունը վտանգված չէ, եւ ոչ էլ իրավունքներն են վտանգված: Նման բան չկա, եւ ես չեմ ուզենա, որ ավելորդ անգամ այդ թեման բարձրացվի, մարդկանց ուշադրությունը կենտրոնացվի անհեթեթ բաների վրա: Այսօր մտածում ենք լավ բան անենք երեխաների համար, ինչի՞ մասին է խոսքը: Ես չեմ էլ ուզում ուղեղս ծանրաբեռնել, որ կարող է մի խելագարի մտքով անցնի նման բան տարածել»:

Aravot.am-ի նկատառմանը, թե ոստիկանության հերքումից հետո դպրոցի նման լուրջ կառույցում աշխատող ուսուցիչները նման հայտարարություններ են տարածում, Գայանե Սողոմոնյանն ասաց. «Ո՞վ ասաց նման բան, Դուք անպատասխանատու բաներ եք հիմա խոսում, Դուք ուսուցիչների հասցեին անպատասխանատու հայտարարություններ եք անում»:

Երբ նշեցինք, որ Մայակովսկու դպրոցից ահազանգ ենք ստացել, տիկին Սողոմոնյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ով է ձեզ ահազանգել, ուրեմն՝ սկսեք նրանից, թե ով է ահազանգում եւ պատասխանատվության ենթարկեք այն մարդուն, որն ահազանգում է: Փորձեք հանդիպել մարդուն եւ իրեն հարցը ուղղել եւ ոչ թե կրթության վարչության պետին: Ինձ համար անհեթեթ է Ձեր բարձրացրած հարցը, քիչ են մեր խնդիրները, հիմա էլ չգիտեմ ինչ անհասկանալի բաների մասին ենք խոսում: Դպրոցը դպրոց է, անվտանգ է մեր պետությունը, մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու համար մեր պետությունը հոգ է տանում, ունենք ոստիկանություն, ամեն ինչ իր տեղում է, իրենց գործառույթները բոլոր գերատեսչությունները կատարում են: Դպրոցն էլ իր գործառույթն է կատարում: Նման անհեթեթ բաներ, ես որակում եմ անհեթեթ հայտարարություններ եւ ուրախ կլինեի, որ լրատվամիջոցներն ուղղակի մի քիչ ավելի կառուցողական լինեն այս հարցերում, ոչ թե լուրը գցեն, եւ լուրի շուրջ սկսեն մի շարք խենթեր հեքիաթներ հյուսել: Խաղաղ թողե՛ք մեր դպրոցները, հեռու մնացե՛ք մեր դպրոցներից, այդ տեսակ մարդկանց հեռու պահե՛ք մեր դպրոցներից»:

Գայանե Սողոմոնյանը հրաժարվեց պատասխանել մեր այլ հարցերին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Կեցցե մեր պետությունը! աշխարհի ամանաարդար պետությունը:
    Ձոն բարեկամության, Գայանե Սողոմոնյան

    Հ.Գ. Որտեղից էք նման մտքի գիգանտներին պեղում?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930