Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը՝ խրախճանք ժանտախտի ժամին

Սեպտեմբեր 30,2015 20:01

Անահիտ Բախշյանի կարծիքով՝ մասնավոր սեկտորը իր կամքով երբեք գումար չի տա

Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե Երեւանում կանցկացվի «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարությունը՝ գունեղ, մշակութային եւ տոնական ծրագրերով լեցուն:

Նա նշել է, որ թեեւ Երեւանի քաղաքապետարանին կոչ են անում բարեգործություն կատարել, սակայն  քաղաքապետարանը դրա իրավունքը չունի: Քաղաքապետարանը իրավունք չունի նաեւ նվիրատուների կոնկրետ նպատակով տված գումարը տալ մեկ այլ նպատակի:

Aravot.am-ը Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց, թե Արամ Սուքիասյանը պատճառաբանումները արդյոք հիմնավո՞ր են, Անահիտ Բախշյանն ասաց. «Երեւանը, իհարկե՛, բարեգործական հիմնադրամ չի, բայց քաղաքացիների առաջարկությունը բարեգործական հիմնադրամին չի ուղղված, ուղղված է Երեւանի իշխանություններին եւ ասում են, որ այդ տոնի վրա ծախսվելիք գումարը սեղմեք, ոչ մեկը չի ասում տոն ընդհանրապես մի՛ արեք, Երեւանի տոնը մի՛ նշեք, բայց նշեք ավելի համեստ, ավելի ճաշակով: Այնպես որ յուրաքանչյուրի համար տոն լինի»:

Անահիտ Բախշյանը տոնակատարությունը ստեղծված իրավիճակում կազմակերպելը համարում է խրախճանք ժանտախտի ժամին: Նա նկատեց, որ քաղաքապետի հանձնարարությամբ Երեւանի վարչական շրջանները  համագործակցում են տարբեր մարզերի հետ. «Ես չգիտեմ՝ ինչ է լինում արդյունքում, բայց այն, որ քաղաքապետը դա ներկայացնում է որպես բարի կամքի դրսեւորում, դա լսում եմ գրեթե ամեն երկուշաբթի»:

Նա համարում է, որ մասնավոր սեկտորը իր կամքով երբեք գումար չի տա եւ չի ասի՝ կոնկրետ նպատակների համար ծախսեք. «Չեմ հավատում: Քաղաքապետարանը ինքը պարտադրում է՝ դու այս ինչ բանը արա, դու սա ես անելու, դու սա ես անելու, դու սրա վրա ես ծախսելու: Լսել եմ նույնիսկ, որ բենզալցակայաններին հանձնարարել է դրոշների կոթեր սարքել, այն դեպքում, երբ որ Երեւանի բյուջեն դրոշների համար գումար է հատկացնում: Մասնավոր սեկտորն ուղղորդվում է իրենց կողմից, իրենց ցուցումներով»:

Վերջում Անահիտ Բախշյանը հավելեց. «Սահմանում ժողովուրդը նեղանում է այս ամենից, եթե Երեւանի քաղաքապետը եւ քաղաքապետարանի աշխատակիցները դա հաշվի չառնեն, դա պարզապես գեղեցիկ չի, նեղանում են, խռովում են, նախանձում են ի վերջո, որ ամեն ինչ Երեւանի համար է, ամեն ինչ Երեւանում է, իսկ իրե՞նք: Հայաստանի սահմանը պահող մարդը նշանակում է՝ Երեւանն էլ է պահում: Իսկ մենք ասում ենք՝ գնա այնտեղ տառապի քեզ համար, իսկ մենք այստեղ տոն ենք անելու, ինչ ուզում ես եղիր, մենք անելու ենք: Ես հուսով էի, որ ասելիքի ինտոնացիան կփոխվի, որ գոնե ասեին այո՛, հասկանում ենք, այս կանենք, այն կանենք, տոն էլ կանենք, սա մի քիչ ուրիշ կլիներ, բայց ուղիղ կտրում են, ասում են՝ ինչ ուզում եք խոսեք, ինչ ուզում եք պահանջեք, միեւնույն է մենք այս տոնը անելու ենք, որովհետեւ դա մայրաքաղաքի պատիվն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930