Մեր մարմնամարզիկները մեդալներ նվաճում են անմխիթար պայմաններում մարզվելով

Մեր մարմնամարզիկները մեդալներ նվաճում են անմխիթար պայմաններում մարզվելով

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Վահագն Դավթյանը խոսեցին օրերս Նովոսիբիրսկում անցկացված միջազգային մրցաշարի մասնակցության եւ առաջիկա ծրագրերի մասին:

Նոր ենք վերադարձել Նովոսիբիրսկում անցկացված միջազգային մրցաշարից, որին մասնակցում էին յոթ երկրների շուրջ 120 ուժեղագույն մարմնամարզիկներ, մեր հիմնական նպատակը աշխարհի առաջնությունից (Գլազգոյում, հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը) առաջ նոր տարրերով հագեցած վարժությունները փորձելն էր: Ստացվեց: Գոհ ենք: Իհարկե, կան թերություններ: Բայց մոտ 20 օր ժամանակ ունենք եւ դրանք կշտկենք: Նովոսիբիրսկում մեր սպասելիքները մեդալների առումով ակնկալվածը գերազանցեցին: Մասնավորապես, Արթուր Դավթյանից չորս մեդալ էինք սպասում, բացի ազատ վարժություններից եւ պտտաձողից: Այդ վարժությունները մեր թույլ կողմն են, որովհետեւ գործիք չունենք: Բայց նա վեցը նվաճեց: Լավ էր: Յոթ երկիր էր մասնակցում: Մեր հիմնական մրցակիցը Ռուսաստանն էր, որի կազմում առաջին համարները չկային, երկրորդ կազմն էր մասնակցում: Բայց դա ամենեւին էլ չի նվազեցնում մեր ձեռքբերումները, քանի որ տղաները բարդ վարժություններով այնպիսի բարձր միավորներ վաստակեցին, որոնցով աշխարհի առաջնությունում մեդալների թեկնածուներ կլինեին»:

Հակոբ Սերոբյանը տեղեկացրեց, որ Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում հանդես է գալու բազմամարտում եւ հենացատկում, Վահան Դավթյանը՝ օղակներում, Հարություն Մերդինյանը՝ նժույգթափերում»:

Հարցին, թե աշխարհի առաջնությունում, որն օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի, քանի՞ ուղեգրի ակնկալիք կա եւ դրա համար ի՞նչ տեղեր պետք է զբաղեցնել, գլխավոր մարզիչը պատասխանեց. «Բազմամարտում տեղ զբաղեցնել 25 լավագույնների մեջ, իսկ առանձին գործիքների վրա մրցանակակիր դառնալ, ինչը շատ բարդ է, բայց ոչ անհնարին: Տղաներից յուրաքանչյուրը պայքարելու է հնարավորությունների առավելագույն չափով ու մինչեւ վերջ: Մենք այսօրվա դրությամբ պլանավորել ենք մեկ օլիմպիական վարկանիշ՝ Արթուր Դավթյանից, բայց եթե Վահան Դավթյանն ու Հարություն Մերդինյանն էլ հաջող հանդես գան, ավելի շատ վարկանիշ կունենանք»:

Գլխավոր մարզիչը անդրադարձավ նաեւ գույքային, ու ֆինանսական դժվար պայմաններին: Տղաները մարզվում են վաղուց իրենց դարն ապրած գործիքների վրա, հաճախ գումարներ չլինելու պատճառով լիարժեք հավաքներ չեն անցկացնում: Բայց այդ պայմաններում էլ միջազգային ասպարեզներում հաղթանակներ են գրանցում, մեդալներ նվաճում: Այդուհանդերձ, Հակոբ Սերոբյանն իր սաների հետ միասին հավաստիացրեց, որ իրենք աշխատում են անել առավելագույնը Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար: Մասնագետն ասաց նաեւ, որ ներկայումս մի քանի տաղանդավոր պատանիներ կան, որոնք ապագայում արժանիորեն կարող են փոխարինել մեր այսօրվա չեմպիոններին ու մեդալակիրներին: Բայց մարզական ղեկավարությունը պայմանները պետք է լավացնի, մարզաձեւի նկատմամբ ուշադրությունը մեծացնի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք