Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է պաշտպանվելու տարբերակը

Հոկտեմբեր 02,2015 14:00

Գուցե հուշի ՄԻՊ-ը

Տնտեսագետ Ա. Եղիազարյանի պատմությունն արդեն մի քանի ամիս է, ինչ «եթերում» է. այս ընթացքում նա արդեն 4 անգամ դիմել է դատարան, 5 անգամ Մարդու իրավունքների պաշտպանին, 12 զրպարտող հոդվածներ է հրապարակել ԲՈՀ -ի եւ իմ դեմ: Եվ դրա վերջը առայժմ չի երեւում:

Ի՞նչ է եղել իրականում. Ա. Եղիազարյանը պաշտպանել է դոկտորական աշխատանք Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մասնագիտական խորհրդում: ԲՈՀ-ը` առաջնորդվելով ՀՀ կառավարության հաստատած կանոնակարգով (որը տեղադրված է ԲՈՀ-ի պաշտոնական կայքում), Ա. Եղիազարյանի գործը ուղարկել է մասնագիտական խորհուրդ կրկնական քննարկման` ելնելով քվեարկության արդյունքներից (8 կողմ, 2 դեմ, 1 անվավեր) եւ գործում առկա նյութերից: (Նշեմ, որ ցանկացած պահի կարող ենք հրապարակել հատվածներ պաշտպանության նիստի արձանագրությունից, որոնք չեն խոսում Ա. Եղիազարյանի օգտին): Իսկ այսօր ԲՈՀ-ը որեւէ հիմք չունի կրկնական քննարկման մասին իր կարգադրությունը վերանայելու, քանի դեռ խորհրդից չի ստացել քննարկման արդյունքները: Այս պահին ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ մասնագիտական խորհուրդը չի կազմակերպում այդ քննարկումը:
Սակայն այս հարցի հետ կապված շատ զարմանալի է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը:

Ի գիտություն ասեմ, որ ԲՈՀ ուղարկված աշխատանքները լինում են լավ եւ վատ, ինչպես ամեն ինչ այս աշխարհում: Եվ եթե ուսումնասիրության արդյունքում ստացվում է, որ տվյալ աշխատանքը թերություններ ունի, ԲՈՀ-ն այն ուղարկում է մասնագիտական խորհուրդ վերամշակման պահանջով: Ասենք, որ ԲՈՀ-ը վերջին երկու տարվա ընթացքում մոտ 190 աշխատանք վերադարձրել է` նկատված թերությունները վերացնելու եւ աշխատանքը վերամշակելու պայմանով: Ասենք նաեւ, որ այդ ընթացքում մոտ 26 աշխատանք էլ մերժվել է մասնագիտական խորհուրդներում: Դա գիտական աստիճանաշնորհման համակարգի բնականոն գործունեությունն է եւ անհասկանալի է, թե ի՞նչ խախտումների մասին է խոսքը: (Ի դեպ, ԲՈՀ-ի գործընթացում խախտումների բացակայության մասին են վկայում Ա. Եղիազարյանի գործով դատարանների կայացրած որոշումները):
Եվ հանկարծ Մարդու իրավունքների պաշտպանի գրությունները` 1,2,3,4,5… եւ որոշումը` նշված խախտումներով, մեջբերում եմ. «ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով… Կոնվենցիայի 13-րդ հոդվածը… «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն… Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի ուժով… Ըստ նույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի… Սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան… Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում… Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում… Սույն հոդվածի 1-ին մասի «գ» եւ «դ» կետերով նախատեսված դեպքերում… ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ… Ըստ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի… Վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն… Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն… Օրենքի 38-րդ հոդվածի ուժով… Օրենքի 45-րդ հոդվածի համաձայն…»… ներողություն, մոռացա, կարծես այդքանը բավական չէր, մեկ էլ հանկարծ որտեղից-որտեղ հայտնվում է` «Հուսեյն Աբու Զաբայդան ընդդեմ Լեհաստանի գործով 24.07.2014թ.-ի որոշումը»:

Ի սեր բոլոր սրբերի, ես սրանից ի՞նչ հասկանամ, գուցե կոնկրետ ասվի՝ ի՞նչ է պատահել… Եթե պետք է հաստատվեն եւ լավ աշխատանքները, եւ վատերը, պաշտպանությունից սկսված, ԲՈՀ -ի գործառույթներով վերջացած, ամեն ինչ դառնում է աբսուրդ… Այդպե՞ս է, թե՞ չէ: Բայց ի՞նչ է ստացվում. վերջին 2 տարում գիտական աստիճանաշնորհման գործընթացում 200-ից ավելի անգամ խախտվել է մարդու իրավունքնե՞րը: Հիմա էլ ՄԻՊ-ի գրասենյակը հայտարարում է Ա. Սարիբեկյանի աշխատանքի մասին: Դա եղավ գո՞րծ. իսկ մնացած 198-ը՞:

Վերջին տարիներին եվրոպական երկրներում եւ Ռուսաստանում ատենախոսությունների մեջ հայտնաբերված արտագրությունների համար հետ են վերցնում վկայագրերը եւ պաշտոններից են ազատում: Թե՞ նրանք չգիտեն ինչ բան է մարդու իրավունքները:
Մի հարց պրն Անդրեասյանին, ե՞ս ում դիմեմ իմ իրավունքները պաշտպանելու համար, երբ լրագրողն առանց զգուշացնելու ձայնագրում է հեռախոսային խոսակցությունն ու հրապարակում, ընդ որում՝ ոչ գրագետ, իսկ ինքը` անզգույշ եւ անհիմն ԲՈՀ-ն անվանում է կոռումպացված կառույց: Գուցե մի օրենք էլ մատնանշվի իմ անելիքի համար:

Եվ վերջում ուզում եմ խոսքս ուղղել մեր լրագրողներին. ես ունեմ 100-ից ավելի հոդվածներ, որոնցից մոտ 40-ը հրապարակախոսություն է, այսինքն՝ ցավ ու մտահոգություն մեր երկրի այս կամ այն երեւույթի համար: Ես ինձ միշտ ինչ-որ չափով համարել եմ նաեւ լրագրող, մտածելով, որ դա մի մասնագիտություն է, որի «միսն ու արյունը» խիղճն ու բարոյականությունը պետք է լինի: Բայց ի՞նչ է ստացվում. լրագրողն ինչ ուզում է կարող է գրել՝ առանց ստուգելու փաստերը, կարող է խաբել… Ցավալի է: Այսօր մենք լավ ու ազնիվ լրագրողներ ունենք, որոնց վրա եւս տարածվում է ստեղծված իրավիճակի հետեւանքով հասարակության արձագանքը` «ի՞նչ ես բանի տեղ դնում….»: Ափսոս, հազար ափսոս…

ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

ԲՈՀ-ի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
01.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031