Բերձորցի երեխաների ձեռքի աշխատանքները նվիրված էին Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին

Բերձորցի երեխաների ձեռքի աշխատանքները նվիրված էին Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին

Մոտ 20 տարվա պատմություն ունի Բերձորում գտնվող Քաշաթաղի երկրագիտական թանգարանը, որի ցուցասրահներից մեկում ցուցադրվում են տարածքի պատմությանը վերաբերող նյութեր՝ հիմնականում հայտնաբերված վերաբնակեցման տարիներին: Պատկերասրահում ներկայացվում են հայ ժամանակակից գեղանկարիչների ու քանդակագործների հարյուրից ավելի գործեր: Փառքի սրահում Հայոց նորօրյա գոյամարտի և Մեծ Հայրենականի մասին պատմող լուսանկարներ են ու վավերագրեր, նաև՝ վերաբնակեցման տարիների պատմությունը: Թանգարանում երբեմն կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, կայանում ցուցահանդեսներ: Սկսած 1954 թվականից՝ եվրոպական մոտ 5 տասնամյակ երկրներում սեպտեմբեր ամսին կազմակերպվում են մշակութային միջոցառումներ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունում ծրագիրը գործում է 2000 թվականից՝ Արտաքին գործերի նախարարության համակարգում, իսկ 2004-ից՝ մշակույթի նախարարության: Այս ծրագիրն այս տարի անց է կացվում՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին և կրում է «Հիշատակի ժառանգություն» խորագիրը: Ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ տարբեր մշակութային օջախներում, հատկապես թանգարաններում ու պատկերասրահներում, սեպտեմբերին կայացել են հիշատակի միջոցառումներ: Քաշաթաղի երկրագիտական թանգարանի պատկերասրահում հոկտեմբերի 2-ին կայացավ Բերձորի արվեստի դպրոցի(տնօրեն՝ Արմեն Բալասանյան) դիզայնի բաժնի սաների նկարների ցուցահանդեսը՝ նվիրված մեր մեծ ցավի 100-ամյա տարելիցին: Արվեստի դպրոցի մոտ 25 սաներ՝ 9-ից 18 տարեկան,  ներկայացրել էին իրենց գործերը՝ յուրաքանչյուրը յուրովի անդրադառնալով Հայոց մեծ Եղեռնին: Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջն. դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Հայկ Դավթյանը կործանված եկեղեցի ու արյունոտ խաչ է պատկերել, խաչին սև ագռավ՝ չարի մարմնավորում: «Այդպես եմ պատկերացրել հայոց երկիրը 100 տարի առաջ», ասաց Հայկը, ով ավելի շատ սիրում է բնանկարներ նկարել ու դիմանկարներ անել: Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի 7-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Լորիս-Ռուսոն նույնպես եկեղեցի է նկարել, բայց՝ կանգուն և խնամված այգու մեջ: Հայի գոյատևելու մասին է: Բացի ներկա սաներից, ցուցահանդեսում ներկայացված էին նաև դիզայնի բաժնի նախկին սաներ, այժմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհիներ Վարսենիկ և Անահիտ Ըռքոյան քույրերի 5 գործեր՝ մանրանկարչություն, մեկ մատիտանկար՝ «Եղեռնի ճանապարհին» և ցուցահանդեսի մասին ազդարարող դիզայներական աշխատանք: Արվեստի դպրոցի դիզայնի բաժնի ուսուցչուհի Տաթև Բաբայանը տեղեկացրեց, որ այս տարի  ունի 45 սան, ովքեր սիրով են մասնակցում դասերին, նկարում: Նշեց նաև, որ դժվարությամբ են համապատասխան նյութեր ձեռք բերում: Հատկապես կա ներկի շրջանակների պակաս: Ցուցահանդեսի այցելուները հիմնականում Բերձորի դպրոցների ուսուցիչներ ու սաներն էին, ինչպես նաև՝ շրջվարչակազմի տարբեր կառույցների աշխատակիցներ, ծնողներ, հյուրեր: Երկրագիտական թանգարանի աշխատակից Մարինե Ալեքսանյանը ասաց.

-Մեծ Եղեռնի 100 ամյակի կապակցությամբ մշտապես ցուցադրվել են այդ եղեռական օրերի մասին պատկերող լուսանկարներ, իսկ այսօրվա ցուցահանդեսն արդեն խոսում է նոր կյանքի մասին, և պատահական չէ, որ հենց բերձորցի երեխաների աշխատանքներն են ցուցադրվում: Տեղեկացրեց նաև, որ ցուցահանդեսը գործելու է մի քանի օր:

 Զոհրաբ Ըռքոյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք