Շնորհավոր տոնդ, ուսուցիչ

Շնորհավոր տոնդ, ուսուցիչ

Ալեզարդ, խորշոմած աչքերով, բարձրահասակ, միշտ կոկիկ ու համեստ Աշոտ Քոչարյանին շատ հաճախ կարելի է հանդիպել` ինչպես հայրենի Էջմիածնի, այնպես էլ Երևանի փողոցներում: Զարմանալու ոչինչ չկա: Մարդն ապրում է իր բնականոն առօրյայով` Էջմիածնի Էրնեկյան հանրակրթական դպրոցից շտապում ՀՊՃՀ-ի միկրոէլեկտրոնիկայի ամբիոն: Եվ այսպես կարծես երկու մասի բաժանված`սիրով ու նվիրվածությամբ իր աշխատանքն է կատարում` մանկավարժ, գիտությունների թեկնածու, դոցենտ, պրոֆեսոր Ա.Քոչարյանը:

Վաստակաշատ մանկավարժին լարված գրաֆիկն ու աշխատանքային բարդությունները երբեք չեն խանգարում լիարժեք ապրել: Ժպտերես և բարեհամբյուր, մեղմ և բարյացակամ, համեստ և առաքինի: Այսպիսին է բոլորի սիրելին` Աշոտ Քոչարյանը: Ճարտարագետը, միևնույն ժամանակ միկրոէլեկտրոնիկայի մասնագետը, անգամ չէր էլ պատկերացնում, որ ամբողջ գործունեությունը նվիրելու է սերունդների դաստիարակման կարևոր ու պարտավորեցնող գործին: Աչքերի փայլն ու գրավիչ ժպիտն են, թե մեկ այլ բան,որ գրավում են բոլորին դեպի իր կողմը չեմ կարող ասել: Բայց այն է, որ շրջապատում բոլորն են գնահատում նրա բարությունն ու պրոֆեսիոնալ մասնագիտական հմտությունները ` հաստատ է :

Aravot.am-ը շնորհավորելով ուսուցիչ-դասախոսին տոնական օրվա առթիվ, փորձեց ավելին իմանալ` դպրոցի և բարձրագույն ուսումնական հաստատությունում աշխատելու առավելությունների և դժվարությունների մասին. «Ինքս ծնվել եմ մանկավարժների ընտանիքում: Շատ լավ հիմա հասկանում եմ այն բոլոր դժվարություններն ու խնդիրները, որ կարող է առաջանալ մասնագետի և աշակերտ-ուսանողի միջև: Բավականին տարաբնույթ գործառույթ եմ իրականացնում: Օրվա ընթացքում լինելով և ուսուցիչ ,և դասախոս. այնքան էլ դյուրին գործ չէ: Բայց ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում: Ցանկացած մարդ փորձառության շնորհիվ դառնում է ճիշտ մասնագետ: Եվ փառք Աստծո ես կարողանում եմ համատեղել`կատարելով առաջին հայացքից շատ նման,բայց բավականին տարբեր մեթոդաբանությամբ աշխատանք: Մանավանդ, երբ աշխատում ես տարբեր սերունդների հետ միաժամանակ: Ես էլ միանալով բոլոր շնորհավորանքներին կոլեգաներիս ցանկանում եմ գեղեցիկ պահերով լեցուն կյանք, և նորանոր ձեռքբերումներ»:

Մանկավարժի գործը դժվար ու պարտավորեցնող է: Բարդ է ուսուցանել, կրթել,դարձնել հասարակության լիարժեք անդամ:Կրելով ազգի մատաղ սերնդին դաստիարակողի բարդ ու պատվաբեր կոչումը` դուք ավելին եք կատարում ,քան շատ ու շատ ծնողներ իրենց երեխաների համար: Շնորհավոր տոնդ ուսուցիչ: Թող չպակասի ձեր եռանդն ու համբերությունը: Եվ թող ձեր աշակերտները լինեն մեր պետությանն ու հայրենիքին արժանի մարդիկ: Պահպանեն մարդու մարդ տեսակը`բարձր պահելով նաև ձեր անմնացորդ նվիրումն իրենց: Շնորհավոր….

ՀԱՅԿ Մագոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք