Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Երբ խաղը նույնականացնում են կյանքի հետ

Հոկտեմբեր 05,2015 16:00

«Պայքարող տեսակի» բնավորության առանձնահատկությունները

Ցանկացած մարդու մասնագիտական եւ մարդկային որակների մեջ առանձնահատուկ դեր է խաղում բնավորությունը։ Օրինակ՝ որպես բազմամյա խմբագիր, կարող եմ վկայել, որ կան հրաշալի մարդիկ, խորը գիտելիքներով, որոնք, սակայն, չեն կարող լիարժեք աշխատել մեր ոլորտում, որովհետեւ չունեն լրագրողի բնավորություն՝ ի դեպ, դա այն է, ինչն այդքան չեն սիրում քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները։ Կամ՝ դժվար չէ նկատել, որ Հայաստանի երեք նախագահները վարել են մոտավորապես նույն ներքին եւ արտաքին քաղաքականությունը, բայց տարբեր բնավորությունների տեր են, ինչն արտահայտվում է, մասնավորապես, իրենց հասցեին քննադատության հանդեպ վերաբերմունքով:

Մոտավորապես նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ անկախ իրենց գործի բնույթից՝ կան բնավորությամբ կաբինետային գիտնականներ, արտիստներ, բյուրոկրատներ, կուսակցականներ, միլիցաներ, բոմժեր եւ այլն։ Ընդ որում, ասենք, բնավորությամբ «միլիցան» կարող է աշխատել որպես իրավապաշտպան, իսկ բնավորությամբ բոմժը կարող է լինել միլիոնատեր: Բնավորության կայացման մեջ շատ բան կախված է շրջապատից, աշխարհընկալումից եւ հավակնությունների մակարդակից։ Եթե, օրինակ, մարդը ձգտում է «տիրել», «իշխել» որեւէ բանի՝ սկսած իր տան կատվից եւ վերջացրած ամբողջ աշխարհով, նա դժվար թե ունենա գրասենյակային գիտնականի բնավորություն։

Եթե մարդը բնավորությամբ «պայքարող տեսակ» է, նա անպայման կփորձի բոլոր իրավիճակներից «հաղթող» դուրս գալ՝ վստահ լինելով, որ այդ «հաղթանակը» կավելացնի նրա քաշը, կմեծացնի նշանակությունը, կբարձրացնի ինքնագնահատականը: Այդպիսի մարդը տանը սխալ տեղ դրված ափսեի պատճառով մեծագույն սկանդալ կսարքի, որովհետեւ ամեն մի իրավիճակ դիտարկում է «հաղթանակ-պարտություն» հակադրության մեջ: Եթե վեճում «վերջին խոսքը» պետք է իրենը չլինի, այլ լինի ամուսնունը, տիկնոջը կամ սկեսուրինը, ուրեմն նա «պարտվել է» եւ «հաղթել է» իր «ախոյանը»: Եթե վերջինս էլ է «պայքարող տեսակ», ուրեմն մշտական կռիվն ապահովված է: «Պայքարող տեսակները» տարածված են նաեւ համացանցում՝ եթե որեւէ ստատուսի կամ նյութի տակ 10-ից ավելի մեկնաբանություններ են, ուրեմն կարող եք գրեթե վստահ լինել, որ դրանց հիմնական մասի հեղինակները երկու հոգի են, որոնք վիճում են իրար հետ:

«Պայքարող տեսակի» ենթատեսակն է «կուսակցականը»: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ բնավորությամբ կուսակցականը կարող է ոչ մի կուսակցության անդամ չլինել եւ հակառակը՝ կան կուսակցության անդամներ կամ նույնիսկ ղեկավարներ (օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը), որոնք բնավորությամբ կուսակցական չեն: Կուսակցականի բնավորության մեջ «պայքարող տեսակին» ավելանում է նաեւ հիերարխիայի գաղափարը: Այսինքն՝ եթե հարսը կամ սկեսուրը «պայքարում են» բացառապես «իրենց հաճույքի համար», ապա կուսակցականները դա անում են նաեւ իրենց վերադասին բավարարելու նպատակով. «Հը, շեֆ, ո՞նց քսեցի դրանց»: Նայած բառապաշարի սրությունից՝ կուսակցական շեֆը կա՛մ գոհ է մնում, կա՛մ դժգոհ: Շեֆն, իհարկե, կարող է նաեւ ուղղորդել, թե հատկապես ո՛ր բառերով է պետք «թշնամուն ջախջախել»: Իսկ եթե պարզվի, որ «թշնամուդ» «ճիշտ բառերով» չես հայհոյել կամ ավելի վատ՝ նրա մասին որեւէ կիսադրական խոսք ես ասել, ուրեմն կարող ես «կուսակցական տոմսդ դնել սեղանին»:

Բնավորության այս բոլոր դրսեւորումները գալիս են, կարծում եմ, նրանից, որ «պայքարող տեսակի» մարդիկ չափից դուրս լուրջ եւ սրտին մոտ են ընդունում խաղը եւ դրա ձեւավորված խիստ պայմանական կանոնները: Ավելի ճիշտ՝ նրանք թյուրիմացաբար նույնականացնում են խաղը բուն կյանքի հետ:

Վերջում բերեմ չնույնականացնելու վառ օրինակ: Պարսկաստանի շահերից մեկը այցով գտնվում էր Անգլիայում, եւ որպես «մշակութային ծրագիր»՝ նրան հրավիրել էին ձիարշավարան՝ մրցումները դիտելու: Շահը մերժեց. «Ես առանց այդ էլ գիտեմ, որ ձիերի մի մասն ավելի արագ է վազում, քան մյուսը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Պայքարող տեսակը մարդկանց լավագույն մասն է՝ առաջ գնացող և իր ետևից տանող, չընկրկող, չհանձնվող, գործը ավարտին հասցնող և այլն… Պայքարող տեսակ լինելը լավ է բնութագրում մարդուն…
    Իսկ Դուք այդ անունով կոչում եք անբարիշտ, քյալ, կամակոր ու համառ ՝ ոչ ադեկվատ մարդկանց, լաչառ հարս ու կիսուրին, խփնված համացանցամոլին, երեսպաշտ ու երկերեսանի քաղաքական գործիչին…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031